Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱԽՄԱՏԻ ՁԻ ԴԱՐՁԱՆՔ»

Մարտ 20,2002 00:00

«ՇԱԽՄԱՏԻ ՁԻ ԴԱՐՁԱՆՔ» Երթուղային տաքսիների առաջին կանգառներում վարորդների միջեւ ծագող վեճերը սովորական երեւույթ են։ Նրանցից ամեն մեկը ձգտում է «գիծ մտնել» պիկ ժամին, երբ ուսանողները շտապում են դասի, իսկ մյուսներն՝ աշխատանքի։ Եվ ուղեւորների համար սկսվում է «դժոխքը». սեղմվում են միմյանց՝ չիմանալով, թե ով ում է հրում, ով ում ոտքն է տրորում կամ մազը քաշում, իսկ մեքենայի դուռն, անշուշտ, փակվում է հազիվ։ Ու այս ամենը՝ լրացուցիչ հարյուր դրամի համար։ Հաճախ ենք լսում ուսանողական շրջանակներում «Շախմատի ձի դարձանք» արտահայտությունը։ Դա վերաբերում է հենց երթուղային տաքսիներին։ Եվ վայ «կանգնածներին», եթե վերջում նստածներից մեկը ցանկանա իջնել։ Հերթականությամբ բոլորը պետք է իջնեն եւ ճանապարհ տան։ Սա դեռ ոչինչ։ Ավելի սարսափելի է, երբ ճանապարհին սկսվում է «պասաժիր փախցնելու» մրցավազքը։ Իսկ պետավտոտեսուչները նույնիսկ չեն փորձում կատարել իրենց պարտականությունները, այս ամենը չնկատելու են տալիս՝ դժվար չէ ենթադրել, թե ինչ պատճառով։ Եվ այսպես ծանրաբեռնված, երթուղային տաքսին հասնում է վերջին կանգառ եւ երկծալված ուղեւորները վերջապես շունչ են առնում։ Իսկ եթե մի ժամանակ հանրային ավտոբուսները երթեւեկության ամենահարմար միջոցներն էին, ապա այժմ դրանք մերթ ընդ մերթ ստվերի պես են հայտնվում մեր փողոցներում։ ԼՈՒՍԻՆԵ ՏՈՆԻԿՅԱՆ «Մոնթե Մելքոնյան» համալսարան «Առավոտն» առաջին անգամ չի անդրադառնում երթուղային տաքսիների վիճակին։ Իսկ այն բարելավելու փորձերն աննշան են։ Խնդրի մասին գրվելու է այնքան, մինչեւ կարգավորվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել