ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԿԱՅԱՑԱՎ Ողջ բուժաշխարհը շունչը պահած սպասում էր, թե ինչպես են սարեր շարժվելու այն բանից հետո, երբ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքի բուժհիմնարկներում տիրող վիճակից իր դժգոհությունն այդքան բուռն արտահայտեց։ Քաղաքապետն, իհարկե, իր պաշտպանության տակ առավ առողջապահության վարչության պետին։ Անկախ նրանից, թե ինչ եւ ինչ չափով դժգոհություններ կան վարչության պետ Համլետ Միրզոյանից եւ նույնիսկ անկախ՝ «Առավոտում» դրանց անդրադարձների քանակից, վիճելի է ողջ աշխատակազմի ու հանրապետության աչքի առաջ վարչության պետին անկարգ աշակերտի կարգավիճակում դնելու կոռեկտությունը։ Պրն Միրզոյանն, իհարկե, հրեշտակ չէ, բայց նա պետության կառավարման համակարգի ներկայացուցիչ է եւ տիպիկ ներկայացուցիչը, որին իր ղեկավարների եւ ղեկավարների ղեկավարների շահերի դավաճան հաստատ չես համարի։ Մի կողմ դնենք պետություն ասվածը։ Մանավանդ որ, այդ պետություն ասվածը ինքն էլ իր քաղաքացիներին՝ այս դեպքում բուժաշխատողներին վաղուց մի կողմ դրած ունի։ Համենայնդեպս, մշտական հետեւողական ուշադրության փոխարեն հանրապետության նախագահը հանկարծ «արդար ու խիստ» արքայի կեցվածքով հայտնվում է քաղաքապետարանում… ու մի մեծ շոու սարքում դրանից։ Ի դեպ, հետեւողական ուշադրությունը եւ հսկողությունը մի քիչ ավելի աշխատատար, բայց ավելի արդյունավետ եւ ցնցումներից զերծ տարբերակ է։ Նախագահը կարծես թե այդ ճակատագրական «հաթաթա»-ից հետո փորձեց լինել հետեւողական՝ անցյալ շաբաթ օրվա համար իր նստավայրում հանդիպում նշանակելով առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ։ Միայն թե այդ հանդիպումը մասնակիցներին անհայտ պատճառներով չկայացավ. կամ ոլորտը երկու օրում առողջացավ, կամ նախագահին ակնհայտորեն դուր է եկել քաղաքապետարանում իր խաղացած դերը եւ այն որոշ ժամանակ հետո կրկնելու հեռանկար կա։ Համենայնդեպս, հանդիպման նոր ժամկետ դեռ չի նշանակվել։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ