Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորականները հայտարարում են

Մարտ 19,2002 00:00

Կամավորականները հայտարարում են Տարածաշրջանային վերջին զարգացումները եւս մեկ անգամ գալիս են հաստատելու, որ օտար ուժերը շարունակում են դիտել Կովկասը (Հարավային եւ Հյուսիսային) որպես իրենց ռազմավարական շահերի բախման թատերաբեմ։ Սեպտեմբերի 11-ին հաջորդած համաշխարհային վերադասավորումների եւ գերպետությունների ակտիվացման ֆոնի վրա սա կարող է խիստ վտանգավոր անդրադարձ ունենալ ինչպես արցախյան հիմնահարցի, այնպես էլ Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա։ Տարանցիկ ուղիներ եւ ռազմաքաղաքական պլացդարմներ ապահովելու նպատակով գերպետությունները եւ նրանց դաշնակիցները ամեն կերպ փորձում են ներթափանցել տարածաշրջան։ Օտարածին բարքերի մուտքը կովկասյան ավանդապաշտ ժողովուրդներին պարտադրում է բարոյական անկում եւ հետամնացություն, թմրամիջոցներ։ Բազմազգ տարածաշրջանում իրենց ավելի մեծ ներկայության անհրաժեշտությունը հիմնավորելու համար արտաքին ուժերը բորբոքում են հին եւ ստեղծում նոր անկայունության օջախներ։ Ղարաբաղյան հիմնախնդրով միջնորդները շարունակում են պարտադրել կողմերին կարգավորման այնպիսի տարբերակ, որը անխուսափելիորեն կհանգեցնի նոր պատերազմի եւ հնարավորություն կտա հիմնավորելու, այսպես կոչված, «խաղաղարարների» մուտքը տարածաշրջան։ Ավելին, ուժային գործողությունների համար հավելյալ բարոյական հիմնավորում ունենալու նպատակով, անհեթեթ փորձ է կատարվում Ղարաբաղը ներկայացնել որպես թմրաբիզնեսի տարանցիկ ուղի։ Սա անհանդուրժելի է։ Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող անկայունության նույնքան կարեւոր օջախ է Վրաստանը։ Հակամարտությունները այդ տարածքում ֆիզիկապես եւ տնտեսապես սպառնում են հայկական Ջավախքի բնակչությանը, վիրահայությանը եւ աբխազահայությանը, ինչպես նաեւ ունակ են ամբողջովին կազմալուծելու Հայաստանի արտաքին հաղորդակցությունը։ Վրացական իշխանությունները ամենավնասակար դերակատարությունն ունեն այս հարցում, քանի որ մշտապես տարածաշրջան են հրավիրում օտար ուժեր։ Գերպետություններից բացի, նրանք նպաստում են Թուրքիայի ռազմական եւ տնտեսական էքսպանսիային դեպի Կովկաս։ Այս պայմաններում, հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության հրամայականով թելադրված, Հայաստանը պարտավոր է վարել ակտիվ կովկասյան քաղաքականություն։ Նա չպետք է թույլ տա որեւէ արտաքին պարտադրանք ղարաբաղյան կարգավորման հարցում, ինչպես նաեւ որեւէ ձեւով օտար ռազմական միջամտություն։ Վրաստանի կայունությունը, այնտեղ ապրող ժողովուրդների համերաշխ գոյակցությունը, օտար եւ հատկապես թուրքական ներկայության խիստ սահմանափակումը Հայաստանի ազգային անվտանգության առաջնահերթ խնդիրներն են։ Առողջ ազգայնականության հիմքի վրա պետք է կառուցվի կովկասյան բոլոր ժողովուրդների գործակցությունը՝ հանուն Հյուսիսային եւ Հարավային Կովկասում անվտանգության հաստատման։ Կովկասյան ժողովուրդները ունակ են ինքնուրույն ապահովելու ինչպես իրենց, այնպես էլ Կովկասով անցնող հաղորդակցության ուղիների անվտանգությունը։ Հայ կամավորականները ամենաակտիվ մասնակցությունն են ունենալու ինչպես Հայաստանի կովկասյան քաղաքականության, այնպես էլ մյուս ազգերի կամավորականների հետ համագործակցության գործում։ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել