Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնապաշտպանություն

Մարտ 19,2002 00:00

Ինքնապաշտպանություն Երեկ Ազգային ժողովում սկսվեց հերթական եռօրյա նիստը: Օրակարգում, ի շարս այլ օրինագծերի, նախատեսվում է քննարկել եւ վավերացնել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիան»: ՀՀ Սահմանադրական դատարանն արդեն քննարկել է վերջինիս, բացառությամբ՝ Կոնվենցիայի 6-րդ արձանագրության, համապատասխանությունը ՀՀ գործող Սահմանադրությանն ու դրական եզրակացությամբ ուղարկել օրենսդիր մարմին: Հիշեցնենք, որ հիշյալ 6-րդ արձանագրությունը վերաբերում է մահապատժի վերացմանը, որի շուրջ արդեն մոտ մեկ տարի լարվում են ՀՀ ներքաղաքական կրքերը: ԱԺ օրենսդիրներից մեկը տեղեկացրեց, թե Կոնվենցիան կքննարկվի առանց 6-րդ արձանագրության, նախ՝ որովհետեւ այն դեռ ԱԺ-ին ներկայացված չէ եւ նպատակահարմար էլ չէ: Կարծիք կա, թե Քոչարյանին ու նրան սատարող ուժերին հիմա ձեռնտու չէ մահապատժի վերացման հարցը քննարկման առարկա դարձնել, այն էլ՝ նախընտրական շրջանում: Չէ՞ որ այդ դեպքում հասարակությունը նրանց կմեղադրի Ն.Հունանյանին տված անվտանգության երաշխիքներն ի կատար ածելու, ոճրագործներին պաշտպանելու մեջ: Իսկ այսօր ոչ ոք դրան չի գնա, թեեւ, մյուս կողմից՝ եթե անկեղծ լինենք, նախագահին շատ ձեռնտու կլինի Ն.Հունանյանին մահապատժի ենթարկել: Անշուշտ, սա էլ իր հերթին համարյա անիրագործելի է, որովհետեւ մահապատժի վճռի պարագայում Ն.Հունանյանը կարող է սկսել մերկացումներ անել: Ինչեւէ: Այսօր խնդրո առարկայի շուրջ փոխադարձաբար մերժելի տեսակետները հայտնի են՝ նախագահ Քոչարյանն ու իշխանամետ ուժերը շարունակում են պնդել, թե Հայաստանը Եվրախորհուրդ մտնելիս, ստանձնած մի շարք պարտավորությունների թվում, համաձայն է նաեւ վերացնել մահապատիժը՝ որպես առավելագույն պատժամիջոց: Մյուս կողմից՝ մահապատժի պահպանման կողմնակիցները պնդում են, թե առավելագույն այդ պատժամիջոցի վերացումը ուղղակիորեն կարող է ազատ արձակել ահաբեկչության նկատմամբ «թուլություն» դրսեւորած ուժերի ու անհատների ձեռքերը: Ավելին, մի երկրում, որտեղ տեղի է ունեցել պետության դեմ ուղղված այնպիսի հրեշավոր ոճրագործություն, ինչպիսին է «Հոկտեմբերի 27»-ը, երբ առավել եւս ոճրագործն է մտահոգված եղել իրեն մահապատժի ենթակել-չենթարկելու խնդրով ու ստացել է «27»-ի կազմակերպմանն առնչություններ ունենալու մեջ կասկածվող նախագահ Քոչարյանի երաշխավորությունը, ոճրագործների նկատմամբ մահապատիժ չկիրառելը նույնացվում է հանցագործություն կատարելու հետ: Հայաստանում այդ հարցը պակաս ցավագին կլիներ, եթե չլիներ «27»-ը: Բայց փաստն այն է, որ 99-ին ԱԺ-ում տեղի ունեցածից հետո մահապատժի վերացման հարցը մարդու իրավունքների պաշտպանության ու զուտ իրավական դաշտից տեղափոխվել է նաեւ քաղաքական դաշտ: Կա մեկ այլ իրականություն՝ հատուկ մերի տիպի կոռումպացված ու ժողովրդավարությունից հեռու երկրներին, որտեղ դատական, արդարադատ մարմիններն ամբողջովին կախված են իշխանություններից ու առաջնորդվում են վերջիններիս հրահանգ-պետվերներով՝ հաճախ շրջանցելով օրենսդրական դաշտը կամ այն հարմարեցնելով իրենց շահերին: Ուստի, ՀՀ-ում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մահապատժի փոխարեն ցմահ բանտարկության դատապարտվածը մի գեղեցիկ օր ազատության մեջ չի հայտնվի: Կարծիք կա, թե մեր պաշտոնյաները, որոնք մահապատժի վերացման հարցում վկայակոչում են Արեւմուտքը՝ մոռանում են, որ նույն այդ Արեւմուտքին համոզելու եւ ընդունելի փաստարկներ ներկայացնելու խնդիրն էլ հասարակությունն իրենց է վստահել: Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ Արեւմուտքն էլ այդ խնդրին, ըստ էության, վերապահումով է վերաբերվում: Դրա լավագույն օրինակը. «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունից հետո Արեւմուտքը ահաբեկչական օջախներ կամ «չարիքի առանցք» համարվող Աֆղանստանի դեմ ռազմական գործողություններ սկսեց՝ դառնալով հարյուրավոր անմեղ աֆղանցիների մահվան պատճառ: Ե՛վ Արեւմուտքը, ե՛ւ ամերիկացիները դա երկու ձեռքով պաշտպանում են, որովհետեւ ուզում են անպայման վրեժխնդիր լինել: Օրերս OPT-ն, որ քննարկում էր ՌԴ-ում մահապատժի վերացման հարցը, այսպիսի եզրակացության հանգեց. ահաբեկչության թիրախ դարձած ու այդ չարիքի դեմ պայքարելու բավարար լծակներ չունեցող պետության համար մահապատիժը ոչ թե սոսկ պատժամիջոց է, այլ՝ անհրաժեշտ ինքնապաշտպանություն, որը պետությունն ինքը պետք է իրականացնի՝ չթողնելով քաղաքացիների վրեժխնդրության հույսին: Այս փաստարկը, թերեւս, ավելի շատ վերաբերում է նաեւ Հայաստանին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել