ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Դատախազությունը վերջերս որդեգրել է վաղեմության պատկառելի ժամկետ ունեցող դեպքերի վերաբերյալ հայտարարությունների հիման վրա գործ հարուցելու գործելակերպը։ Ահա եւս մի նման հայտարարություն։ Այն վերաբերում է ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ-ի) նախկին հրամանատար, իսկ ներկայումս՝ Լոռու մարզի տարածաշրջանային վարչության պետի տեղակալ Գեորգի (Ժորա) Գրիգորյանին։ Վերջերս նրա անունը արծարծվեց «սեւ գնդապետների» գործի առնչությամբ, քանզի Գեորգի Գրիգորյանն էլ էր նախ 2000-ին հարցազրույց տվել, իսկ հետո՝ 2001-ի աշնանը՝ ցուցմունք, որ 1995-ի հունիսին իրեն ծեծի են ենթարկել Վազգեն Սարգսյանը, Արծրուն Մարգարյանը, Մովսես Գեղանգուլյանը եւ Մուշեղ Սաղաթելյանը։ Մինչդեռ մեր խմբագրություն այցելած Արմեն Հակոբյանի, որ «Արծիվ» Մահապարտների հատուկ գումարտակի 8-րդ դասակի հրամանատարն էր եւ «Արամ Մանուկյան» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհրդի նախագահը, վկայություններից պարզվում է, որ բռնություններ գործադրելուն դեմ չէր նաեւ ինքը՝ Գեորգի Գրիգորյանը։ Եվ այսպես, Արմեն Հակոբյանը պատմեց 1992 թ. սեպտեմբերի 24-ին կատարված ապօրինության, դրան նախորդած ու հաջորդած դեպքերի մասին. «1992-ին վերադարձանք Մարտակերտից, որտեղ մեր կազմակերպությունը զոհեր եւ վիրավորներ էր տվել։ Եվ քանի որ Հայաստանում աշխատանք չկար, պայմանները ծանր էին՝ չէինք կարողանում նյութական օգնություն ցույց տալ մեր զոհվածների ընտանիքներին, վիրավոր ազատամարտիկներին։ Գոնե որոշ չափով նրանց օգտակար լինելու համար՝ գնացինք, Կալինինոյից բենզին բերեցինք։ Օրինական գնել էինք վրացիներից, օրինական ներմուծել, բերել Երեւան։ Այն ժամանակ նաեւ օրենք կար, ըստ որի՝ բենզինի վաճառքով զբաղվողները պիտի 20-ական տոկոս հատկացումներ անեին այն շրջանի գործկոմին եւ ՆԳ բաժնին, որտեղ կատարվում էր վաճառքը։ Կատարել էինք օրենքի նաեւ այդ պահանջը, թույլտվություն ստացել, եւ կենտրոնում երկու տեղ կազմակերպեցինք վաճառքը։ Բայց ՕՄՕՆ-ի հրամանատար Գրիգորյան Ժորայի կարգադրությամբ՝ հատուկ ջոկատի մի քանի ավտոմատավորներ սեպտեմբերի 24-ին ապօրինի առգրավեցին այդ բենզինը։ Կոպիտ ասած՝ «ռեկետ» արեցին ու տարան ՕՄՕՆ։ Մենք գնացինք, որ բենզինը հետ ստանանք։ Բոլոր փաստաթղթերով ներկայացանք Գրիգորյան Ժորային, ցույց տվեցինք, որ վաճառքն օրինական է։ Բայց նա ուշադրության չարժանացրեց, արհամարհեց, անտեսեց նաեւ այն փաստը, որ բենզինը բերել էինք ոչ թե հարստանալու նպատակով, այլ մեր զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին օգնություն ցույց տալու համար։ Եվ դատարկեց բենզինն ՕՄՕՆ-ի հորը։ Մեր ընկերներից մեկը՝ Աղաբեկ Հարությունյանը, որը 2-րդ կարգի հաշմանդամ է եւ 1992-ին նոր էր վիրավորվել՝ մոտեցավ եւ ասաց, թե՝ չի կարելի, բերել ենք այս նպատակով։ Նրանից ուզեցին մեքենայի բանալին՝ չտվեց։ Գրիգորյան Ժորան, նրա օպերատիվ բաժնի պետը եւ մի քանի այլ աշխատակիցներ սկսեցին հրել Աղաբեկին, փորձեցին զոռով ձեռքից վերցնել բանալին։ Այդ պահին ես մոտեցա։ Բայց մի քիչ ուշ մոտեցա, քանի որ մի 100 մետր հեռու էի կանգնած։ Մինչեւ իմ մոտենալն Աղաբեկին արդեն մի քանի անգամ խփել էին եւ այն աստիճանի նույնիսկ, որ նա հավասարակշռությունը կորցրեց, ընկավ գետնին։ Ես եմ մոտեցել-բարձրացրել, նրանց հրել մի կողմ։ Նորից խփեցին՝ ինձ էլ, Աղաբեկին էլ։ Մենք 2-3 հոգով էինք՝ ամբողջ ՕՄՕՆ-ի դեմ։ Մի փոքր էլ դիմադրեինք՝ կծեծեին արդեն 100-150 հոգով։ Հեռացանք։ Հարվածների հետքերը, կապտուկները դեռ երկար ժամանակ մնացին։ Մի քանի անգամ գնացել-հետեւել եմ եւ տեսել, թե Ժորան ոնց է այդ բենզինը տալիս մի կնոջ, որը զբաղվում էր բենզինի վաճառքով։ Չգիտեմ, փողը նախօրո՞ք էր տալիս Ժորային, թե՞ վաճառքից հետո։ Բայց գիտեմ, որ այդ բենզինը պետության համար չէ, որ օգտագործվեց, այլ, պատասխանատվությամբ հայտարարում եմ. միայն Ժորայի անձնական կարիքների եւ շահերի համար»։ Բոլոր համապատասխան փաստաթղթերը կան մինչեւ այժմ։ Եվ եթե դատախազությանը հետաքրքրի այս վկայությունը, որ վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով գույքի հափշտակմանը, իշխանազանցությանը եւ ծեծին՝ Արմեն Հակոբյանը պատրաստակամ է այդ փաստաթղթերը ներկայացնել նախաքննության մարմնին։ Թեեւ հաշմանդամ Աղաբեկ Հարությունյանը, որի նկատմամբ այդ օրն ամենաշատն էր բռնություն կիրառվել, այժմ Ռուսաստանում է՝ Արմեն Հակոբյանը խոստացավ, որ եթե պետք լինի՝ նա էլ կգա Հայաստան։ Ի դեպ, նա մեզ ասաց, թե դեռ բոլոր մանրամասները չի պատմում, թեեւ շատ այլ բաներ գիտի այն տարիներին կատարված ապօրինությունների եւ նույնիսկ հանցագործությունների մասին, երբ Ժորա Գրիգորյանը ՄՀՆՋ հրամանատար էր։ Արմեն Հակոբյանը խնդրեց դատախազությանը՝ այս հրապարակումը դիտարկել իբրեւ հայտարարություն հանցագործության մասին եւ քրեական գործ հարուցել Գեորգի Գրիգորյանի նկատմամբ։ Մեր կողմից հավելենք՝ ոչինչ, որ Գեորգի Գրիգորյանը «27»-ին Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առնչության մասին որեւէ հայտարարություն չի արել։ Եթե դատախազությունը միայն քաղաքական պատվերներով չէ, որ գործում է՝ այս անգամ էլ պիտի գործ հարուցվի՝ անկախ վաղեմության ժամկետից։ Ընդսմին, Գեորգի Գրիգորյանը գոնե գործող պաշտոնյա է եւ, վերջապես ի տարբերություն զոհվածների, որոնց նկատմամբ այժմ քննություն է տարվում, կենդանի է՝ հնարավորություն ունի պաշտպանվելու։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ