Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂՆԵ՞Ր ԿԱՆ

Մարտ 21,2002 00:00

ԱԺ-ՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂՆԵ՞Ր ԿԱՆ «Մի հատ էլ տորթ չվերցնե՞նք՝ գնանք-տեսնենք՝ հո Նաիրի Հունանյանին չե՞ն ծեծել»,- ասել էր «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Նապոլեոն Ազիզյանն իր գործընկերներին՝ արձագանքելով նիստին ներկա «Հայաստան» խմբի անդամների դժգոհությանը։ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը մինչեւ խմբի այլ անդամների հետ երկուշաբթի «27»-ի հանձնաժողովի նիստին այցելելը եւ նրանց դեմ առ դեմ իրենց դժգոհությունները հայտնելը, տարբեր լրատվամիջոցներով («Ա1+», «Տարեգիր») արդեն իսկ ասել էր, որ այդ «հանձնաժողովի որոշ անդամներ այսօր կարծես թե ոճրագործներին հովանավորելու դեր են ստանձնել, այնինչ խորհրդարանն իրենց առջեւ բոլորովին էլ այդ խնդիրը չի դրել»։ Մյասնիկ Մալխասյանը մասնավորեցրել էր, թե հանձնաժողովը ստեղծելու նպատակը Նաիրի Հունանյանին կամ Նաիրի Բադալյանին ծեծել-չծեծելը պարզելը չէր. «Խնդիր էր դրված ուսումնասիրելու՝ արդյոք ԱԱՆ մեկուսարանում ոճրագործներին խորհրդատվություն տրվո՞ւմ է, կամ նրանք այնտեղ պահվո՞ւմ են ինչպես հարկն ու կարգն է։ Սակայն հանձնաժողովը, կարծես թե, դրանց մասին մոռացել է, եւ չգիտեմ ում կողմից ինչ հանձնարարություններ է փորձում կատարել, որը խայտառակություն է եւ ամոթալի վերաբերմունք է ԱԺ-ին։ Հանձնաժողովը, կարծում եմ, օր առաջ պետք է դադարեցնի իր լիազորությունները»։ Որ ամբաստանյալների պահման օրինականությունն այժմ էլ խնդրահարույց է՝ վկայում է թեկուզ այն, որ Նաիրի Հունանյանի նամակն անհասկանալի ճանապարհով հասնում է նրա հորը, եւ նա էլ տրամադրում է այն մամուլին։ Սակայն «27»-ի հանձնաժողովի միայն փոքր հատվածին է, որ հետաքրքրում են նման հարցերը. մնացածներն առավել շահագրգիռ են ապացույցներ որոնելու, որ հաստատվի, թե նախկին մեղադրյալներին ծեծել են։ Սակայն տեսնենք, թե «Հայաստան» խմբի մեղադրանք-կշտամբանքներին ինչպե՞ս են վերաբերվում հանձնաժողովի անդամները։ ՀԺԿ-ն հանձնաժողովում ներկայացնող Գրիգոր Հարությունյանն ասաց. «Կշտամբանքը տեղին չեմ համարում։ Ընդհանրապես, իմաստ չեմ տեսնում միջամտությունների»։ Այսինքն, համարում է, որ երկրապահ պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստին եւ հայտարարությունները միջամտությո՞ւն էին. «Ո՛չ, պատգամավորները կարող էին մասնակցել։ Իրենք են ընտրել՝ կարող են եւ տարբեր հարցադրումներ անել մեր գործունեության առնչությամբ։ Բայց այդ մեղադրանքը չեմ ընդունում, որ հանձնաժողովը շեղվել է, իր գործով չի զբաղվում»։ Նաեւ, որ հանձնաժողովի որոշ անդամներ ահաբեկիչներին հովանավորելու դե՞ր են ստանձնել. «Չէի ասի։ Կան, իհարկե, տարբեր կարծիքներ։ Բացի այդ՝ կարեւոր պահ կա ճշտելու։ Երբ ստեղծեցինք հանձնաժողովը՝ կոչով դիմեցինք ազգաբնակչությանը, որ ով ինչ տեղեկատվություն ունի՝ կարող է հայտնել մեր հանձնաժողովին։ Փաստորեն, այդ կոչին արձագանքելով, Նաիրի Բադալյանը եւ Հարություն Հարությունյանը դիմեցին եւ հայտնեցին իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին։ Պարտավոր էինք ուսումնասիրել նրանց հայտարարությունները։ Չի կարելի դա որակել իբրեւ հովանավորություն»։ ՀԿԿ-ն հանձնաժողովում ներկայացնող Խորեն Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե համաձա՞յն է, որ վերջերս իրենք առավել պաշտպանում են ոչ թե հոկտեմբերի 27-ին ստորացված պատգամավորներին, այլ այս գործով մեղադրվածներին, ասաց. «Ե՛վ այո, ե՛ւ ոչ։ Ցավոք, հանձնաժողովի աշխատանքներն այնպես չընթացան, ինչպես նախաձեռնվել էր։ Եվ նախաձեռնողները դրա համար չպայքարեցին, որ պարզվեն այն հարցերը, ինչի համար եւ ցանկանում էինք, որ ստեղծվի այս հանձնաժողովը. մեր խնդիրն էր պարզել՝ այս ոճրագործներն ուղղորդվո՞ւմ են, թե՞ հետաքրքրվել՝ ծեծել են, թե ոչ։ ԱԺ-ի որոշման համաձայն, մենք պիտի պարզեինք, թե մեկուսարանում նրանք ինչպե՞ս են պահպանվում կամ արդյոք նրանց ցույց տրվո՞ւմ է իրավական օգնություն։ Մեզ մեղադրում էին, ամեն մեկիս էլ մի տեղ «նշանակեցին»՝ մեկը զուգարանի մոտ պիտի կանգներ, մյուսը՝ դռանը պահակ։ Բայց այդ նույն մեղադրողները հետո իրենք սկսեցին պնդել, թե պիտի գնանք ու համոզվենք՝ ծեծել են կամ ոչ։ Եվ նրանց այդ առաջարկությունները քվեարկությամբ միշտ անցնում էին։ Միայն վերջին նիստում կարողացանք պնդել, որ պետք չէ գնալ»։ Խորեն Սարգսյանը մի հանգամանքի վրա էլ ուշադրություն հրավիրեց, որ երբ ինքը դեռ շատ վաղուց առաջարկում էր լսել ԱԺ բժշկուհուն եւ բուժքրոջը կամ հետո ԱՄՆ հեռացած լրագրող վկային՝ իրեն առարկում էին, թե նման լիազորություն չունեն. «Բայց հետաքրքիրն այն է, որ երբ խոսքն արդեն նախկին մեղադրյալներին լսելու մասին է, պարզվում է, որ ունենք նման իրավասություններ։ Կամ գնում ենք մի բանտ, նախօրոք գիտենք, որ այնտեղ «27»-ի հանցագործների հետ նստած մի մարդ կա։ Բայց հանկարծ պարզվում է, որ ինչ-որ երկրորդն էլ կա, որի անունն անգամ չկա մեր ցուցակում։ Եվ մենք էլի՛ իրավունք ունենք նրա հետ խոսելու»։ Ներկայացնենք նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանի մեկնաբանությունը «Հայաստան» խմբի ղեկավարի այն դիտարկման առնչությամբ, թե հանձնաժողովը նպատակ է դարձրել Նաիրի Հունանյանին եւ Նաիրի Բադալյանին ծեծել-չծեծելը պարզելը. «Բայց ես չեմ հիշում հանձնաժողովի մի նիստ, որի ընթացքում խոսք եղած լինի Նաիրի Հունանյանի կամ այդ հանցախմբից որեւէ մեկի մասին, որ սա հնարավոր լիներ դիտարկել իբրեւ հովանավորություն»։ Պրն Գրիգորյանին սակայն հիշեցրինք, որ հենց Նաիրի Հունանյանը դատարանում որոշ տվյալներ ներկայացրեց իր հարցաքննությունների օրերի եւ քննչական գործողություններ կատարելու համար իրեն մեկուսարանից տեղափոխելու պահանջագրերի անհամապատասխանությունների վերաբերյալ՝ Կիմ Բալայանը «27»-ի հանձնաժողովի նիստում անմիջապես առաջարկեց քննարկման առարկա դարձնել այդ տվյալները։ «Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է ինչ-որ առաջարկ անել, եւ այդ հարցը կքննարկվի նիստում,- ասաց Վահագն Գրիգորյանը։- Բայց չեմ կարծում, թե այստեղ Նաիրի Հունանյանին հովանավորելու որեւէ միտում կա»։ Ինչ վերաբերում է Նաիրի Բադալյանին. նույն երկուշաբթի, երբ տեղի ունեցավ հանձնաժողովի նիստը, Վռամ Գալստյանը դատարանում, առանց որեւէ ճնշման կամ բռնության, ցուցմունք էր տալիս, թե Բադալյանը Նաիրի Հունանյանի հետ գտնվել է ԱԺ նիստերի դահլիճին հարակից կարմիր նախասրահում։ Մինչդեռ իր նախաքննական բոլոր ցուցմունքներում Նաիրի Բադալյանը միշտ նշել է, թե այդ նախասրահ չի հասել եւ դահլիճ տանող աստիճանների ներքեւում է բաժանվել Հունանյանից։ «Բա որ հանկարծ վաղը պարզվի, որ Նաիրի Բադալյանն իսկապես հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապ ունի, ի՞նչ եք անելու, ո՞նց եք նայելու ժողովրդի երեսին»,- հանձնաժողովականներին հարցրել էր Մյասնիկ Մալխասյանը։ «Ես դեռ նախորդ նիստում եմ ասել, որ մեր հանձնաժողովի անդամները չպիտի հանդես գան որպես քննիչներ եւ պիտի աշխատեն իրենց լիազորությունների շրջանակում։ Մենք կարող ենք հանդիպումներ ունենալ ուղղակի լսելու համար եւ դրանից հետո հայտնել մեր կարծիքը,- ասաց Վահագն Գրիգորյանը։- Եվ մեր նիստերի ընթացքում երբեւիցե որպես վերջնական եզրակացություն չի հայտարարվել, թե եղել են խոշտանգումներ։ Ուղղակի պատգամավորները հրապարակել են հանդիպումներից իրենց գրառումները, բայց հանձնաժողովի նիստում դեռ չի քննարկվել՝ եղե՞լ են խոշտանգումներ, թե՞ ոչ»։ Դրա անհրաժեշտությունն այլեւս չկա էլ, քանզի Հարություն Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի հայտարարությունների հիման վրա արդեն իսկ հարուցված է քրեական գործ։ Եվ բազմակողմանի քննությամբ (այլ ոչ թե միայն նախկին մեղադրյալներին ու ներկա կալանավորներին լսելով) կարող է պատասխան տրվել բռնությունների վերաբերյալ չարչրկված հարցադրմանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել