Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ազատամարտիկներին ազատում աշխատանքից

Մարտ 21,2002 00:00

Ինչո՞ւ են ազատամարտիկներին ազատում աշխատանքից Երկրապահները՝ նոմենկլատուրայինների հարձակման գլխավոր թիրախներից մեկը 2001թ. ԵԿՄ վարչությունը երկրապահներից եւ նրանց ընտանիքների անդամներից մոտ 1500 դիմում-նամակ է ստացել, որոնց կեսից ավելին սոցիալական բովանդակության է, շուրջ 300-ը առնչվում է աշխատանքի տեղավորմանը եւ զինծառայության վերականգնմանը։ Դիմում-բողոքներից մոտ 160-ը աշխատանքային եւ այլ իրավունքների պաշտպանությանն են վերաբերում։ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) հանրապետական վարչությունում աշխատում է երկու իրավաբան, որոնց օգնությամբ էլ վարչության գրասենյակում ճշտվում եւ ստուգվում են դիմումներում բերված փաստերը եւ դրանց համապատասխան ընթացք է տրվում։ ԵԿՄ-ի իրավասությանը չպատկանող եւ անօրինական պահանջներ պարունակող դիմումներին ընթացք չի տրվում եւ բողոքարկուի պահանջը մերժվում է։ Իրավախախտումներ կատարած ազատամարտիկներից եւ նրանց հարազատներից ստացվող դիմումների մասին իրազեկ է պահվում ԵԿՄ տարածքային կազմակերպություններին, վերջիններից պահանջվում է ներկայացնել միջնորդագիր իրավախախտում թույլ տված ազատամարտիկի մասին, որն էլ ուղարկվում է դատարան։ Դատական մարմինները վճիռներ կայացնելիս մեծապես հաշվի են առնում այդ միջնորդագրերը։ Լինում են դեպքեր, երբ ազատամարտիկների ներման շնորհման միջնորդությամբ բարձրագույն ատյաններ է դիմում անձամբ ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը (այդ դեպքերը արձագանք են ստացել նաեւ հանրապետության ԶԼՄ-ներում)։ Գեներալ-լեյտենանտի միջնորդությունները սովորաբար բավարարվում են։ Այսուհանդերձ, շարքային ազատամարտիկները շարունակում են դժգոհել ոչ միայն իրենց ներկայիս սոցիալական ծանր վիճակից, այլեւ իշխանության միջին եւ ստորին օղակների կողմից իրենց ցուցաբերած վերաբերմունքից։ Եվ դա առանձնահատուկ դրսեւորում է ստացել յուրաքանչյուր մարդու համար կենսական կարեւորություն ունեցող այնպիսի հարցում, ինչպիսին աշխատանքով ապահովվածությունն է։ Ընդհանրապես պատերազմից հետո երկրապահ-ազատամարտիկներին իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքը կարելի է բաժանել հետեւյալ փուլերի։ 1994-1996թթ. նրանք հաղթանակած բանակի զինվորներ էին եւ հարգանք էին վայելում իշխանության բոլոր օղակներում. «1996թ. հանրապետության ներքաղաքական խմորումների արդյունքում սկսվեց նաեւ երկրի թաքուն ապաերկրապահացումը։ Այս երեւույթը կանգ առավ 1998-ից մինչեւ 1999թ. հոկտեմբերի ոճրագործությունը, 2000թ. կեսերից նոր թափ ստացավ եւ շարունակվում է առայսօր» («Երկրապահ» թերթ, թիվ 16)։ Հասկանալի է, որ երկրի «ապաերկրապահացմամբ» շահագրգռված են փառավորապես իրենց դիրքերը պահպանած նախկին կոմունիստական նոմենկլատուրայի ստորին եւ միջին օղակի ներկայացուցիչները։ Չմոռանանք, որ նույն այդ «ստորին նոմենկլատուրայի» ծոցից են դուրս եկել նաեւ երկրի ղեկավարության ներկայիս առաջին դեմքերը, որոնք նույն երկրապահների շնորհիվ տիրելով երկրի բարձրագույն իշխանությանը, առավել բացահայտ եւ արագ բնույթ հաղորդեցին երկրապահների չեզոքացման քաղաքականությանը։ Երկրապահները հաջողությամբ հեռացվեցին ոչ միայն վերից վար օղակներում զբաղեցրած պաշտոններից, այլեւ զանգվածաբար ազատվում են նաեւ սովորական աշխատատեղերից. «Երկրապահներին դուրս մղելու գործընթացը ոչ մասնագիտական գիտելիքներով եւ ոչ էլ աշխատել կարողանալու ունակությունով է պայմանավորված»։ Ազատամարտիկները հասարակության արտոնյալ խավ դառնալու ոչ մի մտադրություն չունեն, նրանց մտքով անգամ չի անցնում, որ նույն հասարակությունն իրենց «գլխի վրա դրած պետք է ման ածի»։ Նրանց ապշեցրել է վերջին երեք տարիների ընթացքում իրենց դեմ թաքուն եւ բացահայտ ձեւով սկսված խաչակրաց արշավանքը։ Ո՞ր մեղքի համար են իրենց ազատում աշխատանքից, զրկում մի կտոր հաց վաստակելու իրավունքից։ Որ միամիտ ու «հարիֆ» մարդիկ են եղել եւ գնացել են հայրենիք պաշտպանելո՞ւ, պետություն կայացնելու եւ հզորացնելո՞ւ։ Փաստ է, որ նախկին կոմնոմենկլատուրան վերստին իր ձեռքն է վերցրել հանրապետության վերից վար իշխանության բոլոր օղակները։ Հասկանալի է նաեւ, թե ինչու նրանց հարձակման գլխավոր թիրախներից մեկն է դարձել երկրապահական կառույցը։ ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել