Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿԳԱ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆ

Մարտ 20,2002 00:00

ԱՄՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿԳԱ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆ «ԱՄՆ-ը պատրաստ է Ադրբեջան ուղարկել իր ռազմական խորհրդականներին»,- երեկ գրել է ադրբեջանական «Զերկալոյի» մեկնաբան Ռ.Միրկադիրովը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: «Զերկալոն» տեղեկացնում է, թե այս փուլում ամերիկյան զինծառայողների Ադրբեջան գործուղումը պաշտոնապես պատճառաբանվելու է Ադրբեջանի հարավային սահմանների ամրապնդման անհրաժեշտությամբ, որտեղով ենթադրաբար իսլամական ահաբեկիչները թափանցում են Վրաստան ու ապա՝ Ռուսաստան: Այդ մասին ժամանակին ռուսաստանյան իշխանություններն են բազմիցս հայտարարություններ արել: «Այսինքն՝ առաջին փուլում ԱՄՆ-ը պատրաստվում է մեր երկիր գործուղել մի քանի տասնյակ ռազմական հրահանգիչների»,- գրում է Ռ.Միրկադիրովը՝ ավելացնելով, թե դրանց թիվը հետագայում կավելանա՝ հասնելով մի քանի հազարի: Միաժամանակ «Զերկալոն» գտնում է, թե այդ քայլը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից, քանի որ ամերիկյան ռազմական ներկայությունը Ադրբեջանում կարող է նաեւ սաստել Իրանի հավակնություններն ու Ադրբեջանի հասցեին հնչող սպառնալիքները՝ Կասպից ծովի բաժանման հետ կապված: Հեղինակը մեջբերել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռ.Արմիթաջի հայտարարությունը, թե՝ «Մենք չեն կարող դիտորդի դերում հետեւել, թե Իրանն ինչպես է ճնշումներ գործադրում իր հարեւանների նկատմամբ»: Վկայակոչելով նաեւ «Նեզավիսիմայա գազետայի»՝ նույն խնդրին վերաբերող հրապարակումներից մեկը, «Զերկալոն» նշում է, թե դրանով Վաշինգթոնն ու Արեւմուտքն իրենց վերահսկողության տակ են առնում Կենտրոնական եւ Առաջավոր Ասիայի էներգոռեսուրսները: Ամերիկյան զինվորների տեղակայումը Ադրբեջանում ու Վրաստանում նպատակ ունի նաեւ ապահովել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի անվտանգությունը: Պաշտոնական Բաքուն սակայն չի շտապում համաձայնել այդ տարբերակին՝ հասկանալով, որ դա կարող է դուր չգալ Ռուսաստանին ու Թեհրանին եւ առավել սրել լարված հարաբերություններն իր հարեւան երկրների հետ: Պատ. Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել