ԿԱԶԴԻ՞ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃՆՇՈՒՄԸ Հնարամիտ գործելակերպ են որդեգրել իշխանավորները եւ նրանց պաշտպանները՝ իրենք բարոյական եւ այլ չափանիշների քննությունը չբռնող արարքներ են թույլ տալիս, բայց երբ դրանք մատնացույց են արվում՝ բողոքում են, թե շահարկում եք, փորձում շահել քաղաքական միավորներ։ Ասենք, Վազգեն Սարգսյանի մասով քրեական գործի նախաքննություն է ընթանում, բայց երբ այդ մասին հրապարակվում է՝ անվանում են շահարկում։ Կամ՝ ապացույցներին ի պատասխան, թե Պողոս Պողոսյանի սպանությունն անզգույշ չէր, էլի ասում են՝ քաղաքական շահարկումներ եք անում, ողբերգությունից փորձում եք օգուտ ստանալ։ Այսինքն, ի՞նչ պետք է անել «շահարկողի» պիտակը չվաստակելու համար. լռե՞լ, համաձայնե՞լ՝ ինչ ուզում եք՝ արեք, սպանվածների կամ մահացածների նկատմամբ նախաքննությունը շարունակեք կամ ձեր ասածն է՝ անզգույշ սպանություն է։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի երեկվա նիստի մասնակիցները ազդարարեցին, որ իրենք (ինչպես եւ շատերը) չեն պատրաստվում հաշտվել, լռել եւ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու նպատակով նախաձեռնելու են որոշակի քայլեր։ Խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանի անունից տարածվեց մի դիմում, որ ուղղված է ՀՀ քաղաքացիներին, հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, պետական մարմիներին, որում ասված է. «Պողոս Պողոսյանի սպանության հրապարակային հանցագործությունը բացահայտված չէ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Մ. Մարտիրոսյանը գործով կայացրել է ակնհայտ անարդար դատավճիռ։ ՀՀ օրենքով սա հանցանք է։ Պողոս Պողոսյանի տեղում կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը։ Մենք սկսում ենք «Հասարակությունն ընդդեմ կամայականության» ակցիան, որպեսզի մեզնից որեւէ մեկը Պողոս Պողոսյանի տեղում չլինի։ Որպես առաջին քայլ՝ պիտի հասնենք նրան, որ ՀՀ գլխավոր դատախազը բողոքարկի դատավոր Մ. Մարտիրոսյանի դատավճիռը, ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանի այն եւ ուղարկի լրացուցիչ քննության»։ Նշվեց, թե գործող Քրեական դատավարության օրենսգրքով՝ սա միակ հնարավորությունն է, եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն իրոք չէր կարող բողոքարկել այս դատավճիռը։ Այդ հնարավորությունն այժմ ունի միայն գլխավոր դատախազ Արամ Թամազյանը։ Ներկայացվեց նրան ուղղված մի դիմում, որն այսուհետ ամեն օր հրապարակվելու է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Դիմումում մասնավորապես ասված է. «Պողոս Պողոսյանի սպանության մասնակիցներն ազատության մեջ են։ Գործով իրականացված դատավարությամբ չեն ապահովվել ՀՀ օրենքով որոշված խնդիրները. անձը, հասարակությունը եւ պետությունը չեն պաշտպանվել հանցագործությունից։ Անձը եւ հասարակությունն անպաշտպան են մնացել Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովող մարմնի ինքնիրավ գործողություններից։ Ծանր հանցանք գործած անձինք բացահայտված չեն։ Ավելին՝ հրապարակային դատավարությամբ նորից ահաբեկվել է հասարակությունը։ Որպես ՀՀ գլխավոր մեղադրող՝ Դուք պարտավոր եք վճռաբեկության կարգով բողոքարկել դատավոր Մ. Մարտիրոսյանի անհիմն եւ անօրինական դատավճիռը»։ Միանգամից նշենք, որ խորհրդի նիստին շուրջ 20 ներկաներն անմիջապես ստորագրեցին այս դիմումը։ Աշոտ Բլեյանն ակնկալում է, որ ստորագրողները հազարավորները կլինեն (ստորագրահավաքի համար սեղաններ են տեղադրելու փողոցներում ու հրապարակներում)։ Եվ հասարակական կարծիքի ճնշման ներքո դատախազությունը ստիպված կլինի դիմել այս քայլին՝ եթե ոչ հիմա՝ թեկուզ մեկ ամիս կամ որոշ ժամանակ անց. «Մեկ է՝ ժամկետ չունի կատարված հանցագործության բացահայտումը, եւ մենք հանգիստ կարող ենք շաբաթներ շարունակ հավաքել ստորագրությունները»։ Սակայն Արամ Թամազյանն անգամ մինչեւ դատավճիռն էր բազմիցս պնդել, թե սա հենց անզգույշ սպանություն է (լռության մատնելով, որ ՔՕ-ում կա այս հանցագործությանն առավել համապատասխանող մեկ այլ հոդված՝ 105-ի 2-րդ մասը. դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որի հետեւանքով տուժողը մահացել է)։ «Առավոտը» խորհրդի նիստի մասնակիցներին հիշեցրեց գլխավոր դատախազի այս հայտարարություններն ու հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրատեսական համարում, որ ստորագրահավաքը կստիպի Արամ Թամազյանին բողոքարկել դատավճիռը կամ գոնե պատճառաբանել, թե ինչու չի անում դա։ Եվ պրն Բլեյանը դարձյալ շեշտեց, որ նա պիտի ստիպված լինի անել դա. «Թող գլխավոր դատախազը չպատասխանի այս դիմումներին կամ չընդունի՝ իր գործն է։ Մենք պիտի անենք այս քայլը, եւ գիտեմ նաեւ հաջորդ քայլերն էլ, որ կարող ենք անել»։ Նա պատրաստակամություն հայտնեց դիմումին կից տեղեկանքում ներառել այն փաստերը, որոնք ապացուցում են, թե սա անզգույշ սպանություն չէր, օրինակ՝ Պողոս Պողոսյանի դիակի լուսանկարները, ականատեսների բացատրությունները եւ այլն։ Ի դեպ, Աշոտ Բլեյանը հայտնեց, որ նիստին հրավիրել էր Պողոս Պողոսյանի եղբորը՝ Անդրանիկին. «Ինքը հարմար գտավ խորհրդակցել այն կազմակերպության հետ, որ ինքը ներկայացնում է»։ Բլեյանը կարեւոր չի համարում՝ Պողոս Պողոսյանը դաշնակցական էր կամ վրացահայ. «Խոսքը մարդու մասին է, որին Հայաստանի Հանրապետությունում սպանել են բոլորի աչքի առաջ եւ սպանել են հայտնի մարդիկ։ Մենք չենք կարող նստել, նիստեր ու ժողովներ անել, խոսել ինչ-որ բաներից, երբ մեր կյանքը վտանգված է»։ Այս մտահոգությունն էլ, իհարկե, անմիջապես կորակվի իբրեւ շահարկում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ