Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՐԴԵՆ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ ԵՄ ՄՆԱՑԵԼ»

Մարտ 21,2002 00:00

«ԵՍ ԱՐԴԵՆ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ ԵՄ ՄՆԱՑԵԼ» Ասում է ամբաստանյալ Վռամ Գալստյանը Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը երեկ հայտարարություն արեց, որ ինքն առողջ է եւ եթե իր հետ որեւէ բան պատահի… Նա հորդորեց ներկայիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որ հրաժարական տա… Այս ամբաստանյալը, մոռանալով իր կարգավիճակը, գնալով ավելի ցինիկ է դառնում։ Նրան, չգիտես ինչու, այնպես է թվում, թե ինքն է այս պետությունում ինչ-որ հարցեր լուծում։ Նա ներշնչել է իրեն, թե ինքն ազդում է երկրում կատարվող զարգացումների վրա, չնայած, ի՞նչ իմանաս, առջեւում ՀՀ նախագահի ընտրություններն են, եւ ամբաստանյալը հանկարծ ու որոշի հանդուրժողականության ներկայիս վիճակը լավագույնս հաշվի առնելով… իր թեկնածությունն առաջադրել։ Ոչինչ այլեւս չեն զարմացնում մեզ, ինչպես չի զարմացնում «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վարքագծի դրսեւորումները Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ Ամբաստանյալները դատարանին «խորիմաստորեն» խոստանում են, թե կգա ժամանակը եւ իրենք ամեն ինչ կասեն, սակայն ճշտել, թե երբ է այդ ժամանակը գալու, նրանք ակնհայտորեն մանեւրում էին։ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը՝ պատասխանելով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցին, թե «արդյունքում դուք ձեզ խաբված զգո՞ւմ եք», ասաց. «Իհարկե, Նաիրիի կողմից եմ խաբված։ Դա ակնհայտ երեւում է։ Իմ կարծիքով, դատարանը որակավորումը կտա»։ Եղավ մի պահ, որ ամբաստանյալը նույնիսկ չկարեւորեց գործողությունների ժամանակային զարգացումները, պատասխանելով պատկերավոր. «Ի՞նչ կապ ունի մեկ ժամ առա՞ջ, թե՞ հետո, երբ ես անձրեւի տակ եմ մնացել»։ Երեկվա հարցաքննության արդյունքում պարզվեց, որ Դաշնակցությունում նրա կնքահայրը եղել է կանադահայ Կիրո Մանոյանը։ Պարզվեց նաեւ, որ ամբաստանյալը տեղյակ չի եղել, որ իր քրոջ որդին առնչություն է ունեցել խորհրդային ՊԱԿ-ի հետ։ Եվ երբ մեղադրողը հարցրեց, թե այսօր այդ իմանալով փոխվո՞ւմ է կարծիքը ամբաստանյալ Ն. Հունանյանի նկատմամբ, քեռին՝ Վռամ Գալստյանը, պատասխանեց. «Ես երբեք նրա մասին վատ կարծիք չեմ ունեցել։ Դեպքից հետո է փոխվել կարծիքս»։ Ամբաստանյալը խոստացավ, որ հարցեր կտա իր քրոջորդուն, երբ ժամանակը կգա։ Նա հայտնեց, որ ժամանակին դիմել է մեկուսարանի ադմինիստրացիային, պահանջել առերես քննություն, ինչը չի արվել։ Ամբաստանյալը բավական «լուրջ» վերաբերվեց իրենց խումբ համարելու մտայնությանը, ինչպես նաեւ ինչ-որ ուժերի հետ համագործակցելուն։ «Ես չէի ասի խումբ,- շարունակեց նա,- գոնե մի անգամ կնստեինք միասին, կգայինք ընդհանուր գաղափարի»։ Ինչ վերաբերում է արտաքին օգնությանը, նա ասաց. «Եթե ես իմանայի, որ ինչ-որ ուժեր կլինեին, առաջինը ես չէի մասնակցի «Հոկտեմբերի 27»-ին»։ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը երեկ կասկածի ենթարկեց ԱԺ-ում նկարահանումները, զարմացավ, որ տեսախցիկով կարող են նկարել ամեն ինչ, անգամ ԱԺ դահլիճի վերջնամասը, ուր գտնվել էր նա։ «Կամերան չէր կարող այդ դուռը նկարել։ Իմ դահլիճ մտնելուց հետո գիտեի, որ կամերաներն անջատած էին»։ Հետաքրքիր է, որ Հունանյանների քեռին ընդհանրապես բացառեց կրակահերթերը։ Նա բացառեց, որ իր քրոջորդիները հայհոյել են, ասելով, որ հայհոյանք ընդհանրապես չի եղել։ Տեղեկացնենք, որ «Հոկտեմբերի 27» քրգործով 7 ամբաստանյալներից միայն 4-ն ունեն պաշտպաններ. ամբաստանյալներ Աշոտ Կնյազյանը (Մարուսյա Չիլինգարյան), Համլետ Ստեփանյանը (Աղասի Աթաբեկյան), Էդիկ Գրիգորյանը (Կարո Աղաջանյան), Նաիրի Հունանյանը (Բենիամին Մինասյան)։ Ի դեպ, երեկ դատարանում էր գտնվում Հայաստանի փաստաբանների միության նախագահ Մ. Փիլիպոսյանը, որը դարձյալ խոստացավ, որ պետպատվերի կարգով այս գործով ներգրավված պաշտպանների վարձատրության հարցը կկարգավորվի, քանի որ դիմել է ֆինանսների նախարարությանը։ Նկատենք, որ փաստաբաններն առհասարակ գործում են «Փաստաբանների գործունեության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, եւ մտահոգիչ է այն, որ փաստաբանների գործունեությունը վերածվում է «էլիտար եւ ստորին» զբաղմունքի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել