Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐՇԱՀՈՏՈՒՄ ԵՆ ՈՌՈԳԻՉ ՋՐԱՆՑՔՆԵՐԸ

Մարտ 21,2002 00:00

ԳԱՐՇԱՀՈՏՈՒՄ ԵՆ ՈՌՈԳԻՉ ՋՐԱՆՑՔՆԵՐԸ Մեր նախնիները ի սկզբանե իմացել են հողի ու ջրի հարգը. պարարտացրել են այգիները, փորել ջրանցքներ։ Դրանցից Դալմայի ջրանցքը գործում է մինչեւ այսօր։ Ավագ սերնդի մարդիկ նույնպես ջանադրաբար են շարունակել լավ ավանդույթը։ Սովետական իշխանության տարիներին հանրապետության տարածքում գործարկվել են տասնյակ ջրատարներ։ Ներկայումս նման կառույցներ իրականացնելը երազ կարող է թվալ։ Պարզվում է, որ եղածն էլ բարեկարգ վիճակում պահելը նույնպես պատվի գործ է, որովհետեւ այն, ինչ բերում են ոռոգիչ համակարգի գլխին մեր հայրենակիցները, ոչնչով չի տարբերվում եկեղեցիները փարախի վերածած հարեւան բարբարոսների ձեռագրից։ Համոզվելու համար հեռու պետք չէ գնալ. շրջենք Երեւանից սկիզբ առած Արմավիրի ու Արտաշատի ջրանցքների ափերով՝ ստուգելու, թե արդյոք այդ կենարար երակները արժանանո՞ւմ են անհրաժեշտ հոգատարության։ Առաջին իսկ հայացքից համոզվում ես, որ մեր քաղաքացիները ոչ միայն անտարբեր են ազգային այդ արժեքին, այլեւ դրանց հետ վարվում են, ուղղակի ասենք, բարբարոսաբար։ Ուշ աշնանից մինչեւ գարնանամուտ, մինչեւ ոռոգման շրջանի սկիզբը ջրանցքները ենթարկվում են վայրենի հարձակման՝ արագորեն վերածվելով աղբատարների։ Ահա այդ հարուստ հավաքածուից (աղբի բաղադրիչներից) մի քանիսը, որոնք ջրուղին վերածել են աղբատարի՝ ավտոմեքենաների անվադողեր ու թափքեր, դիզվառելիքի տոննայանոց տարողություններ, հեղուկ քիմիկատների տակառներ, ավտովթարների զոհ դարձած ընտանի կենդանիների ու կրծողների լեշեր, ապակյա ու պոլիէթիլենային միլիոնավոր շշեր, կենցաղային ու շինարարական թափոն. դժվար է բոլորը թվարկել։ Ահա այսպիսին է վիճակը Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքների հարեւանությամբ ու Նոր Խարբերդի ամառանոցների մոտով անցնող Արտաշատի ջրանցքի հատվածում։ Պակաս գարշահոտություն չի տիրում նաեւ Արմավիրի ջրատարի հատվածներում, որն անցնում է Նոր Կիլիկիա թաղամասի հարեւանությամբ, Դալմայի այգիներով ու Մալաթիա թաղամասի կենտրոնական մասով։ Հիշյալ թաղամասի բնակիչները արդարացիորեն նշում են աղբատար մեքենաների վատ աշխատանքը։ Նշում են ու խղճները կորցրած, գիշերով… «մթության քողի տակ» մոտենում անլեզու ջրանցքին։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել