Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՉԻ

Մարտ 21,2002 00:00

ԷԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՉԻ Մասնավորեցում երեւույթը մեր երկրում անհասկանալի ընկալումներ ունի։ Իսկ ընդհանրապես, տնտեսագիտությունը ենթադրում է, որ ապապետականացվող օբյեկտը, ոլորտը դրանից հետո պետք է զարգանան, համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին, իսկ ամենաքիչը՝ եղածը պահպանվի։ Բայց մասնավորեցման շատ օրինակներ արդեն վկայել են, որ տրամաբանության հետ գործ չունեն։ Իսկ «ԱրմենՏելի» մասին շատ է գրվել, եւ թվում էր, էլ զարմանալու բան չկա. ինչից հնարավոր է, այս ընկերությունը փող է «քամում», ինչքան հնարավոր է՝ քիչ «նեղություն քաշելով»։ Քիչ «նեղություն քաշելու» մղումով էլ վերջերս «ԱրմենՏելը» «ձեռ քաշեց» լարային ռադիոյից՝ ոչ դրա օգուտն եմ ուզում, ոչ վնասը։ Պարզ է, որ ցանցը խիստ քայքայված է եւ վերականգնելու համար բավականին մեծ նյութաաշխատանքային միջոցներ է պահանջում։ Իսկ եթե նկատի ունենանք, որ 1999-ից ռադիոհաղորդումները հեռարձակվում են ոչ միայն լարային, այլ նաեւ եթերային եղանակով, ապա ճյուղն, ակնհայտորեն, եկամտաբեր չէ։ Օրինակ, «ԱրմենՏելի» գնահատմամբ, ցանցը սպասարկելու եւ պահպանելու համար ընկերությունը տարեկան 25 մլն դրամի վնաս է կրում։ Այդ վնասը չկրելու համար տրանսպորտի եւ կապի նախարարությունը գրավոր տեղեկացրեց, որ այսուհետեւ չի պատրաստվում շարունակել ցանցի սպասարկումը։ Անսպասելին այն էր, որ վերահսկող մարմինը՝ նախարարությունը գրեթե չարձագանքեց կամ պասիվ արձագանքեց «ԱրմենՏելի» այս քայլին, որովհետեւ, մասնագետների գնահատմամբ, լարային ռադիոն, ի տարբերություն եթերայինի, կիսապատերազմական վիճակում գտնվող մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի. եթերային ռադիոյի, հեռուստաընկերությունների աշխատանքն ավելի հեշտությամբ կարելի է խափանել կամ հետեւել հաղորդումներին։ Պարզվում է, նախարարությունը հնարավորություն չունի «ԱրմենՏելին» պարտադրել, «շնորհիվ» հմուտ կազմված պայմանագրի։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ Գրիշա Սաղյանի մեկնաբանությամբ. «ԱրմենՏելը» Հայաստանի տարածքում աշխատում է՝ ղեկավարվելով «Հեռահաղորդակցման մասին» օրենքով, թիվ 60 լիցենզիայով, հեռախոսակապի մատուցման կանոններով եւ այլն։ Ոչ մի փաստաթղթում լարային ռադիոյի վերաբերյալ որեւէ տեղեկություն նշված չէ, եւ ըստ դրանց՝ «ԱրմենՏելը» լարային ռադիոյի ծառայություններ մատուցելու որեւէ պարտականություն չունի»։ Բայց պրն Սաղյանը ընդունում է, որ լարային ռադիոն հուսալի, վստահելի միջոց է, որը թույլ է տալիս նույնիսկ մարտկոցներ չունենալով տեղեկատվություն ստանալ։ Այսպիսով, լարային ռադիոն մենաշնորհային «օբյեկտ» չէ, ուստի պետությունը կարող է այդ գործով ինքը զբաղվել կամ որեւէ ընկերության վստահել։ «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ Գ. Սաղյանը հայտնեց. «Այն կազմակերպությունները, որոնք նպատակահարմար են գտնում եւ հնարավորություն ունեն մատուցել լարային ռադիոյի ծառայությունները՝ կարող են դա անել։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հարցի քննարկման համար խորհրդակցություն է հրավիրել»։ Պարզապես առաջ է գալիս նպատակահարմարության խնդիրը։ Աչքաչափով՝ լարային ռադիոն Հայաստանում, գովազդային շուկայի այս պայմաններում միայն (95%-ով) ծախս է ենթադրում։ Այսինքն, որեւէ կազմակերպություն, տնտեսվարող սուբյեկտ խելքը չի թռցնի ու «լարային ռադիոյի բիզնես» չի սկսի։ Բայց ըստ Գրիշա Սաղյանի, «այդպես չի կարելի ասել։ Տարբեր կազմակերպությունների, անհատ ձեռներեցների կողմից առաջարկություններ են ստացվել, համաձայն որոնց, պատրաստ են մատուցել այդ ծառայությունները», սրան դժվարությամբ կարելի է հավատալ, հատկապես, եթե չի նշվում, թե որ տնտեսվարողներն են դրանք։ Իսկ ներդրվելիք նյութական միջոցներն ու դրանց վերադարձելիությո՞ւնը։ Վարչության պետի տեղակալի մեկնաբանությամբ, «ցանկացած ծառայություն, որը ենթադրում է մեծ ճյուղավորված ցանցի առկայություն, թույլ է տալիս ակնկալել, որ այդ ցանցը երեւի հնարավոր է օգտագործել ոչ միայն լարային ռադիոյի համար»։ Ուրիշ ինչի՞ համար՝ «դժվարանում եմ ասել»։ Ուրեմն, հրաժեշտ՝ լարային ռադիոյի ռազմավարական ցանցին։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել