ԾԱՂԻԿԸ, ԿԱՆԱՉԸ, ԱՍՖԱԼՏՆ ՈՒ ԲԵՏՈՆԸ Այս տարի ամանորին տեսնելով եղեւնիների եւ սոճիների ջարդի արդյունքում դրանց առատությունը հատկապես մայրաքաղաքի փողոցներում, Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES) որոշել է բնապահպանական իրազեկման ծրագիր իրականացնել։ Ավելի ճիշտ, ծրագիրը նախաձեռնելուն նրանց դրդել է ոչ թե ինքնին բնական տոնածառերի առատությունը, այլ դրան հետեւած՝ հասարակության անտարբերությունն այդ հանգամանքի նկատմամբ։ Այն բանից հետո, երբ ՀՀ բնապահպանության նախարարը հայտարարեց, թե դրանց մեծ մասը ներկրված է Վրաստանից, հայտնի դարձավ, որ նույնիսկ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն իր բնակարանում արհեստական տոնածառ է զարդարել։ Ավելին, մեր տարածաշրջանում անտառներով ամենահարուստ երկրի ղեկավարը հարկ համարեց այդ մասին տեղյակ պահել իր քաղաքացիներին։ IFES-ում նկատել են, որ անգամ այս հայտարարությունից հետո բնապահպանական ուղղվածություն ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունները ոչ մի կերպ չեն դրսեւորել իրենց վերաբերմունքն այդ երեւույթի նկատմամբ։ (Հիշեցնենք, որ եղեւնիների ջարդի կապակցությամբ աղմկեց միայն Հելսինկյան ընկերակցությունը, որին ի պատասխան բնապահպանության նախարարության պարզաբանումով հիմնավորվում էր այդ ծառահատումների օրինականությունը)։ Թե ինչքանով արդյունավետ կլինի IFES-ի այս նախաձեռնությունը, գուցե թե առաջիկա ամանորները ցույց տան։ Ի վերջո, բոլորս էլ ձեռք բերեցինք եւ զարդարեցինք բնական տոնածառեր։ Ծրագրի առաջին քննարկումի թեման շատ լայն էր՝ «Բնապահպանական հիմնախնդիր»։ Թեման լայն էր, մասնակցողների շրջանակը՝ շատ նեղ։ Այսինքն, եթե անգամ լրագրողներին դժվար է հետաքրքրել բնապահպանական հիմնախնդիրներով, կարելի է պատկերացնել հասարակության մնացած հատվածի հետաքրքրությունն այս հարցում։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը իր դժգոհությունը հայտնեց էկոլոգիա հասկացության սահմանների նեղացման եւ այն միայն բնապահպանությանը հանգեցնելու իրողությունից։ Կոպիտ ասած, ծառ ու ծաղիկը բնապահպանության ոլորտից են, սակայն «ասֆալտապատման, բետոնապատման խնդիրները գուցե ավելի էկոլոգիական են, քան ծաղիկն ու կանաչը»։ Պրն Սանասարյանը «հասավ» ընդհուպ մինչեւ ՀՀ Սահմանադրություն, որով չի ամրագրվում մարդու ապրելու իրավունքը։ Նշվեցին նաեւ ՀՀ մյուս՝ «Էկոլոգիական փորձաքննության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Գովազդի մասին», «Սեւանա լճի մասին» օրենքների եւ «Հողային եւ Ջրային օրենսգրքերի» թերությունները հենց էկոլոգիական կամ ավելի լայն՝ մարդու ապրելու իրավունքի տեսակետից։ Հակոբ Սանասարյանը համաձայն չէր այն դիտարկմանը, թե էկոլոգիական կրթություն ասվածը պահանջարկ չունի հասարակության մեջ։ Նա գտնում էր հակառակը. բնակչությունը էկոլոգիական տեղեկատվության կարիք ունի, սակայն չկա այն օղակը, որն այդ տեղեկատվությունը տրամադրի նրան։ Պրն Սանասարյանը չհայտնեց այն հիմնավորումները, որոնց շնորհիվ նա եկել է բնակչության՝ էկոլոգիական հարցերով տոչորված լինելու եւ տեղեկատվության աղբյուրի բացակայության մասին իր եզրակացությանը։ Մեր կարծիքով, էկոլոգիական կրթությունը պետք է ներառվի կրթության ընդհանուր հայեցակարգում՝ ընդգրկելով կրթության բոլոր մակարդակները։ Ընդ որում, արդեն մասնագետների որոշելիք խնդիրն է, այդ գիտելիքները «ցրել» տարբեր առարկաների միջեւ, թե առանձին դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակմամբ այն ուսուցանել իբրեւ առանձին առարկա։ IFES-ի ուսուցանողներ Հերիքնազ Տիգրանյանը եւ Հայկ Կարապետյանը հայտնեցին, որ Էկոլոգիական իրազեկում ծրագրի շրջանակներում ոչ միայն նման երկխոսություն-հանդիպումներ են կազմակերպվում եւ կազմակերպվելու, այլեւ շարունակաբար հասարակությանը կտրամադրվի տպագիր գրականություն այս թեմաներով։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ