Լրահոս
Օրվա լրահոսը

Բարբարոսներ շատ կգան

Մարտ 20,2002 00:00

Բարբարոսներ շատ կգան Խորհրդարանական հայտարարությունների երեկվա ցուցակում աշխարհաքաղաքական վայրիվերումների մասով խիստ ուշագրավ էր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը։ Բավականին ճիշտ պահին ընտրված հայտարարության մեջ պրն Դալլաքյանն ահազանգ հնչեցրեց սեպտեմբերի 11-ից հետո համաշխարհային փոփոխված իրավիճակի վերաբերյալ։ Վիկտոր Դալլաքյանն արդարացիորեն նկատեց, որ «Վրաստանում ամերիկյան զինուժի տեղակայման հետեւանքով, որին գործուն արձագանքեց Թուրքիան, առաջիկայում Անդրկովկասում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում միաժամանակ ներկա կլինեն ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ՆԱՏՕ-ի զորքերը։ Դեպքերի այդօրինակ զարգացումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա։ Կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ի՝ Անդրկովկասում վերջնականապես հաստատվելուց հետո, ի հայտ կգա այն իրական ուժը, որը կփորձի Հայաստանին եւ ԼՂ-ին պարտադրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ոչ հայանպաստ լուծում»։ Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որում ասվում էր, թե ԱՄՆ դիվանագիտության նպատակներից է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերահաստատումը։ Պրն Դալլաքյանն ահազանգեց, որ հարկավոր է անմիջապես քննարկել ստեղծված իրավիճակը եւ խորհրդարանական լսումներ կազմակերպել։ Պատգամավոր Ստեփան Զաքարյանի հայտարարությունը մտահոգություն էր Օպերայի շրջակայքում քանդվող տարածքների եւ կտրատվող ծառերի մասին. «Հավանաբար, հիշում եք Երեւանի նախկին քաղաքապետին արված Ռոբերտ Քոչարյանի կշտամբանքը՝ քաղաքապետարանը փողի վրա է նստած եւ դեռ փող է ուզում։ Պարզվեց, որ ամենից շատ փող թաղված է Երեւանի կենտրոնում։ Ոչինչ, որ այդ տարածքում արդեն վեց սրճարան կա, թող լինի տասը, տասնհինգը։ (…) Ոչինչ, կարելի է կտրել, քանդել, վերացնել, եթե ոմանք օգուտ ունեն, օգուտ ունեցողների պորտը հո Երեւանում չե՞ն կտրել»։ Ստեփան Զաքարյանի եզրակացությունը չափազանց տիպական էր. «Միայն որովայնի օգուտը փնտրող, տեսնող, միայն իրենց կաշին փրկող այս իշխանավորների նման մարդկանց հին հույներն ու հռոմեացիներն անվանում էին «բարբարոսներ»։ Պատգամավորը կոչ արեց «ժամ առաջ հանրապետությունը մաքրել բարբարոսներից»։ Թեպետ պրն Զաքարյանը վստահ է, որ «բարբարոս» բառը որոշ պաշտոնյաներ չեն հասկանա, ստիպված պետք է նաեւ թարգմանենք՝ «ՉՈՐՉՈՐ», իսկ եթե դրա տակ որեւէ պաշտոնյայի նկար տպագրենք, կհասկանա, թե իրեն ենք նկատի ունեցել, եւ կկատարվի այն, ինչ կատարվեց «դեգեներատ»-ի հետ։ Կոմունիստ Նորիկ Պետրոսյանն այս ամենի մասին իր ցավը ներկայացնելուց հետո հուսահատ ասաց. «Եվ վերջապես, երբ պետք է փրկվենք այս անկախություն կոչված հանցավոր ամենաթողությունից։ Լսելով իմ նախորդ հայտարարությունը, չգիտես՝ ինչու, ինձ մեղադրեցին անկախությանը դեմ լինելու մեջ։ Ես անկախությանը դեմ չեմ, ես դեմ եմ Պարույր Հայրիկյանի անկախությանը»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել