Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ

Մարտ 21,2002 00:00

ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ «Այսուհետեւ բացօթյա սրճարանների մասով քաղաքի բնակչության մեծամասնության դիմումներն այլեւս ընթացք ստանալ չեն կարող։ Ոչ թե մենք այնքան լավն ենք, որ չենք ուզում հող տալ, ուղղակի այգիների հողային ռեսուրսները սպառվել են»,- սեփական սրճարան կառուցելու ախորժակ ունեցողներին քացախ մատուցելով սկսեց իր երեկվա ասուլիսը Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Իսկ ընդհանրապես, պրն Սարգսյանի ասուլիսը միտված էր՝ պատասխանելու իր հասցեին վերջին շրջանում պարբերաբար հնչած մեղադրանքներին, քննադատություններին եւ «թունավորումներին»։ Ելնելով այն փաստից, որ «ուղղորդված արշավանքը» ծավալել են հատկապես դաշնակցական մամուլն ու ռուսալեզու թերթերը (վերջիններիս քաղաքական համակրանքներն ու հակակրանքները նույնպես խիստ որոշակի են), ասուլիսին ներկա լրագրողներից մեկը ենթադրեց, թե դաշնակները գլխավոր ճարտարապետի պաշտոնի վրա աչք ունեն։ Իսկ քանի որ, իր իսկ խոստովանությամբ, Նարեկ Սարգսյանը հենարան չունի (թեեւ ժամանակին տեսակետ կար, թե անձամբ ՀՀ նախագահն է վերջինիս «թիկունքը»), «դանակավորները» շատացել են։ Այս կամ այն չափով (երբեմն՝ խուսափուկ պատասխաններով, երբեմն՝ լղոզված, երբեմն՝ հստակ) պատասխանելով ոչ միայն իրեն ուղղված մեղադրանքներին, այլեւ ներկաների հարցերին, պրն Սարգսյանը հայտարարեց, որ այլեւս անհնար է անհենարան աշխատելը։ Իրեն պետք է հենարան, ընդ որում՝ մասնագիտական, քանի որ իր պաշտոնը, ի տարբերություն մյուս երկու փոխքաղաքապետերի, քաղաքական չէ։ Իսկ մասնագիտական հենարան կարող է լինել Ճարտարապետների միությունը։ Այնինչ, միության ղեկավարության (նաեւ՝ որոշ անդամների) եւ Նարեկ Սարգսյանի ջուրը մի առվով չի գնում. «Ցավոք, Ճարտարապետների միության ղեկավարության հետ ունենք խորքային տարաձայնություններ։ Միության նախագահ Ալբերտ Զուրաբյանը շուրջ 2 տարի անընդհատ «թՏսՏր ԸՐՎպվՌՌ» թերթում նույնաբնույթ հոդվածներ է գրում գլխավոր ճարտարապետի վերաբերյալ։ Նրա կարծիքը մի ճարտարապետի կարծիք եւ ելույթ է եւ ոչ թե՝ Ճարտարապետների միության։ Մեր հարաբերությունները խորքային պատճառներ ունեն։ Դեռ 1992-ին ընտրվել եմ Ճարտարապետների միության վարչության անդամ, 98-ին դուրս եմ եկել՝ չկիսելով վարչության քաղաքականությունը, համարել եմ, որ վարչությունը արտահայտում է ոչ թե մասնագիտության կամ ճարտարապետների շահերը, այլ մի քանի նոմենկլատուրային ճարտարապետների շահերը։ Երբ դարձա քաղաքի գլխավոր ճարտարապետը, իրականացրի այն բոլոր պահանջները, որ ուներ Ճարտարապետների միությունը վերջին 10 տարիների ընթացքում՝ մշակվի Երեւանի նոր գլխավոր հատակագիծը, գլխավոր ճարտարապետը լինի քաղաքապետի տեղակալ, գլխավոր ճարտարապետը նախագծային մոնոպոլիա չունենա, Երեւանը ունենա լուրջ քաղաքաշինական խորհուրդ, նաեւ մի քանի ծրագրեր՝ Հյուսիսային պողոտա, Հյուսիսային ճառագայթ, Գլխավոր պողոտա եւ այլն»։ Ու չնայած դրան, որոշ պատճառներով, այդ թվում նաեւ, որ քաղաքաշինական խորհրդում ճարտարապետական ինստիտուտն ունեցել է միայն մի տեղ, ճարտարապետության ֆակուլտետի նախկին դեկան Նարեկ Սարգսյանին զրկել են դասաժամերից, պետական քննությունների հանձնաժողովի նախագահի պարտականություններից։ Մի խոսքով՝ ինչպես միշտ, եւ ինչպես ամենուր՝ անձնական հարցեր, անձնական մոտեցումներ։ Արդյունքում՝ այսօր գլխավոր ճարտարապետը հայտարարում է. «Ես չեմ կարող աշխատել առանց հենարանի։ Միությունը պետք է իր վստահության քվեն տա գլխավոր ճարտարապետին։ Եվ եթե այդ քվեն չլինի, այս պայմաններում աշխատել հնարավոր չէ։ Այդ վարչության անդամները, որոնցից մեծ մասն աշխատել է իմ ղեկավարությամբ՝ ինստիտուտում, որոնք դարձել են ամբիոնի վարիչներ՝ իմ առաջարկով, կարծում եմ, մինչեւ քվեարկությունը որոշակի գնահատական կտան, նոր կորոշեն»։ Ըստ էության, գլխավոր ճարտարապետը շեշտը դրել էր իրեն հուզող խնդիրների վրա՝ հրապարակումների, իր նկատմամբ եղած ճնշումների եւ այլն։ Այնինչ, լրագրողներին ավելի շատ հուզում էին քաղաքին առնչվող հարցերը՝ բենզալցակայանները, ծառահատումները, ապօրինի շինությունները, կցակառույցները, մանսարդները։ Այս առումով պրն գլխավոր ճարտարապետի խոսքն այնքան էլ համոզիչ չէր հնչում։ Բենզալցակայանների համար հողհատկացումները նույնպես, կարծես թե, օրակարգից դուրս են գալիս՝ «Բենզակայաններ կառուցելու հայտերի հեղեղ կա քաղաքապետարանում, բայց դրանց ընթացք տալու հնարավորություն չկա, քանի որ քաղաքն, իրոք, լցված է դրանցով»։ Ինչ վերաբերում է ծառահատումներին եւ դրանց տեղը կառուցվող շինություններին, պրն Սարգսյանը նախ հիշեցրեց, թե խորհրդային տարիներին որքան են խաթարվել Օղակաձեւ զբոսայգին, Ծիծեռնակաբերդի, Նորքի անտառները, երբ քաղաքաշինական կոպիտ միջամտությամբ կառուցվել են «Առագաստ» սրճարանը, Կամերային երաժշտության, Շախմատի տները, Նորքի բնակելի զանգվածները, Մարզահամերգային պալատը եւ այլն՝ «այսօր կառուցապատումների թիվն անհամեմատ փոքր է»։ Սակայն եղածների մասին կոնկրետ հարցերի պատասխաններն այնքան էլ կոնկրետ չէին, քանի որ կա պարզագույն եւ որեւէ օրենքի չենթարկվող իրականություն՝ ոչ մի գլխավոր ճարտարապետ եւ ոչ մի քաղաքապետ չեն կարող մերժել իշխանության բարձրագույն օղակներից եկած հրամաններն ու ցանկությունները՝ «քաղաքի այսինչ անկյունում իմ տունն է լինելու, այնինչ պուրակում՝ աներոջս օբյեկտը»։ Եվ ճարտարապետը ստիպված է լինում լղոզված պատասխաններով փոքր-ինչ մեղմել տպավորությունը։ Ինչպես եղավ, օրինակ, Բաբայան փողոցին հարող տարածքում ընթացող շինության մասին տրված հարցին պատասխանելիս կամ՝ Օպերայի մոտ կառուցվող սրճարանին անդրադառնալիս։ Վերջին դեպքում, ակնհայտորեն բոլորի նյարդերի վրա ազդող կառույցի «նպատակահարմարությունը» պրն Սարգսյանը բացատրում էր հետեւյալ կերպ. «Այդ տարածքով անցնում է երկու հեղեղատար, որոնք մշտապես խցանված են եւ անձրեւաջրերը գետնի երես են դուրս գալիս։ Բացօթյա սրճարան կառուցողները պարտավորվել են իրենց հաշվին վերականգնել հեղեղատարը…»։ Խոստովանենք՝ համոզիչ չէ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել