Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԻՆԳԻ ԿԱԽԱՐԴԸ

Մարտ 20,2002 00:00

ՌԻՆԳԻ ԿԱԽԱՐԴԸ «Ես բազում տաղանդավոր բռնցքամարտիկների եմ ճանաչում, բայց նրանց մեջ լավագույնը Վլադիմիր Ենգիբարյանն է։ Նա ինձ համար մնում է որպես բռնցքամարտի չափանիշ»։ Այս խոսքերի հեղինակը օլիմպիական եռակի չեմպիոն հունգարացի Լասլո Պապն է։ Եթե այսօր հնարավորություն լիներ ռինգ հրավիրել Վլ. Ենգիբարյանին, մրցավար-հաղորդավարը կհայտարարեր. «Ռինգի կարմիր անկյունում է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոնը, Եվրոպայի եւ ԽՍՀՄ եռակի չեմպիոնը, ԱԻԲԱ-ի միջազգային կարգի մրցավարը, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր վարպետը, Հայաստանի վաստակավոր մարզիչը։ Նա անցկացրել է 185 մենամարտ, հաղթել է 172-ում, որոնցից 80-ը ժամկետից շուտ»։ Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես։ 1946թ.՝ հետպատերազմյան առաջին տարի։ Այն ժամանակ 14-ամյա Վլադիմիրը իր հասակակիցներից շատերի նման երազում էր զբաղվել ըմբշամարտով։ Իջեւանցի պատանին ամառային արձակուրդն անցկացնում էր քրոջ մոտ՝ Ալավերդիում։ Եվ գնաց այնտեղ, որտեղ պետք է անդամագրվեր ըմբշամարտի խմբակին։ Սակայն ճակատագրի բերումով անսպասելի հայտնվեց բռնցքամարտիկների դահլիճում եւ… ընդունեցին մարզիչ Արտյոմ Հարությունյանի խումբ։ Հետո տեղափոխվելով Երեւան՝ Վլադիմիրը դարձավ մեծագույն մանկավարժ ու տաղանդավոր մարզիչ Էդուարդ Արիստակեսյանի սանը։ 1953թ.։ Վարշավա։ Եվրոպայի անդրանիկ առաջնություն։ 20-ամյա Ենգիբարյանը շատերի համար անսպասելի բարձրանում է չեմպիոնական պատվանդանին։ Խորհրդային Միության բռնցքամարտիկներից առաջինը նա նվաճեց Եվրոպայի «ոսկին»։ Դա նաեւ ենգիբարյանական ոճի առաջին հաղթանակն էր, որի մինչ այդ անհայտ չափորոշիչներն էին. նրբագույն տեխնիկան՝ ներդաշնակված մտածված տակտիկայով, զարմանալի շարժունակություն եւ անխոցելի պաշտպանություն։ Այս որակների համար էր, որ նրան տրվեց «ռինգի գրոսմայստեր» մականունը։ Այն ժամանակ լրատվամիջոցները Վլադիմիրի մասին գրում էին. «Այս բռնցքամարտիկը ռինգում կարող է անել այն ամենը, ինչ կերազեին տեսնել անգամ ամենափորձառու մարզասերները։ Նրա բարձր վարպետությունը չեն բացառում հուժկու եւ դիպուկ հարվածները։ Աշխարհի ուժեղներից շատերն են ճաշակել նրա նախասիրած «կործանիչ» հարվածի զորությունը»։ Օլիմպիադայի նախօրեին Արեւմտյան Բեռլինում Ենգիբարյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում պարտվեց լեհ Լեշեկ Դրոգոշին։ Եվ ահա Մելբուռնը։ Վիճակահանությունը առաջին իսկ մենամարտում միմյանց դեմ հանեց նրանց։ Եվ գերազանց խաղային ոճով Ենգիբարյանն իր գլխավոր մրցակցին զրկեց բոլոր հույսերից։ Այնուհետեւ հայ բռնցքամարտիկին անձնատուր եղան Սալյուդենը (Ֆրանսիա), Լոուբշերը (ՀԱՀ) եւ եզրափակիչում՝ Նենչին (Իտալիա)։ 1957-ին Վլադիմիրը կրկին թիվ մեկն էր Եվրոպայում։ Բայց այս անգամ Չեխոսլովակիայի նախագահ Վիլյամ Շիրոկիի մրցանակը՝ սահմանված Եվրոպայի լավագույն տեխնիկա ունեցող բռնցքամարտիկի համար, հայտնվեց նրա ձեռքերում։ 1960թ. Հռոմի օլիմպիական խաղերում կրկին ԽՍՀՄ-ի պատիվը պաշտպանելու իրավունքը տրվել էր Ենգիբարյանին։ Երկու գեղեցիկ հաղթանակից հետո 1/2 եզրափակիչի ճանապարհին Վլադիմիրը վնասված ձեռքով պետք է հանդիպեր լեհ ծագող աստղ Մարիան Կասպշիկի հետ։ Այդ ժամանակ, ինչպես երբեք, Վլադիմիրը զգում էր իր մարզչի՝ Է. Արիստակեսյանի ներկայության, խոսքի կարիքը։ Սակայն վերջինին նույնիսկ որպես զբոսաշրջիկի թույլ չէին տվել մեկնել Հռոմ։ Միավորներով հաղթեց Կասպշիկը։ Տուն վերադառնալով՝ Ենգիբարյանը պետք է արդեն ընտրություն կատարեր. ո՞ր ճանապարհով գնալ։ Ու որոշեց բռնցքամարտը չթողնել։ 28 տարեկանում ձեռնամուխ եղավ սերունդներին փոխանցել այն, ինչ ժամանակին սովորեցրել էին իրեն։ Վլադիմիր Ենգիբարյանը հիմնադրեց ու շուրջ 30 տարի գլխավորեց պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որը մինչեւ այժմ էլ կոչում են «Ենգիբարյանի դպրոց»։ Նրա սաներից շատերի անունները գրված են համաշխարհային բռնցքամարտի պատմության էջերում։ Շատերը դարձել են աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ չեմպիոն։ Վերջին մի քանի տարին Վլադիմիր Ենգիբարյանը բնակվում է ԱՄՆ-ում։ Բայց նա ամենայն իրավունքով հպարտանում է իր սաներով։ Ես, որպես Ենգիբարյանի դպրոցի տասնյակ հազարավոր սաներից մեկը, այսօր նրա տաղանդի բոլոր երկրպագուների, անկախ Հայաստանի մարզական մեծ ընտանիքի անունից լիազորված եմ շնորհավորել Վլադիմիր Ենգիբարյանի 70-ամյա հոբելյանը, մաղթել քաջառողջություն։ ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, պատվավոր պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել