ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ ընթացող մինչդատական վարույթում դատական վերահսկողություն իրականացնելու նպատակով հրավիրված դատական նիստը դռնփակ անցավ: «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբանների նախաձեռնությամբ քննարկվում էր վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին եւ երկու այլ որոշումների օրինականությունը: Թերեւս, հաշվի առնելով դատարանի կայացնելիք մերժողական որոշման անխուսափելիությունն ու դրա համար բավարար հիմնավորումների բացակայության հանգամանքը, դատավորը որոշեց ներկաներին դահլիճից դուրս հրավիրել՝ մինչեւ դատարանի որոշման հրապարակումը: Ակնհայտ էր՝ քաղաքական գործիչներով, լրագրողներով ու, պարզապես, թերթի ընթերցողներով լեփ-լեցուն դահլիճը բողոքի քննարկման արանքում դատարանի կամ մեղադրողի որեւէ ակնհայտ անհիմն հայտարարություն կարող էր «մատի փաթաթան» դարձնել: Որոշվեց խուսափել ավելորդ գլխացավանքից: Իսկ մինչ այդ, դատավորը, ի պատասխան փաստաբանների, պարզաբանեց, որ դատական նիստի դռնփակ լինելն անհրաժեշտություն է՝ նկատի ունենալով նախաքննական գաղտնիք պարունակող նյութերի հրապարակման հնարավորությունը: Հիմնավորումն ավելի քան անհեթեթ էր, որովհետեւ, ըստ էության, նախաքննական ոչ մի գաղտնիք էլ չկա՝ կա հրապարակում, այդ առնչությամբ խմբագրի բացատրությունները եւ բողոքող կողմի հայտնի բողոքը: Որեւէ վկա այս գործում չկար, որի ցուցմունքների գաղտնիությամբ հնարավոր լիներ հիմնավորել «նախաքննության գաղտնիքի» հրապարակման մասին դատավորի մտահոգությունը: Այդուհանդերձ, դատախազության ներկայացուցիչ Պերճ Տեր-Հարությունյանը, որն արդեն մեկ անգամ առիթ էր ունեցել Ն.Փաշինյանին մեղադրել քրհանցագործության մեջ, լրագրողների համար պարզաբանեց. «Կան նախաքննական նյութեր, որոնց հրապարակումը չի թույլատրվում բաց անել: Որոշումների ստուգման փուլ է, եւ կարող էին հրապարակվել քրեական գործի նյութեր, որոնք չի թույլատրվում»: Փաստաբանների պնդմամբ, ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են այն բոլոր դեպքերը, երբ դատական նիստը կարող է դռնփակ լինել: Դատավորն իր հերթին ճշտեց, որ դա այնքան էլ դատական նիստ չէ, բայց իր որոշումը հիմնավորեց օրենսդրությամբ ամրագրված հենց այն հոդվածներով, որոնք վերաբերում են դատաքննությանը: Հակափաստարկները լսելուց հետո, դատավորը, այնուամենայնիվ, հայտարարեց, թե միանձնյա որոշում ընդունելու իրավունք ունի, եւ հարցը փակված համարեց: Դռնփակ նիստից հետո հարցրինք Ն.Փաշինյանին, թե արդյոք այդ ընթացքում նախաքննական գաղտնիք պարունակող հարցեր շոշափվեցի՞ն: Պարզվեց, որ՝ ոչ: Դատարանն առաջին հերթին ճշտել էր, թե Ն.Փաշինյանը փորձե՞լ է ՔԱԳՎ պետ Հովհ.Երիցյանի հետ հաշտվել, ապա քննարկվել էին, ըստ Ն.Փաշինյանի, «երկուստեք հետաքրքրող» այլ հարցեր: Անդրադառնալով երեկվա դատական նիստում քրգործի վայրույթի իրականացման մարմինը ներկայացնող Պ.Տեր-Հարությունյանի ներկայությանը, Ն.Փաշինյանի փաստաբանը նկատեց. «Տվյալ քրգործով վարույթ իրականացնող կողմ հանդես է գալիս Ս.Աբրահամյանը: Գործը գտնվում եւ քննվում է նրա վարույթում, իսկ Տեր-Հարությունյանը վարույթ իրականացնող մարմին չի ներկայացնում եւ չէր կարող դրան մասնակցել»: Բայց, թերեւս, պրն Տեր-Հարությունյանը ճակատագրով դատապարտված էր լինել Ն.Փաշինյանի անձնական մեղադրողը: Ինչեւէ: Դռնփակ նիստից հետո դատավորն անցավ խորհրդակցական սենյակ: Վերադառնալով նա հրապարակեց իր որոշումը փաստաբանների ներկայացրած բողոքը մերժելու մասին, որի հրապարակման սկիզբը, ըստ ներկաներից մեկի, պահանջում էր հայտարարել՝ «Հանուն Հայաստանի»: «Բա «Հանուն Հայաստանին» ո՞ւր է»,- նետեց օրինապաշտ քաղաքացիներից մեկը: Իսկ դատավորն իր կայացրած որոշումը փորձեց հիմնավորել ՀՀ Քրդատ. օրենսգրքի մի շարք հոդվածներով, օրինակ պարզաբանեց, որ դատարանը չի կարող բավարարել փաստաբանների բողոքի այն պատճառաբանությունը, թե տվյալ գործով հանցադեպը, ուստի եւ՝ մեղադրանք առաջադրելու հիմքը, բացակայում է. «Այս փուլում դա դատարանի քննարկման հարց չէ: Նախաքննական մարմնի պարտականության մեջ է մտնում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման միջոցով պարզել մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, նրան արդարացնող հանգամանքները: …Դատարանը չի կարող նախաքննական մարմնին զրկել իր բացառիկ լիազորություններից»: Դատավորը միտումնավոր շրջանցեց այն փաստը, որ փաստաբանները վիճարկում էին ոչ թե նախաքննական մարմնին իր լիազորություններից զրկելու, այլ՝ քրգործ հարուցելու օրինականության հարցը, որը վիճարկելու նպատակ ուներ հենց իր նախագահությամբ տեղի ունեցած նիստը: «Դատարանը խույս տվեց քրեական դատավարության նորմից, որտեղ նշվում է, որ իրավունք չունեն քրգործ հարուցել, եթե հանցադեպ գոյություն չունի»,- ասաց փաստաբան Լ.Սահակյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ