Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի-անտեղի

Մարտ 20,2002 00:00

Տեղի-անտեղի Բոլորը իրար վրա ծիծաղում են, որովհետեւ յուրաքանչյուրին թվում է, թե ինքն ավելին գիտե, քան ուրիշը։ Հասարակական հիվանդագին երեւույթները միմյանց հակակշռում են, եւ հասարակությունը հավասարակշռված գոյատեւում է։ Ուրիշի առողջությունը գրավիչ է, որովհետեւ հույս ունենք, որ նրանից կվարակվենք։ Աջից ու ձախից սպառնում է. «Դու գիտե՞ս՝ ես ով եմ»։ Պատասխանը պետք է լինի. «Եթե չգիտես՝ դու ով ես, դիմիր հոգեբույժին»։ Արտագաղթը հարատեւում է, որովհետեւ հայերը երկրագունդը նվաճելու եւ ամենուրեք կարգ ու կանոն հաստատելու ուրիշ միջոց չունեն։ Քսանմեկերորդ դարի վերջում Հայաստանը մնալու է միակ գաղութատիրական երկիրը ողջ աշխարհում։ Դավաճանությունը սկսվում է ինքնադավաճանումից ու նաեւ յուրովի անձնասպանություն է։ Ժողովրդի ի՞նչը գնդակահարեն, երբ նա ինքն իր թշնամին է դառնում. նրա ազատությու՞նը… բայց ովքե՞ր են գնդակահարողները։ Քեզ կտեսնեն անձամբ, հեռուստատեսությամբ, թե երազում՝ տոկոսայինի հարաբերությամբ կկայանան քո գործընթացները։ Աղջնակը երեւի չորս տարեկան կլիներ։ Իր մի հասակակցի մասին ասել էր. «Ես նրան սիրում եմ»։ Մայրն զգուշացրեց. «Թող չիմանա»։ Այդպիսի իմանալու- չիմանալու տարածականությունն ընկերականից սիրայինն ու նյութականից հոգեւորը իր վիթխարի տարածականությամբ ու հանգամանքային տարբերակումներով կալմեջ է արել մեր գոյությունը մինչեւ նրա վախճանը։ Մարդասպանին չի կարելի զրկել մահապատվից։ Տխուր է երկրի վիճակը, երբ պետությանը հարկավոր են ոչ թե օրինապահ քաղաքացիներ, այլ ձերբակալմանը մերձ օրինազանցներ, որոնք ենթակա լինեն ղեկավարվելու շանտաժի միջոցով։ Հառաչանքները քեզ այրող տառապանքի գոլորշիներն են, եւ տառապանքն է քո շոգեքարշը, բայց ինքդ ես մեքենավարը, եւ ուղենիշներն են բազմազան, արգելափակոցները՝ քաղաքակրթված, վթարները՝ ռելսային։ Վայ այն տրամվային, որ տրոլեյբուս դառնալու գայթակղություններ ունի։ Նախկին ապարանքների ավերակները հիշատակարաններ են եւ ողջակեզ ու անօգուտ զգուշացումներ նորակառույց ապարանքների համար։ Հեռացնում ես քո կույր աղիքը եւ հույս ունես, որ կբացվեն քո հոգու աչքերը, բայց բացվում են աղիքներինը։ Ճշմարտությունները շատ են ու հակասական եւ ինքդ՝ հակասական, ընտրում ես այդ ճշմարտությունների միջից։ «Իմ նախկինը…»,- նախկին կինը, նախնյաց կինը, նախասիրած կինը, նախապատվելի կինը, նախ՝ իմ կինը։ Գեղեցկասիրությունը ինքնազսպաշապիկ է. հոգին պետք է քրտնի, որպեսզի շապիկը կպչի եւ նույնանա հոգու հետ։ Արցունքի կաթիլները ծիծաղկոտ դեմքեր չեն արտացոլում։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել