Անմահության դասեր Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակի առիթով լույս տեսավ բանասիրական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի «Վարք Նժդեհի, ասույթներ» աշխատությունը։ Նժդեհը՝ Գարեգին Տեր-Հարությունյանը (1886-1955) մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի գործում եւ նրա կյանքն ու գործունեությունը ուսանելի են սերունդների համար։ Աշխատության մեջ առաջին անգամ հրատարակվել են նոր նյութեր, որոնք վերաբերում են Նժդեհի կյանքին ու գործունեությանը, արխիվային փաստաթղթեր, ուսումնասիրություններ, հոդվածներ, ժամանակակիցների հիշողությունները նրա մասին։ Նժդեհը նրա հեղափոխական ծածկանունն էր։ Առաջին անգամ այդ անունը օգտագործել է 1908թ. իր եղբորը՝ Լեւոն Տեր-Հարությունյանին նամակ գրելիս։ Ռ. Համբարձումյանը բացահայտել է անվան բացատրությունը։ «Նժդեհ» նշանակում է պանդուխտ, օտարական, տարաշխարհիկ… Խորհրդային զնդաններում հեծող Գարեգին Նժդեհին արգելել են անգամ այդ անունը օգտագործել։ Նրան զրկել են այդ տարրական իրավունքից։ Նժդեհը իր կենսագրականում նշում է, որ հայ հեղափոխական շարժմանը հարել է 17 տարեկանից։ Անդամագրվել է ՀՀԴ կուսակցությանը։ 1906թ. Նժդեհը (Դմիտրի Նիկոլով անունով) անցել է Բուլղարիա, սովորել է Սոֆիայի ռազմական սպայական դպրոցում։ Ավարտելուց հետո 1912-1913թթ. կռվել է բալկանյան պատերազմում, Լոզենգրադյան դրուժինայում Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության համար, վոյվոդա Անդրանիկի հայկական կամավորական վաշտում եւ կատարած հերոսությունների համար պարգեւատրվել է բուլղարական կառավարության կողմից առաջին աստիճանի Քաջության խաչ շքանշանով։ 1919թ. հոկտեմբերին, Կովկասի համար խառն ժամանակում, Գ. Նժդեհը ստանձնում է Կապանի, Արեւիքի, Գողթանի՝ Կապարգողթանի եւ Սյունիքի հարավ-արեւելյան ռազմաճակատի հրամանատարությունը։ Նա այնտեղ փայլուն է կատարում իր ծառայությունը, որի համար ստանում է գնդապետի աստիճան։ Եթե չլիներ Գ. Նժդեհի հեռատեսությունը եւ կատարած սխրագործությունը, հայ ժողովուրդը հավետ կորցրած կլիներ Սյունիքը եւս, ինչպես 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի համաձայն կորցրինք մեր պատմական տարածքներից Արցախն ու Նախիջեւանը, որոնք դարձան Ադրբեջանի անբաժանելի մասը։ Պատմական այդ անարդարությունը շատ ծանր եղավ հայության համար։ Նա երկու տարվա կռիվներից հետո ազատագրեց Լեռնահայաստանը ու միացրեց Հայաստանին։ Մեծ է Գ. Նժդեհի դերը Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ (1918թ. մայիսի 24-28-ը)։ Մինչեւ վերջերս հայ պատմագիտությունը այս հարցին պատշաճ ուշադրություն չի դարձրել։ Այդ իմաստով Ղարաքիլիսայի ճակատամարտը վճռորոշ դեր ունեցավ հայ ժողովրդի համար Սարդարապատի եւ Ապարանի հերոսական ճակատամարտերից առաջ։ Չի գնահատվել այս ճակատամարտի պատմական նշանակությունը։ Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին անգամ գրել է Կովկասի թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան ու բարձր գնահատել։ «Ղարաքիլիսայի մոտ հայերը,- գրում է նա,- ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։ Դժնդակ է եղել Նժդեհի ճակատագիրը, որը իր կյանքի վերջին տարիները անցկացրել է բանտերում ու աքսորում, մահկանացուն կնքել է Վլադիմիրի բանտում։ Մի խումբ հայ մտավորականների ջանքերով Գ. Նժդեհի մասունքները վերադարձվեցին հայրենիք ու թաղվեց մի մասը Խուստուփ լեռան, իսկ մյուս մասը Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցու բակում։ Մեծ զորավարի եւ մտածողի երազանքը իրականացավ։ Նրա գերեզմանը դարձավ ժողովրդի համար ուխտատեղի։ Գ. Նժդեհը մշակեց հայության ինքնապաշտպանության հայեցակարգ։ Ռ. Համբարձումյանի աշխատությունը ամենայն դրվատանքի է արժանի եւ հասցեագրվել է հայոց պատմությամբ զբաղվող մասնագետներին, ինչպես նաեւ ընթերցող լայն հասարակությանը։ ՀՐԱՉՅԱ ԱՍՄԱՐՅԱՆ Պատմագիտության թեկնածու