Ոչ միտումնավոր, բայց անկազմակերպ Ներկայումս զինծառայողների եւ նրանց ծնողների միջեւ կապը կոորդինացնող մի քանի կազմակերպություն է գործում Երեւանում։ «Անի», «Զինվորի մայր», «Բազե»՝ թվարկվածը ամբողջը չէ։ Ծառայության այս տեսակը կազմավորման գործընթացի մեջ է եւ ճիշտ կլիներ, որ արժանանար պաշտպանության նախարարության ուշադրությանը։ «Բազեն» վերջին մեկ տարվա ընթացքում վերակազմավորվել է եւ նույն տարածքում այժմ գործում է «Զինվորի ծնող» համահայկական հիմնադրամը։ Այստեղ ծառայությունն իրականացվում է ծնողների վճարումների միջոցով։ Նրանցից յուրաքանչյուրը ամսական վճարում է 200 դրամ անդամավճար, իսկ նամակների ու ծանրոցների համար՝ առանձին (1 կգ՝ 500 դր)։ Ողջ Հայաստանի տարածքում գործում է 36 մասնաճյուղ։ Նրանք համագործակցում են մոտավորապես 5000 ծնողների հետ (սրանք գրասենյակի տվյալներն են)։ Ունեն 80 աշխատակիցներ, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով։ Քանի որ այսօր Ղարաբաղում ծառայում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց ծնողները չունեն միջոցներ այցելելու իրենց զավակներին, այս կազմակերպության աշխատանքը կարող է արդյունավետ լինել։ Սակայն հարցն այն է, որ զուտ կազմակերպչական առումով բավական ծավալուն այս աշխատանքը մինչեւ այսօր արվել է սիրողական մակարդակով, որն էլ տեղիք է տվել բողոքների։ Ուշացրել են գումարների, ծանրոցների առաքումը, նաեւ ոչ ճիշտ ինֆորմացիայի պատճառով առաջացել են մի շարք դժգոհություններ։ Մեր այցելությունը Ղարաբաղ նաեւ այդ նպատակն ուներ՝ պարզելու մեզ հասած բողոքների պատճառը եւ ճշտելու իրականությունը։ Արդյոք կազմակերպության կողմից առկա՞ են յուրացման կամ դիտավորյալ չհանձնման դեպքեր։ Ի վերջո, յուրաքանչյուր ծնողի (որն այս դեպքում պատվիրատուն է) իրավամբ հետաքրքրում է՝ ի՞նչ է տեղի ունենում եւ ինչո՞ւ առաքումը չի հասնում հասցեատիրոջը։ Այցի ընթացքում պարզվեց, որ ուղարկվածը, այնուամենայնիվ, տեղ հասնում է, սակայն մեկ ամիս կամ ավելի ուշացումով, որը միտումնավոր չի արվում։ Պատճառը, թերեւս, աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպումն է, որը պարզապես սիրողական բնույթ է կրում։ Ի դեպ, տեղի մարզային կառույցներն էլ, որոնց հետ համագործակցում է կազմակերպությունը, ցանկանում են կենտրոնի հետ ավելի սերտ աշխատել, որպեսզի ե՛ւ համագործակցությունը, ե՛ւ աշխատանքը ավելի արդյունավետ լինեն։ Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Վաչիկ Հարությունյանը, մարտից ուժի մեջ է մտնելու իրենց պայմանավորվածությունը պաշտպանության նախարարության սոցվարչության հետ եւ աշխատանքները ծավալվելու են համատեղ մշակված ծրագրով։ Այս դեպքում խոստանում են նվազագույնի հասցնել վրիպումները եւ նախատեսվում է հիմնականում կենտրոնանալ հեռախոսային կապն ապահովելու վրա, մշակել կտրոնային համակարգ։ Ինչքանով իրականություն կդառնան նախատեսված ծրագրերը, ցույց կտա ժամանակը։ Աշխատանքը բավական բարդ է եւ գեղեցիկ խոսքերն ու վառ երեւակայությունը բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ