Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԿԱՆ ԴԵՌ ՀԵՌՈՒ Է ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒՑ

Մարտ 19,2002 00:00

ՆԵՐԿԱՆ ԴԵՌ ՀԵՌՈՒ Է ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒՑ Սակայն սեղանի թենիսը Հայաստանում զարգանալու հեռանկարներ ունի: Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց սեղանի թենիսի Հայաստանի անհատական-թիմային առաջնությունը։ Հինգ օր շարունակ Երեւանի, Գյումրիի եւ հանրապետության մյուս քաղաքների ու մարզերի փոքր ռակետի 100-ից ավելի վարպետները պայքարում էին չեմպիոններին ու մրցանակակիրներին որոշելու համար։ Մրցումներում, ինչպես միշտ, գերազանց հանդես եկավ երեւանցի Դավիթ Սարգսյանը, որը վերջին ժամանակներս պայմանագրով հանդես է գալիս Ռուսաստանի ակումբներից մեկում։ Դավիթը հավասարը չունեցավ ինչպես տղամարդկանց մենախաղերում, այնպես էլ զուգախաղերում՝ ընկերակցելով Մեսրոպ Ղուկասյանի (տղամարդկանց զուգախաղեր) եւ Աննա Պողոսյանի (խառը) հետ եւ դարձավ Հայաստանի բացարձակ չեմպիոն։ Ի դեպ, մասնագետները միահամուռ նշում էին, որ Դ. Սարգսյանի խաղում զգացվում է ինքնավստահության բարձրացում, որը պայմանավորված է ՌԴ-ում նրա մարզվելով եւ հարուստ խաղային պրակտիկայով։ Կանանց մենախաղերում հանրապետության չեմպիոն դարձավ Աննա Պողոսյանը, իսկ զուգախաղերում պատվո պատվանդանի առաջին աստիճանին բարձրացավ Լուսինե Հովհաննիսյան-Լուիզա Նազարյան երկյակը։ Առաջնությունը ցույց տվեց, որ սեղանի թենիսը, որ ժամանակին Հայաստանի մարզական յուրատեսակ այցեքարտերից է եղել, բավականաչափ հետ է մնացել մարզաձեւին ներկայացվող ներկայիս պահանջներից։ Ու թերեւս դա էր պատճառը, որ «Դինամոյում» նոր ու հեռանկարային մարզիկ-մարզուհիներ գրեթե ի հայտ չեկան։ Միակ բացառությունը երիտասարդ Մեսրոպ Ղուկասյանն էր, որը մեկ «ոսկի» նվաճեց տղամարդկանց զուգախաղերում եւ «արծաթ»՝ մենախաղերում։ Մնացած բոլոր դեպքերում սեղանների առջեւ ծավալված պայքարում տոն էին տալիս վետերանները։ Ասվածը նախ եւ առաջ վերաբերում է կանանց։ Այստեղ գլխավոր գործող անձինք էին մայր դառնալուց հետո վերստին մեծ սպորտ վերադարձած Աննա Պողոսյանը եւ Լուսինե Հովհաննիսյանը։ Առաջնության ավարտին զրուցեցինք սեղանի թենիսի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ, որն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ստանձնել է մարզաձեւի ղեկավարի պարտականությունը։ Հայաստանում սեղանի թենիսի ներկայիս վիճակի մասին մեր տեսակետները համընկնում էին։ «Առաջնության մասնակիցների ցույց տված խաղամակարդակը շատ հեռու է բավարար լինելուց,- ասաց նա։- Եվ դրա մեղավորը մենք ենք»։ – Ստանձնելով ֆեդերացիայի նախագահի պարտականությունը՝ դուք, հավանաբար, գիտեիք, թե ինչ ժառանգություն եք ստանում։ Ենթադրելի է, որ նաեւ ունեք մարզաձեւը ճգնաժամից դուրս բերելու որոշակի ծրագրեր։ – Սեղանի թենիսը Հայաստանում լավ ավանդույթներ եւ ուժեղ դպրոց է ունեցել։ Եվ դատելով այս առաջնությունում մասնակիցների ոգեւորությունից ու հանդիսականների թվից, հույս կա, որ հնարավոր է վերականգնել մարզաձեւի բարի համբավը։ Մի քանի ամիս է, ինչ ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ եւ իմ առաջնային խնդիրը տեսնում եմ մանկապատանեկան թենիսը զարգացնելու մեջ։ Դրա համար պետք է ստեղծել մարզումային պայմաններ։ Շատ եմ կարեւորում նաեւ միջոցառումների ծրագիրը ճիշտ կազմակերպելը։ Հարկավոր է անել հնարավոր առավելագույնը, որպեսզի մեր պատանիներն ու երիտասարդները շատ մասնակցեն տարբեր մրցաշարերի։ Առանց խաղային պրակտիկայի առաջընթաց չի կարող լինել, անգամ, եթե տեղում բարելավվեն պայմաններն ու մարզումների որակը։ Ճիշտ է, մարզաձեւը Հայաստանում ամուր հիմքերի վրա դնելու եւ հետագա զարգացումն ապահովելու համար ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջվում, որի լուծմանն արդեն իսկ սկսել ենք ձեռնամուխ լինել։ Հավատացած եմ, որ այս ամենի պտուղները տեսնելու համար շատ երկար ժամանակ չի պահանջվի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել