Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈԼԼԱՅԻ ԵՎ ՄԵՋԻԹԻ ԱՌԱԿԸ՝ ԸՍՏ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ

Մարտ 20,2002 00:00

ՄՈԼԼԱՅԻ ԵՎ ՄԵՋԻԹԻ ԱՌԱԿԸ՝ ԸՍՏ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլ. Դարբինյանը հիվանդանոցում է գտնվում եւ ըստ որոշ կոմունիստների՝ Կոմկուսի առանց այն էլ ուշացած պլենումը մարտի 24-ին տեղի չի ունենա։ Վլադիմիր Դարբինյանի եւ Վանյա Մխիթարյանի հակամարտությունը հայտնի է։ Եթե կոմունիստներից մի քանիսը վստահ են, որ ընկ. Դարբինյանը հիվանդանոցում է բացառապես առողջական խնդիրների հետ կապված, ապա Վանյա Մխիթարյանն այլ կարծիքի է. «Հիվանդանոց պառկելը հին նոմենկլատուրայի հայտնի ձեւ է, որը շանթարգելի դեր է խաղում. այսինքն՝ ամպերը ցրվում են, երկինքը խաղաղվում, եւ քարտուղարը վերադառնում է։ Հիշենք, որ երբ հունիս-հուլիս ամիսներին կրկին կուսակցական կյանքը սրված էր, Վլ. Դարբինյանն այն ժամանակ էլ մեկ ամսով պառկեց հիվանդանոց։ Նպատակը հետեւյալն էր՝ գալիս է մեծ ալիք, ամենահեշտը թաքնվելն է»։ Վլ. Դարբինյանը, այնուամենայնիվ, կուսակցության ղեկավարն է եւ, հիվանդանոց պառկելուց բացի՝ ինչ-որ քայլեր, այնուամենայնիվ, ստիպված կլինի անել։ Ըստ Վանյա Մխիթարյանի. «Ես վստահ եմ, որ Վլ. Դարբինյանը Սանատրուկ Սահակյանին եւ Ռուբեն Թովմասյանին հանձնարարել է գործողության ծրագիր՝ ըմբոստների դեմ։ Սպանդարյանի շրջկոմը արդեն սկսել է քննարկել իմ, Հրանտ Սուքիասյանի եւ Վարդան Գրիգորյանի հարցը։ Չեն կարողացել մեզ կուսակցությունից հեռացնել, որովհետեւ որեւէ պատճառ չկա, ստիպված որոշում են կայացրել մինչեւ մարտի 20-ը ժամանակ տալ, որպեսզի ընկերներն ապացուցեն Դարբինյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները։ Եվ ինձ չեն տրամադրում այն ֆինանսական փաստաթղթերը, որոնցում ակնհայտ են Վլ. Դարբինյանի ֆինանսական խախտումները»։ – Սակայն ակնհայտ է, որ Կենտկոմի առաջին եւ երկրորդ քարտուղարները համերաշխ են։ Սանատրուկ Սահակյանը հավատարիմ է Վլ. Դարբինյանին։ – Ո՞վ է Սանատրուկ Սահակյանը։ Նա մի երիտասարդ է, որը 3-4 տարվա մեջ կոմերիտմիության Երեւանի քաղկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, չունենալով կոմերիտականներ, դարձավ կուսակցության կենտկոմի 2-րդ քարտուղար։ Վլ. Դարբինյանի կողքին եղած մարդկանց՝ Յուրի Մանուկյանին, Հրանտ Ոսկանյանին քննադատելու ճանապարհով է Սանատրուկը հասել դրան։ Նա ուղղակի հաշվի չի առել մի բան, որ Դարբինյանն այնքան խորամանկ է, որ չի հանդուրժի նույնիսկ փոքր ավանտյուրիստներ իր կողքին։ Նա գտնում է, որ մեկը Կոմկուսի համար լրիվ բավական է։ Եվ սա է պատճառը, որ նա Սանատրուկ Սահակյանին արդեն մտցրել է ֆինանսական գործարքների մեջ, որում բռնվել է, եւ վերջերս Կենտկոմի խորհրդակցության ժամանակ առանձին ընկերներ բացահայտորեն ասել են, որ տեսել են, թե ինչպես է նա կառավարական ավտոմեքենայի մեջ մի կապոց դրամ վերցրել։ Եվ Սանատրուկը հարցրել է՝ դրամ էր, թե դոլար։ Այսինքն, դա շարունակական պրոցես էր։ Սրանով Սանատրուկ Սահակյանը ամուր թելերով կապված է Վլ. Դարբինյանին։ – Եթե հավատանք ձեր պնդումներին, Կոմկուսում իրավիճակը լարված է, ուրեմն ինչո՞ւ Վլ. Դարբինյանը հրաժարական չի տալիս։ – Երկու պատճառ կա. առաջինն այն է, որ այսօրվա իշխանություններին ձեռնտու է, որ Կոմկուսը ղեկավարի Դարբինյանի նման մեկը, որը վանում է Կոմկուսի ընտրազանգվածին եւ գցում է կուսակցության վարկանիշը։ Մյուս պատճառն այն է, որ բյուրոյի գերակշիռ մեծամասնությունը (բացառությամբ 3 հոգու) ուղղակի տաքուկ տեղ են գտել եւ լավ հասկանում են, որ եթե Դարբինյանը չլինի, ոչ մի նորմալ քարտուղար իրենց չի պահի։ – Մարտի 24-ին Կենտկոմի պլենումը տեղի կունենա՞, թե՞ ոչ։ – Մենք շատ կուզեինք, որ տեղի ունենար, բայց, բացառված չէ, որ Դարբինյանը կփորձի հետաձգել պլենումը կամ անցկացնեն առանց իրեն, որպեսզի իր հեռացման հարցը չդրվի։ – Ինձ տված հարցազրույցում Վլ. Դարբինյանն ասաց, որ ինքը հրաժարական չի տա Վանյա Մխիթարյանի կոչով, ինքը կուսակցության զինվորն է եւ կվարվի այնպես, ինչպես կուսակցությունը կուզի։ – Նախ՝ կուսակցությանը պիտի հնարավորություն տրվի ինչ-որ բան ասել. արդեն վեց ամիս է, պլենում չի հրավիրվել։ Եվ հետո՝ հիշենք մոլլայի եւ մեջիթի հանրահայտ պատմությունը՝ մոլլան էլ չէր ուզում մեջիթ գնալ։ – Դուք մեղադրանքներ հնչեցրիք Վլ. Դարբինյանի հասցեին, որի պատճառով նա խոստացավ ձեզ դատի տալ։ Ինչո՞ւ, ձեր կարծիքով, չի արվում դա։ – Ես շատ ուրախ կլինեմ, որ նա ինձ դատի տա, եւ ես դատախազության միջոցով հնարավորություն ունենամ ապացուցել իմ մեղադրանքները, եւ որպեսզի կուսակցությունը համոզվի, թե իրականում ինչ է կատարվում։ – Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ մի խումբ կոմունիստներ պատրաստվում են նստացույց անել Կոմկուսի շենքի մոտ։ Ե՞րբ է լինելու նստացույցը։ – Այո, նման նախաձեռնությամբ հանդես են գալիս բազմաթիվ շրջկոմներ, կոմունիստներ։ Բայց Դարբինյանի բացակայության պայմաններում անիմաստ է այդ նստացույցը, եւ հետո՝ դա որոշ չափով կարող է հարվածել Կոմկուսի հեղինակությանը։ Բայց մենք ամենազոր չենք, որպեսզի կարողանանք դրա դեմն առնել։ – Այնուամենայնիվ, չբացառենք, որ Վլ. Դարբինյանը մնում է Կենտկոմի առաջին քարտուղար։ Ըստ ձեզ, նա կառաջադրվի նախագահական ընտրություններում, եւ խորհրդարանականում՝ կգլխավորի՞ Կոմկուսի ընտրացուցակը։ – Անպայման ցուցակում էլ առաջինը կլինի, նախագահի թեկնածու էլ կառաջադրվի, որպեսզի Կոմկուսը ոչ մի տեղ չստանա խորհրդարանում, չկարողանա հաղթահարել 5 տոկոսի պատնեշը։ Դրանով լուրջ ծառայություն կմատուցվի իշխանություններին։ – Ձեր պատասխանից ենթադրում եմ, թե Կոմկուսը նախագահի այլ թեկնածու եւս ունի։ – Նախագահի այլ թեկնածուներ, ինչպես նաեւ՝ Կոմկուսի առաջին քարտուղարի թեկնածու մենք, իհարկե, ունենք եւ նրա մասին արդեն ասել ենք։ Հաշվի առնելով Գագիկ Թադեւոսյանի կյանքի մեծ փորձը, կուսակցական աշխատանքային փորձը, հասարակական իմիջը, դիրքը, ԱԺ-ում կատարած նրա աշխատանքը, կարծում ենք՝ նա ի վիճակի կլինի առաջադրվել։ – Կոմկուսի դաշնակիցներն այսօր, ըստ ձեզ, ովքե՞ր են։ – Դարբինյանի ղեկավարության պայմաններում Կոմկուսը ինչպիսի դաշինքի էլ գնացել է, բոլորն էլ եղել են թվացյալ դաշինքներ։ Դարբինյանը միտում է ունեցել խափանել այդ դաշինքը։ Այսօր էլ ստորագրվել է «Սոցիալիստական ուժերի» հետ դաշինքը, բայց հիմա էլ պատճառ է բռնվում, թե իրենց համար հասկանալի չէ, թե ինչ բան է դեմոկրատական սոցիալիզմը։ Դաշնակիցների կողմից ներկայացրածը քննադատվում է, բայց Կոմկուսը սեփական տեսակետը չի ներկայացնում։ Նման միավորումը կարող է լուրջ քաղաքական ուժ դառնալ, հետեւաբար Դարբինյանը իշխանություններից համապատասխան ցուցումներ է ստացել այդ դաշինքը եւս խափանել։ Կոմկուսի ղեկավարության միջոցով վիրուս է մտցվում որեւէ կառույցի մեջ, եւ փչացնում են այն։ – Դուք կոնկրետ ինչո՞ւմ եք մեղադրում Կենտկոմի քարտուղար Վլ. Դարբինյանին։ – Քաղաքական կավատություն, ուրիշ ոչինչ։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել