Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն

Մարտ 20,2002 00:00

Հայտարարություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական հետապնդումը հանցագործություն է. Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական, գործի քննիչ Ս. Աբրահամյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ Քր. օրենսգրքի 190 հոդվածով՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը։ Քրեական հետապնդման է ենթարկվում ազատ մամուլը՝ «Հայկական ժամանակը», որը, հավատարիմ իր կոչմանը, հավաստի տեղեկություններ է հաղորդում հասարակությանը, մասնավորապես իրազեկում քաղաքացիական ավիացիայում տիրող անմխիթար վիճակի մասին։ ՀՀ ՔԱԳՎ ղեկավարները, պետական համակարգի բոլոր պաշտոնյաները, ովքեր մեղավոր են քաղաքացիական ավիացիայի այս վիճակի համար, պիտի պատասխանատվության կանչվեն։ Ենթադրվում է, որ հենց սրանով պիտի զբաղվեին նաեւ դատախազական մարմինները։ Սրա փոխարեն դատախազությունը նորից քաղաքական պատվեր է կատարում, իսկ ՔԱԳՎ պետ Հ. Երիցյանն այս ձեւով փորձում է կասեցնել ծավալուն լրագրական հետաքննությունն իր ղեկավարած համակարգում: Նիկոլ Փաշինյանի գործը բացառիկ է դատախազական ցինիզմով ու կամայականությամբ։ Լրագրական էթիկայի, ոճի հարցերով սկսել է զբաղվել դատախազությունը՝ անհիմն ու ապօրինի մեջտեղ բերելով «վիրավորանք» կոչվող հանցագործությունը։ Ազատ խոսքը, ազատ մամուլը կասկածվողի կարգավիճակից անցել են մեղադրվողի՝ հասարակության, լրագրողական ընկերակցության թույլտվությամբ քրեական հետապնդման է ենթարկվում հասարակության իրազեկված լինելու իրավունքը։ Քաղաքացու իրազեկված լինելու, լրագրողի՝ ազատ խոսքի անօտարելի իրավունքը ոչ միայն ստորադասվում է պետական պաշտոնյայի հնարավոր վիրավորվածությանը, այլեւ ապօրինի ու անհիմն մեղադրելով Նիկոլ Փաշինյանին «վիրավորանք» կոչված հանցագործության հիմքով՝ Հայաստանի գործադիր իշխանությունը ցուցադրում է իր պատժիչ մահակը՝ կառավարելի դարձնելով ազատ խոսքն ու ազատ մամուլը։ Հերթական մարտահրավերն է նետված հասարակությանը։ Խնդիրը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ակնհայտ ապօրինի քրեական հետապնդման դադարեցումն է. հանցանք գործած քննիչը, դատախազը պիտի պատժվեն, քրեական նոր օրենսգրքից պիտի հանվի «վիրավորանք» կոչված հանցագործությունը. լրագրական էթիկային վերաբերող բոլոր հարցերով պիտի զբաղվի լրագրական ընկերակցությունը՝ ստեղծելով դրան կոչված հասարակական մարմիններ։ Մերի նման ահաբեկված հասարակության համար լրագրական ցենզուրան, իրազեկող լրագրողի գործունեության քրեական հետապնդումն անթույլատրելի են, հանցավոր, անհաղթահարելի արգելք բաց հասարակություն դառնալու ճանապարհին։ Լրագրական ընկերակցությունը զանգվածային լրատվամիջոցների մասին նոր օրենքի կարիք չունի եւ պահանջ չի ներկայացրել։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին, պետական մարմիններին ու բոլոր լրատվամիջոցներին, ում համար թանկ են յուրաքանչյուրի իրազեկված լինելու իրավունքը եւ խոսքի ազատությունը, ակտիվ մասնակցել «Ազատ խոսք, ազատ մամուլ» ակցիային։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդ Խորհրդի նախագահ՝ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել