Վարչապետի աթոռի վրա աչք կա Մինչ կառավարության թիվ մեկ դեմքը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իր արբանյակների հետ զմայլվում է մեքսիկական բնությամբ, կամ էլ երեւի զբաղված է հերթական տափակ բազմասերիանոց ֆիլմ-շոկոթերապիան գնելու եւ հայ ժողովրդին հասցնելու հոգսերով, «անտեր» մնացած կառավարությունում իրեն տեր ու տիրական է զգում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը։ Վերջինս երեկ այնքան անթաքույց էր իրեն վարչապետացու զգում, որ առանց անհարմար զգալու՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նստեց Անդրանիկ Մարգարյանի աթոռին։ Ընդհանրապես, Հովիկ Աբրահամյանի երեկվա ինքնագոհ պահվածքը կարծես ապացուցեց մեր կասկածները, նաեւ՝ պտտվող լուրերն այն մասին, թե Հովիկ Աբրահամյանը համապատասխան ֆինանսական հիմք է նախապատրաստում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավի համար, փոխարենը՝ ակնկալելով վարչապետի աթոռը։ Թեպետ կառավարությանը հարցեր ուղղելը մոլախաղ չէ, բայց համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի բախտը կրկին չբերեց։ Ընդամենը մեկ հարց հնչեց, որին ի պաշտոնե պետք է համակարգող նախարարը պատասխաներ։ Հնարավորությունը տվեց կոմունիստ Նորիկ Պետրոսյանը։ Վերջինի հարցին պատասխանելով, համակարգող նախարարը սկսեց ոչ ավել, ոչ պակաս՝ «հանրապետության նախագահի հանձնարարությամբ» բառերով։ Կոնկրետ հարցին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ առանձնապես հակված չենք մտածել, թե կառավարությանն ուղղված հարցերը եւ դրանց պատասխանները կոնկրետ հարց են լուծում։ Հիմնականում դրանք արվում են հերթական ինքնացուցադրման համար, լինում են, իհարկե, նաեւ երջանիկ բացառություններ, Վիկտոր Դալլաքյանն, օրինակ, կրկնելով իր նախորդ օրվա հայտարարությունը՝ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ Վրաստանում ԱՄՆ զորքերի տեղակայման վերաբերյալ, կոնկրետ առաջարկ արեց խորհրդարանական փակ լսումներ անցկացնելու մասին եւ ճարպկորեն ստացավ կառավարության համաձայնությունը՝ հանձին կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Մանուկ Թոփուզյանի պատասխանի։ Արշակ Սադոյանին պարզապես զարմացրել էր, որ քաղաքում ավտոմեքենաներն անչափ շատացել են. «Ներմուծվող ավտոմեքենաների ո՞ր մասն է Ավտոտեսչության եւ հարկային մարմինների կողմից գրանցված»։ Կամ էլ՝ էդ ո՞նց է լինում, որ թեպետ մեքենաների թիվն ավելանում է, բենզինի սպառման մակարդակն ընկնում է. «Արդյո՞ք սա ստվերայնություն չի, որի դեմ չի կարողանում պայքարել մեր կառավարությունը, կամ չի ուզում պայքարել»։ Պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը միայն մի բան կարողացավ ասել՝ կառավարության յուրաքանչյուր որոշում ուղղված է ստվերայնության դեմ։ Ու կրկին աչքներս խոթեց «տնտեսության որոշակի աճը 2001 թվականին եւ ընդհանուր հարկային ու մաքսային եկամուտների աճը»։ Վերջում հավելենք, որ կառավարությունը կրկնակի «անգլուխ» էր, քանի որ երեկ բացակայում էր նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, փոխարենը՝ ԱԱ նախարարը բավականին «զբաղված» էր եւ նույնիսկ հարցերի կեսից դուրս եկավ միջանցք։ Մյուս նախարարները (համենայնդեպս՝ մի մասը) հարցերին պատասխանելուց հետո փորձում էին որսալ համակարգող նախարարի հայացքը. երեւի ուզում էին հավաստել, որ ճիշտ են համակարգվել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ