Անունը կա, իսկ ամանո՞ւմ Սովորաբար ուսումնական հաստատությունները տեղակայվում են համեմատաբար խաղաղ վայրերում՝ արդարացնելով այդ հաստատությունների առաքելությունը՝ ապահովել կանոնավոր դասապրոցես։ Բայց, ցավոք, մեր բուհերից մի քանիսը, մեզ անհայտ տրամաբանությամբ, գտնվում են քաղաքի անհամեմատ աղմկոտ մասերում։ Մասնավորապես, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողները շրջապատված են աղմուկի անսպառ աղբյուրներով։ Փողոցային երթեւեկության անխուսափելի աղմուկին մի առանձին «համ ու հոտ» է հաղորդում «Լունապարկից» հնչող, չէ, պայթող երաժշտությունը։ Սրանց էլ ավելացել է նոր դրկից. ժամանակ առ ժամանակ սրճարանն է պարտադրում իր երաժշտական ճաշակը։ Աշխարհիկ այս վայելքներին իրենց հոգեւոր ներկայությունն են խառնում նաեւ Մայր տաճարի ախորժալուր զանգերը։ Սա, իհարկե, եզակի դեպք չէ մեր քաղաքում։ Ոչ միայն այգիների, սրճարանների, նաեւ շատ ձայնագրման կետերի կարող ենք հանդիպել, որոնք գտնվում են ուսումնական հաստատությունների, բնակելի շենքերի կողքին եւ խաթարում են շրջապատի անդորրը։ Փորձեցի պարզել, թե կա՞, արդյոք, օրենք, ըստ որի երաժշտությունը չպետք է հնչի որոշակի սահմաններից բարձր։ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետի տեղակալ Վազգեն Ղազարյանը տեղեկացրեց. – Գոյություն ունեն սանիտարական նորմեր, որ գործում են դեռեւս խորհրդային ժամանակներից։ Նորմերը չբավարարելու դեպքը կոչվում է «լռության խախտում» եւ դրա համար նշանակված է տուգանք՝ N180 հոդվածի համաձայն։ Հաջորդ օրը փոքրիկ շուրջայցի ժամանակ հարցրի մի քանի ձայնագրման կետերի, սրճարանների աշխատողների, թե արդյոք տեղյա՞կ են տուգանքի մասին, որ նշանակված է չափից դուրս բարձր երաժշտության համար։ Պարզվեց, որ տեղյակ չեն (կամ էլ անտեղյակ են ձեւանում ), թե գոյություն ունեն սանիտարական նորմեր, ուր մնաց տուգանքի մասին իմանան։ Մի քանիսն էլ զարմացած հարցրին. «Դա ինչ է, նո՞ր են հնարել»։ ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ Ուսանողուհի