Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՌԱՄՅԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆ

Մարտ 16,2002 00:00

ՔԱՌԱՄՅԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆ Կամ Հայաստանի պետականության քայքայումը Սկիզբը՝ նախորդ համարում: Խունտայի անդամ դառնալով, Վ.Սարգսյանը ենթադրում էր, որ ինքն է ստանձնելու առաջին ջութակի դերը: Մյուս անդամներն ակնհայտորեն նրա գիտակցության մեջ դա ամրապնդում էին, եւ Վ.Սարգսյանը պետական հեղաշրջումից հետո համաձայնեց, որ իրենց երեքից երկրում առավել թույլ դիրք ունեցողը դնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Եվ սա չնայած այն բանին, որ մինչ այդ երեքով պայմանավորվել էին, որ իրենցից որեւէ մեկը նախագահի թեկնածու չի լինելու: Սա Վ.Սարգսյանի խունտայի անդամ դառնալուց հետո երրորդ կոպիտ սխալն էր, որը կանխորոշեց նրա վախճանը: Վ.Սարգսյանն այս անգամ խաբվեց մանուկի պես: Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը կարողացան օգտագործել Վ.Սարգսյանի հնարավորությունների առավելագույնը: Չզգալ օգտագործվելը մի բան է, բացահայտ խաբվելը՝ մի ուրիշ: Հարցն այն է, որ նոր նախագահի թեկնածու համարվողը, որի անունը շոշափվում էր այդ օրերին, մինչեւ նախագահի հրաժարական տալը որեւէ ձեւով հայտնի չէր դարձրել իրեն արված առաջարկության նկատմամբ իր վերաբերմունքը, իսկ ահա հրաժարականից անմիջապես հետո լուր տարածվեց, որ այդ թեկնածուն կտրուկ հրաժարվել է առաջարկից: Սա ցույց է տալիս, որ այդ թեկնածուն հեղաշրջման գործուն մասնակից էր եւ, խունտայի մյուս անդամների հետ գործարքի մեջ մտնելով՝ Վ.Սարգսյանից քողարկել էր նրանց իսկական մտադրությունները: Դժվար է ենթադրել, թե Վ.Սարգսյանը ինչպես էր պատկերացնում իր առաջնային դերը խունտայի մեջ, երբ դրա մյուս երկու անդամների փոխադարձ բազմաբնույթ կապվածությունները չէին կարող կասկած չհարուցել: Մի բան պարզ է, պաշտոնեական արագ առաջընթացի ազդեցությունը եւ իր շրջապատի քծնողների բանակի «ջանքերը» իզուր չէին անցել՝ երիտասարդ Վ.Սարգսյանը «ամենակարողությունից» գլխապտույտի մեջ էր ընկել եւ ի վիճակի չէր համարժեք գնահատել երեւույթները: Նրա քաղաքական գիտելիքները, իրենց հերթին, մակերեսային էին եւ ավանդականությամբ կաղապարված: Ինչեւէ, Վ.Սարգսյանն այն մարդն էր, որ Քոչարյանին կարգեց Հայաստանի նախագահ: Այդ նպատակով նա օգտագործեց իր բոլոր հնարավորությունները եւ դրանով սպառեց իր արժեքը Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի աչքում: Քոչարյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց արդեն Վ.Սարգսյանի շրջապատից համառ լուրեր էին գալիս, որ նա «զղջացել» է իր արարքի համար: Բայց արդեն ակնհայտ էր, որ նա ետդարձի ճամփա չունի: Խունտայի անդամները նրա հետ խոսելիս այլեւս չէին կակազում եւ մանվածապատ մտքեր չէին արտահայտում: Զգալով իր ճակատագրական սխալը եթե ոչ երկրի, ապա գոնե իր անձի ապագայի համար, նա ամբողջապես նետվեց քաղաքականության մեջ: Գործող քաղաքական դաշտում միայն մեկ անձնավորություն կար, որի հետ համագործակցությունը իսկապես կարող էր ուժեղացնել նրա դիրքերը: Դա Կարեն Դեմիրճյանն էր՝ Քոչարյանի երեկվա մրցակիցը: Վ.Սարգսյանի եւ Կ.Դեմիրճյանի անձերով պայմանավորված քաղաքական խառնիճաղանջ նոր դաշինքի ստեղծումը բացահայտ մարտահրավեր էր Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին: 1999թ. մայիսյան ընտրություններում «Միասնություն» դաշինքի շռնդալից հաղթանակը Քոչարյանի «դիտորդի» կարգավիճակի երկրորդ սերիայի սկիզբը դրեց: Բայց եւ՛ Վ.Սարգսյանը, եւ՛ Կ.Դեմիրճյանը չէին տիրապետում ժամանակակից քաղաքական իրողությունների տրամաբանությանը: Այնինչ, Հայաստանում քաղաքական պայքարը մտել էր մի հուն, որը շատ հայտնի էր խունտաների եւ հեղաշրջումների պատմության օրինակներից: Քաղաքականության պատմությունից անտեղյակ եւ ինքնավստահ Վ.Սարգսյանը չէր հասկանում՝ երբ հակասությունները քաղաքական դաշտում անլուծելի են դառնում, դրանք տեղափոխվում են այլ դաշտեր, այդ թվում՝ քրեական: Նա քամահրում էր բոլոր զգուշացումները, չէր արժեւորում իր գլխին կախված սպառնալիքը եւ կտրուկ քայլերի չէր դիմում, երբ մեկը մյուսի հետեւից սպանվում էին իր համախոհ բարձրաստիճան պաշտոնյաները: Նրա մտքով չէր անցնում հիշել ղարաբաղյան չբացահայտված սպանությունների ալիքը: Եվ Վ. Սարգսյանը սպանվեց, սպանվեց լկտի, նողկալի եւ ստորացուցիչ ձեւով: Չէր կարող չսպանվել նաեւ Կ.Դեմիրճյանը՝ նրա հնում փորձված, բայց նորը չհասկացող հզոր դաշնակիցը, որի ազդեցությունը միանգամից սպառնալից կդառնար, եթե Վ.Սարգսյանից հետո նա կենդանի մնար: Խորհրդարանական մորթին հաջորդած ժամերը եւ օրերը ցույց տվեցին Վ.Սարգսյանի եւ Կ.Դեմիրճյանի շրջապատի քաղաքական ամլությունը: Քոչարյանին դեմ տալով պատին՝ նրանք սկսեցին նրա հետ առեւտուր անել: Քոչարյանը կարողացավ այդ շրջապատը իր համար օգտագործել որպես շանթարգել: Նրան ժամանակ էր պետք եւ հանուն դրա նա համաձայնեց վարչապետ նշանակել սպանվածի եղբորը՝ Արամ Սարգսյանին: Այդ սրտաճմլիկ եւ էժան քայլը երկրի զարգացման շահերի հետ ոչ մի առնչություն չուներ: Այո, հենց այդպես, անփորձ, երկրի կառավարման հետ երբեք չառնչված մարդուն նշանակեց վարչապետ: Հասկացողը հասկացավ ինչ է կատարվում, բայց անհնարին էր չզարմանալ, թե այդ շրջապատը ինչպիսի եռանդով էր կատարում Քոչարյանի սցենարով իրեն հատկացված դերը: Դրա հայտնի անդամները, լինելով քաղաքականապես անշրջահայաց եւ նորելուկ գործիչներ, անմիջապես կուլ տվեցին այն խայծը, որը նետվել էր քոչարյանամետ շրջանակներից, թե իբր Քոչարյանի հետ իրենց հարաբերությունների սրումը ձեռնտու է մի երրորդ կողմի, որը ձգտում է վերադառնալ իշխանության: Այդ ընթացքում Քոչարյանը բացահայտ առեւտրի մեջ էր մտել կուսակցությունների եւ խորհրդարանական խմբակցությունների հետ: Գործադիր մարմինների պաշտոնները բացահայտ առուծախի առարկա էին դարձել: Վեց ամիսը լիուլի բավարարեց Քոչարյանին, որպեսզի պառակտելով նրանց եւ իշխանությունից հեռացնելով Վ.Սարգսյանի եղբորն ու նրա աջակիցներին, ավարտի «դիտորդի» կարգավիճակի իր երրորդ սերիան: Քոչարյանը խորհրդարանական մեծամասնության քայքայումը վավերացրեց հանրապետական Անդրանիկ Մարգարյանին վարչապետ նշանակելով: Խորհրդարանական ուժերի քայքայման գործին լծված էին «Միասնություն» դաշինքի կիսագրագետ եւ անսկզբունք անձինք, որոնք մեծ հաճույքով օգտագործվում էին հանուն տարաբնույթ անձնական շահերի: Սրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ քայքայման էին ենթարկվում հատկապես խորհրդարանական այն ուժերը, որոնց ներսում պայքար էր ընթանում իշխանությունների հետ համագործակցելու կամ նրան ընդդիմանալու ուղղություններով: Ներքաղաքական խարդավանքները այսպես բզկտեցին եւ՛ ՀԺԿ-ն, եւ՛ Հանրապետականը, եւ՛ Կոմկուսը, եւ՛ ԱԺՄ-ն: Իսկ իշխանամետ ՀՅԴ-ն ունեցավ միայն «ձեռքբերումներ»: Յուրօրինակ «Օրինաց երկիրը» ծալծլված վիճակում քաղաքական անլրջության մարմնացում էր եւ դրա համար էլ իշխանական փշրանքներից օգտվում էր միջնորդավորված ձեւով: Քաղաքական դաշտը ավելի պղտորելու համար հընթացս ստեղծվում եւ հավատարմագրվում էին իշխանամետ «կառուցողական» նոր կուսակցություններ՝ «Հզոր հայրենիք», «Արժանապատիվ ապագա», «Ազգային անվտանգություն» եւ այլն: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական այս անդեմ զանգվածը Քոչարյանին մեծ ծառայություն մատուցեց հատկապես հոկտեմբերի 27-ից հետո: Բացահայտ ընտրակաշառքներով խորհրդարանում հայտնվածներից եւ պատվերով ստեղծված միավորումներից ուրիշ բան սպասելն անմտություն է: բ) Պառակտումներ Սրանք Քոչարյանի օրոք ներքաղաքական խարդավանքների արդյունք էին: Ի տարբերություն նախորդ իշխանության օրոք եղած նման երեւույթների, որոնք խթանվում էին հեղափոխական փոփոխությունների նկատմամբ հասարակության որոշ մասի ոչ համարժեք վերաբերմունքից, առանձին գործիչների փառատենչությունից եւ իրենց արտահայտությունը գտան հիմնականում կառավարող քաղաքական ուժի շարքերում՝ Քոչարյանի օրոք պառակտումներն ընդգրկեցին եւ՛ կուսակցությունների մեծագույն մասը, եւ՛ քաղաքական դաշինքները: Սրա շնորհիվ վերջիններս տրոհվեցին մանր, սահմանափակ ազդեցությամբ ու անհեռանկար «ինքնուրույն» աղմկարար միավորների: Դաշինքների եւ կուսակցությունների պառակտման հիմնական շարժառիթը իշխանամետ լինելու կամ չլինելու հարցն էր: Մեկին, ասենք, հնարավորություն է տրվում Ստրասբուրգ գնալ եւ վերադառնալուց հետո երբեմնի բոցաշունչ ընդդիմադիրը նախաձեռնում է կուսակցության պառակտումը եւ նոր կուսակցություն ստեղծում: Մեկ ուրիշը, որին թույլատրվել էր մոտենալ իշխանական սեղանին, ամեն ինչ արեց, որ իր կուսակցությունը քառատվի եւ կորցնի արդեն նվազագույնի հասած հեղինակությունը. ստեղծված երեք նոր կուսակցությունները հասարակությանը հայտնի են միայն իրենց պարագլուխներով: «Միասնություն» դաշինքի պառակտման հետեւանքով նրա թեւերից մեկում ստեղծվեց եւս մեկ կուսակցություն, որը հայտնի է նրանով, որ ամբողջապես քոչարյանամետ է: Մյուս թեւում նույնպես ստեղծվեց նոր կուսակցություն, որի պարագլուխները Քոչարյանի հետ համագործակցելուց անցել են նրան ընդդիմացողների շարքերը: Հայտնի եռյակի աղմկոտ կյանքը տեւեց ընդամենը մի քանի ամիս, քանի որ ըմբոստ Գեղամյանի սիրտն ու հոգին հայտնվեցին Ս.Սարգսյանի բռում, որն, ըստ երեւույթին, նրան «կանաչ» ճանապարհ տվեց՝ բոլորին քննադատել, բացի իրենից: Գեղամյանի փոփոխամտությունը մինչ այդ չէր կարող չազդել այն թելերի ամրության վրա, որոնք «Ազգային միաբանություն»-ը կապում էին կայուն մոլորությամբ հայտնի ՍԻՄ-ի հետ. «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքից մնացին մաքուր ձեռքերով լվացած կարկատանները: Բայց Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի պառակտիչ գործունեության ամենացավալի արդյունքը, թերեւս, Երկրապահների կամավորական միության մասնատումն էր: Սա որոշակի իրադրության մեջ կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների: Երկրապահների միությունը մեծ ու հզոր ուժ էր եւ հանուն սեփական շահերի այն մասնատողները երբեւէ կանգնելու են պատմական պատասխանատվության առջեւ: Երկրապահի ղեկավարության մեջ հայտնված որոշ կիսագրագետ, ընչաքաղց, քաղաքականապես տհաս ու կարճատես նորահայտ գործիչները ի վիճակի չեղան նույնիսկ իրենց առաջնորդի սպանությունից հետո հասկանալ իրադրությունը եւ կազմակերպության միասնությունը զոհեցին իրենց առօրյա շահերին: Բայց հայտնի է, որ նույնիսկ այդ գործելակերպով առաջնորդվողները մեկը մյուսի ետեւից դուրս են շպրտվում իշխանական համակարգից: Եվ այդպես էլ շարունակվելու է՝ անկախ այն բանից, թե միմյանց միջեւ կուզեն պարզել, թե իրենք «չ… լա՞ղ» են, թե՞ «գ..»: Ի դեպ, այդ հարցի պատասխանը իրենք տվել են արդեն երկու անգամ՝ 1998թ. փետրվարին եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը: գ) Վարկաբեկումներ Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի գեղջկական ինտրիգայնությունը շատ պարզունակ է եւ միայն տհասը կամ չուզողը չի կարող տեսնել դրա նպատակները: Առանձին անձերի եւ կազմակերպությունների վարկաբեկմանն ուղղված գործունեությունը նրանք իրականացնում են հատուկ ծառայությունների, Դաշնակցության եւ մամուլի միջոցով: Այս խայծը կամա թե ակամա կուլ են տվել հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Իհարկե, առաջին գծում իշխանամետ մամուլն է, որն իր վրա է վերցրել վարկաբեկման գործի ամբողջ ծանրությունը: Ավելորդ է ասել, որ վարկաբեկումների առաջին թիրախը եղել եւ մնում է նախորդ իշխանությունը: Ակնհայտ է նաեւ, որ այս թեման անձամբ Քոչարյանի մշտական «հոգածության» առարկան է, որը կովերի հառաչելու եւ բառաչելու ասացվածքով «նախկիններին» հասարակության աչքում ձայնազուրկ է հայտարարել: Իշխանությունը զավթելուց չորս տարի անց նրա ատելությունը իր նախկին գործընկերների նկատմամբ չի նվազում: Նա է դրան ուղղություն եւ տոն տվողը, որի հետեւանքով արդեն չորրորդ տարին է, որ նրա հովանավորությունը վայելող լրատվամիջոցները նույն թափ ու եռանդով շարունակում են մրոտել պետության հիմնադիրներին, ղարաբաղյան հաղթանակը կռողներին, օրենսդրական, հասարակական եւ տնտեսական բարեփոխումներն իրականացնողներին: Նրանց սովորաբար մեղադրում են այնպիսի հանցագործությունների մեջ, որոնք նախատեսում են քրեական ծանր պատիժներ՝ միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարների յուրացումից ընդհուպ պետական դավաճանություն՝ «Ղարաբաղի ծախելը»: Նրանք օգտագործում են ժողովրդի մեջ դարերով ձեւավորված՝ իշխանավորի նկատմամբ հակակրանքն ու անվստահությունը: Այս վարվելակերպը, անշուշտ, բումերանգի հատկանիշ ունի եւ շուտով վարկաբեկողները դա կզգան իրենց մռութին: Բայց հարցն այն է, որ վարկաբեկումներ իրականացնելով, նրանք դառնում են հանցագործության եւ ահաբեկչության դրդիչներ, քանի որ, ըստ էության, անուղղակիորեն ուղղորդում են քրեական տարրերին եւ ահաբեկիչներին: Հարցը վերջին հաշվով պարզ է, եթե որոշ անուղեղներ հայտարարում են, թե նախկինների հաշիվների վրա հսկայական գումարներ են նստած արեւմտյան բանկերում կամ օֆշորային գոտիներում, ապա պետության համար դժվար չէ դրանք ջրի երես հանել: Եթե նախկին իշխանությունները Ղարաբաղը ծախում էին, ապա դրա վերաբերյալ բոլոր փաստաթղթերն էլ «նոր» իշխանությունների ձեռքում են, թո՛ղ հրապարակ հանեն: Բայց վաղուց հայտնի է, որ վարկաբեկիչների նպատակն այն չէ, որ արդարությունը եւ իրականությունը պարզվի, այլ այն, որ վարկաբեկումների միջոցով բացառվի «նախկինների» վերադարձը իշխանության, ինչի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ ծավալվում է հիստերիկ աղմուկ: Պարզ է, որ Քոչարյանը վախենում է անգամ «նախկինների» ստվերից: Բացի այդ, նա դրանով ձգտում է ժողովրդի ուշադրությունը շեղել բոլոր ասպարեզներում իր շարունակական ձախողումներից: Արդարացնելու համար այս չընդհատվող գործընթացը, Քոչարյանի բարեկամ դաշնակցականները մի հեքիաթ էլ են հորինել, թե հհշականները այնպես են քանդել երկիրը, որ …: Այսինքն՝ առաջիկա տարիներին ոչ մի լուրջ առաջընթաց չսպասեք: Դաշնակցական գործիչներին եւ տեսաբաններին կարող ենք հիշեցնել ընդամենը մի տարրական ճշմարտություն, որ ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում վեց ամիս անց երեւում են դրական միտումները, իսկ մեկ տարի անց՝ նախնական, թեկուզ չնչին, բայց դրական արդյունքները: Սա, ի դեպ: Վարկաբեկման քաղաքականության գլխավոր դերակատարը, իհարկե, փորձված դաշնակցությունն է, որի շոշափուկները, այսպես թե այնպես, երեւակվում են բոլոր մութ ու սեւ գործերում: Վարկաբեկման գործին են լծված նաեւ մտավորականության հայտնի շատ ու շատ գործիչներ, որոնք նոր կարգերի ժամանակ շատ բան կորցրին, չհարմարվելով կամ իրենց գործերով ի վիճակի չլինելով տեղ գտնել նոր հասարակական հարաբերությունների մեջ, որոնք ենթադրում են աշխատանք, հանրային պահանջարկ ներկայացնող արտադրանք եւ մրցակցություն: Դրան էին լծված նաեւ արդեն այսօր իրենց «չափավոր», «կառուցողական» կամ նույնիսկ «արմատական» ընդդիմություն համարող քաղաքական ուժերն ու գործիչները, որոնցից ոմանք, կարծես թե, սկսել են հասկանալ՝ ինչն ինչոց է, կամ էլ ըմբռնել են գոնե որոշ ասպարեզներում իրականացվող քաղաքականության ուղղվածությունը: Բոլոր դեպքերում, ժամանակին սրանք լիովին օգտագործվեցին քոչարյանական վարկաբեկման մեքենայի կողմից: Եվ նրանցից այսօր քիչ թե շատ աչքի ընկնողները, եթե վարչախմբի հետ տարաձայնությունների մեջ են հայտնվել, ենթարկվում են վարկաբեկման այնպես, ինչպես «նախկինները»: Նույնպես, իհարկե ոչ թե իրականությունը պարզելու, այլ միայն այդ մարդկանց վարկաբեկելու համար, այլապես դրան կարծես պետք է հաջորդեին քրեական գործերը: Ամենօրյա հոգսի տակ կքված մարդկանց մեծ մասը հակված է հավատալու այս մերկապարանոց եւ անհետեւանք մեղադրանքներին եւ իրեն հարց չի տալիս՝ եթե բանն այսպես է, ապա ինչու չի գործում արդարադատությունը, որի կշեռքը գտնվում է մեղադրողների ձեռքում: Այս հարցն իրենց չեն տալիս նաեւ բազմաթիվ կիրթ եւ մտավորական մարդիկ, որի շնորհիվ վարչախմբի արտանետած սուտն ու կեղծիքը հարատեւում են մեր իրականության մեջ: դ) Ստեր եւ կեղծիքներ Սուտ է, որ նախկին իշխանությունները իբր «ծախում» էին Ղարաբաղը: Այժմ հասարակությունը կարող է համեմատել նախկինների «փուլայինը» ներկաների «փաթեթայինի» հետ եւ տեսնել, որ փուլայինը բացարձակ առավելություններ ունի փաթեթայինի նկատմամբ, որը նախատեսում է Ղարաբաղի մնալը Ադրբեջանի կազմում: Սուտ է, երբ խոսվում է 1992-1994թթ. «լափած» մազութի մասին: Դատախազության վերջին եզրակացությունները ցրիվ տվեցին դրա ջատագովների բոլոր փաստարկները: Սուտ է, երբ խոսվում է հարյուր միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարի թալանի մասին, որոնք իբր գտնվում են արտասահմանյան բանկերում: Իշխանության համար այդպիսի հարցեր պարզելը կարճ ժամանակի խնդիր է, եւ դատախազությունն էլ պարտավոր է պահանջել դաշնակցությունից, պատգամավորից եւ մյուսներից իրեն ներկայացնել այն տեղեկությունները, որոնք հիմք են ծառայել այդ կարգի հայտարարություններ անելու համար: Եթե սա չի արվում, ուրեմն այս մարդիկ պարզ ստախոսներ են: Սուտ է, երբ «նախկիններին» է վերագրվում Հայաստանի ատոմակայանի կանգնեցնելը: Դա կատարվել է ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշումով, դեռ 1989թ. հունվարին, երկրաշարժից անմիջապես հետո եւ նրա ազդեցության տակ: Կեղծիք է, երբ խոսվում է 1992-1994թթ. «նախկինների» կողմից իբր իրականացված էներգետիկ տեռորի մասին: Իրականությունն այն է, որ էներգետիկան լինելով տնտեսության ամբողջապես կոնկրետ մասնագիտական ճյուղ, չէր կարող ենթարկվել քաղաքական ղեկավարման եւ էներգետիկ ճգնաժամի առաջացումը առաջին հերթին խորհրդային միասնական էներգահամակարգի փլուզման եւ դրանից բխող բազմաբնույթ տեխնիկական խնդիրների երեւան գալու, շրջափակման եւ հումքային մատակարարման նախկին աղբյուրների կորստի հետեւանք էր: Իսկ որ էներգետիկ համակարգում դեռ խորհրդային ժամանակներից ձեւավորված մաֆիան նոր եւ խառն իրադրության պղտոր ջրում ձուկ որսալու մեծ հնարավորություն ստացավ, դա էլ է փաստ: Համակարգում շտապ արմատական բարեփոխումներ կատարելով կորուստները նվազագույնի հասցնելու փոխարեն՝ Քոչարյանի վարչախումբը չորս տարի էներգետիկ մաֆիային ընձեռել է չարաշահումներն ընդլայնելու հնարավորություն, իսկ ինքն զբաղված է այդ հարցի քաղաքական շահարկմամբ: Կեղծիք է, թե իբր նախկին իշխանությունները կապ ունեն 1992-1994թթ. կատարված սպանությունների հետ: Վահան Հարությունյանի դատական գործը ցույց տվեց, թե ինչ գնով են ստեղծվում նման «գործերը»: Կեղծիք է, երբ «նախկիններին» մեղադրում են, թե իբր նրանք չէին ուզում աշխատեցնել մեր «հզոր» արդյունաբերությունը: Ժամանակի կորստի առումով, դժբախտաբար, այդպիսի քայլեր կատարվեցին որոշ ձեռնարկությունների վերագործարկման, մեռածին վերակենդանացնելու ուղղությամբ: Բայց դա ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր հիմնականում ժամանակի ավելորդ կորուստ է: Այդ «հզոր» արդյունաբերությունը խորհրդային տնտեսական համակարգի մասն էր, եւ երբ կործանվեց ամբողջը՝ մասը չէր կարող մնալ: Բայց ամենակարեւորը իրացման շուկան էր, պահանջարկը, որը վերացավ խորհրդային պահանջարկի վերացման հետ: Վերջին հաշվով ամենադժվարը ոչ թե արտադրություն կազմակերպելն է, այլ արտադրանքի իրացումը, առանց որի անիմաստ ու անհեթեթ է այդ արտադրությունը: Բայց կեղծարարները ոչնչի առջեւ չեն կանգնում եւ նորից մատնացույց են անում Ռուսաստանի «ահռելի» շուկան: Սրանց կարող ենք ասել ընդամենը հետեւյալը. նախ այն ժամանակ, երբ դուք ոչինչ չտեսնելով քնած էիք՝ 70-80-ական թթ. Ռուսաստանի խելոք ղեկավարները հասկացել էին, որ խորհրդային կայսրությունը փլուզվելու է եւ ձեռնարկեցին կարեւորագույն արդյունաբերական այն արտադրությունների ստեղծմանը, որոնց կարիքը զգացվելու էր, երբ այդ արտադրությունների մենաշնորհ ունեցող հանրապետությունները կպոկվեն ԽՍՀՄ-ից: Բացի այդ, Ռուսաստանը վստահ էր, որ մյուս հանրապետություններում արտադրվող մենաշնորհային ապրանքները միջազգային շուկայում հեշտությամբ կարող է գնել ավելի էժան գնով եւ ավելի որակով: Այնինչ գավառական լոպազությամբ տառապողների աչքում մեր տեխնոլոգիապես անհուսորեն հնացած արդյունաբերական արտադրանքը «հրաշք» էր թվում: Եվ ապա, քանի դեռ աբխազական երկաթուղին չի աշխատում, Հայաստանը ի վիճակի չի լինելու արդյունավետ առեւտրատնտեսական հարաբերությունների մեջ մտնել Ռուսաստանի հետ: Իհարկե, հին ձեռնարկությունները հնարավոր է աշխատեցնել մի քանի օր կամ գործարկել դրանց որոշ փոքր արտադրամասեր, բայց աշխարհում ստեղծված տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակում նոր իրողություններին հարմարվելու մասին չմտածելը եւ հայացքը անցյալին գամելն առնվազն տխմարություն է: Այդ տխմարության պահանջարկը եւ արժեքը Հայաստանում ոչ թե տնտեսական է, այլ զուտ քաղաքական՝ կեղծիքով մթագնել հասարակական գիտակցությունը, ապակողմնորոշել նրան: Հայաստանն, իսկապես, տնտեսական մեծ պոտենցիալ ունի տարածաշրջանում, բայց այդ պոտենցիալը դատարկ խոսակցություններով չէ, նախկին ժառանգության կարոտախտով չէ, որ հնարավոր է վերածել ժամանակակից տնտեսական համակարգի հիմքի: Իսկ այդ գործում անցած չորս տարին կորուսյալ ժամանակ է: Հայաստանի քաղաքական դաշտը ամբողջապես ամլացել է: Այդ դաշտում չկան գրագետ քաղաքական գործիչներ կամ եթե կան էլ՝ զբաղված են ընդամենը անձնական եւ թայֆայական խնդիրներ լուծելու գործով: Վախի եւ անկարողության զգացողությունը նրանց մեջ բթացրել է իսկական ազգային շահերի համար պայքարելու ունակությունը: Քոչարյանի, Ս.Սարգսյանի եւ դաշնակցական կեղծարարների «շնորհիվ» հասարակությունը ոչ մեկին այլեւս չի հավատում: Քոչարյանը հասել է անպարփակ իշխանության բարձրակետին, Ս.Սարգսյանը՝ շահախնդիր եւ խոցելի կապվածությամբ ուժային եւ իրավապահ կառույցների միջոցով իր տիրապետության վերջնագծին, դաշնակներն՝ իրենց նենգամիտ նպատակների իրականացման համար կեղծարար եւ զեղծարար պոռոտախոսության լայն ասպարեզին: Այնուամենայնիվ, ժամանակի անողոք տրամաբանությունն իր գործը կատարելու է: Եվ երբ ետ գա Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի նետած բումերանգը, վստահ ենք՝ նրանց հայհոյողները լինելու են այն նույն մարդիկ, որ այսօր հայհոյում են «նախկիններին»: Այդպիսիները միշտ էլ կենսունակ են, բայց վա՛յ դրանց ծառայություններին ապավինողներին: 3. Պետականության ռեսուրսների քայքայումը Հայաստանի առկա ռեսուրսները անբավարար են անկախ պետականություն կերտելու համար: Այս առումով Հայաստանը, մեղմ ասած, նոր երեւույթ չէ տարբեր ժամանակ անկախություն ստացած երկրների շարքում: Այսպիսի դրության մեջ են եղել շատ ու շատ երկրներ, որոնք ժամանակի ընթացքում ստեղծել են պետականությանն անհրաժեշտ, իսկ երբեմն էլ՝ հզոր ռեսուրսներ: Անկախացումից հետո, հայտնվելով պատերազմի եւ շրջափակման մեջ, Հայաստանը կարողացավ հաղթահարել արտաքին վտանգը՝ օգտագործելով ինչպես կոմունիստական իշխանության ստեղծած ռեսուրսները, այնպես էլ այդ նպատակով նոր ռեսուրսներ ներգրավելով: ՀՀՇ-ի իշխանությունը, հատկապես 1993թ. սկզբից բարեփոխումներ մտցնելով սեփականատիրական եւ հասարակական հարաբերություններում, վարելով ակտիվ ռազմական եւ ճկուն արտաքին քաղաքականություն, կարողացավ երկրի սահմանափակ ռեսուրսները նպատակաուղղել պատերազմը բարեհաջող ավարտելուն, օրենսդրական, կառուցվածքային բարեփոխումներին, շուկայական, ազատական տնտեսական համակարգի արմատավորմանը եւ զարգացմանը: 1992-1993թթ. ձեւավորված առեւտրական կապիտալը 1994-ից արդեն ներխուժում էր սպասարկման ոլորտ, իսկ 1995-1996-ին ակնհայտորեն բնագծեր էր գրավում արտադրական ոլորտում: 1997թ. բարեհաջող արդյունքները պայմանավորված էին տնտեսական զարգացման իներցիայով, որը տնտեսական քաղաքականության փոփոխվող «նոր» պայմաններում, բնականաբար, երկար չէր կարող տեւել: 1998-ին արդեն ակնհայտ էին լճացման երեւույթները՝ անշարժ գույքի գների նվազումը, գործարարների թվի կրճատումը, ներքին շուկայի սպառողական կարողության նվազումը, արտագաղթի վերսկսումը եւ այլն: Սկսվել էր Քոչարյանի «դարը»: Այնինչ հենց այդ ժամանակն էր, որ տրված էր պետականության նոր ռեսուրսներ ստեղծելու եւ ճեղքում կատարելու համար, որոնք անհրաժեշտ էին աշխարհում եւ տարածաշրջանում առաջացող նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Քոչարյանի քաղաքական տգիտությունը, նրա կողմից պետական կառավարման գործի տեսական եւ գործնական համակարգված գիտելիքներին չտիրապետելը, նրա մակերեսային հակվածությունը պատմական մոլորություններին, որոնք կոչվում են հայ քաղաքական եւ դիվանագիտական «միտք», բնականաբար, չորս տարում խարխլելու էին պետականության ռեսուրսներ ստեղծելու այն հիմունքները, որոնք ծավալվում էին 1991-1997թթ: Քոչարյանի քաղաքականությունը Հայաստանի բոլոր տնտեսական եւ քաղաքական խնդիրները ենթարկեցնում է Ղարաբաղի կարգավիճակին: Այս հանգամանքը Հայաստանի տնտեսական զարգացումը եւ քաղաքական ինտեգրացումը իր շրջապատի եւ աշխարհի հետ կախվածության մեջ է պահում ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումից՝ փաթեթայինից: Ի՞նչ է դուրս գալիս՝ Հայաստանը, որի հզորացումից է կախված Ղարաբաղի ապագան, այսօր վատնում է իր անկախության ռեսուրսների մնացորդները: Հայաստանն օր օրի թուլանում է զուտ այն պատճառով, որ նրա տնտեսական զարգացումը եւ տարածաշրջանում նրա քաղաքական կշռի մեծացումը պահանջում են որոշակի զուտ քաղաքական հարցերի հրատապ լուծում: Այս ասպարեզում 1997 թ. առաջացած հնարավորությունը չօգտագործվեց նույն Քոչարյանի, նրա համախոհների եւ քաղաքականապես ձախողակ ուժերի կեղծ «ազգայնական» դիրքորոշման ու գործունեության հետեւանքով: Եվ այսօր Հայաստանն արնաքամ վիճակում հայտնվել է սատանայական շրջանակի մեջ՝ տնտեսությունը չի կարող զարգանալ առանց քաղաքական որոշումների, իսկ քաղաքական որոշումներ չեն կարող լինել առանց «փաթեթայինի» կամ համընդհանուրի: Այսպիսի վարքագծով երկիրը «կառավարելը» կամ քաղաքական մարազմի կամ էլ հանցագործ նպատակներով առաջնորդվելու հետեւանք է: Արդի աշխարհում ոչ մեկն իր երկրի զարգացումը չի ապավինում «կամ-կամ»-ին: Դրա համար են իմաստավորվել «աստիճանաբար», «փոխզիջումներ», «փոխհասկացողություն», «փոխադարձ շահ», «քայլ առ քայլ» եւ նմանատիպ այլ քաղաքական հասկացությունները: Դրանք լուրջ երեւույթներ են եւ ոչ թե «քաղաքականություն» խաղալու բառամթերք: Հայաստանի պետականության ռեսուրսների ստեղծումը ներկայումս բարձիթողի վիճակում է հատկապես մի քանի կարեւորագույն ասպարեզներում, որոնք վճռական դեր ունեն երկրի զարգացման գործում: ա) Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային անվտանգության համագործակցությունից Տարածաշրջանային ծրագրերին մասնակցությունը պետականության քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ռեսուրսների ստեղծման եւ ձեռքբերման կարեւորագույն պայման է: Այնինչ, անցած չորս տարիներին Հայաստանը ոչ մի քայլ չարեց այդ ծրագրերում ընդգրկվելու համար: Այս ընթացքում Քոչարյանը «հաջողացրեց» Հայաստանն ավելի պինդ կապել ռուսական լծին, դրա անունը դնելով «համագործակցություն ԱՊՀ շրջանակներում» եւ «հայ-ռուսական երկկողմ համագործակցության խորացում», որոնք, ըստ էության, նույն բանն են: Այդ ընթացքում Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային ռազմաքաղաքական կազմակերպությունից՝ ՎՈՒՈԻԱՄ-ից, որը որոշակի ժամանակ անց դառնալու է ռուսական կայսերապաշտական ծավալումը զսպող տարածաշրջանային գործոն: Հայաստանը, լծվելով ռուսական կառքին, փաստորեն, Հարավային Կովկասում իրեն դարձնում է անկլավ կամ ռեզերվացիա, արհեստականորեն հակադրվում է իր հարեւաններին, Արեւմուտքին, առանց երաշխիքի, որ ռուսական շահերի զոհ չի դառնա, ինչպես բազմիցս եղել է նախկինում: Հայ ռուսամետները կամ կոմպլեմենտար քաղաքականության յուրովի մեկնաբանները չեն գիտակցում, որ ՎՈՒՈՒԱՄ-ը նոր երեւույթ չէ, այլ համաշխարհային նոր կարգավիճակ ստեղծելու Արեւմուտքի հաղթական երթի շարունակության արտահայտություն այս տարածաշրջանում: Մինչ այդ եղել են նման նպատակով ստեղծված Մերձավորարեւելյան հրամանատարություն, Պաշտպանական հյուսիսային յարուս, ՍԵՆՏՕ կոչված կազմակերպությունները եւ վերջապես ՆԱՏՕ-ի հարավային թեւը, որոնք հաջողությամբ իրականացրել են իրենց առաջադրանքները: Քոչարյանի վարչախումբը մեզ հանում է Արեւմուտքի շահերի դեմ: Ու՞մ հայտնի չէ, որ ԱՊՀ ՀԱՊ-ի 2000թ. մայիսի նոր խմբագրությունը ուղղված է առաջին հերթին ՎՈՒՈՒԱՄ-ի չեզոքացմանը: Քարկոծվում է ՎՈՒՈՒԱՄ-ը, ՆԱՏՕ-ից հեռավորություն է պահպանվում, սկսվել է Արեւմուտքի հետ համագործակցության եւ նրա շահերի քամահրումը: Ինքը՝ Ռուսաստանը, ավելի է հակված ընդհանուր լեզու գտնել, նույնիսկ անդամակցել ՆԱՏՕ-ին կամ ՎՈՒՈՒԱՄ-ի երկրների հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ, իսկ մեզ «քսի է տալիս» դրանց դեմ: Ժամանակը տարածաշրջանում մեր օգտին չի աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական շահերում այդքան պրագմատիկ հայերը չեն հասկացել, որ պետություն ղեկավարելիս անթույլատրելի է կեղծ ռոմանտիզմին ապավինելը: բ) Հայաստանը ճանապարհային փակուղում Հայ հասարակությունը կարծես համակերպվել է շրջափակման իրողության հետ, մինչդեռ սա Հայաստանի անկախությանը սպառնացող լուրջ վտանգ է, եւ ամեն ջանք պետք է թափել օր առաջ այն վերացնելու համար: Եվ կասկած չկա, որ Քոչարյանի վարչախմբին այս գործը չի հետաքրքրում: Դեռ ավելին, վարչախմբի արտաքին քաղաքականությունն ամբողջապես ուղղված է այս վիճակի կարգավորումը օրեցօր ավելի անհեռանկար ու անհուսալի դարձնելուն: Արտաքին աշխարհի հետ հարաբերվելու գլխավոր եւ անփոխարինելի միջոցը երկրի ճանապարհներն են: Ինչքան շատ են երկրից դուրս ու ներս անելու դարպասները, այնքան անխոցելի են այդ երկրի տնտեսությունը, արտաքին առեւտրական կապերը եւ այլն: Հայաստանն այսօր, ըստ էության, մնացել է մեկ երկաթուղային (Այրումի) եւ երկու ավտոմոբիլային (տրանսկովկասյան եւ Մեղրիի) ճանապարհների հույսին: Ըստ էության, գործում է միայն վրացական ուղին, որին ապավինած Հայաստանը արձանագրում է տնտեսական ապշեցուցիչ «առաջընթաց»՝ տարեկան 10 տոկոս աճ, 44 հազար աշխատատեղի առաջացում, 100 հազար զբոսաշրջիկների հոսք եւ այլն: Այս բոլորն, իհարկե, կասկածելի մեթոդոլոգիայով հաշվարկի արդյունք է, բայց հենց սրանով էլ Քոչարյանը ուզում է ապացուցել, որ ղարաբաղյան հարցի կարգավորման սառեցումը, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրության պահպանումը եւ շրջափակման շարունակումը նշանակություն չունեն երկրի զարգացման հնարավորությունների համար: Սա եթե գիտակցված դիրքորոշում չէ, ապա կատարյալ մոլորություն է եւ երկրի նախագահի աթոռը զբաղեցնողի համար՝ անթույլատրելի ծանծաղամտություն: Ամենատարրական հաշվարկները ցույց են տալիս, որ վրացական ճանապարհի հույսին մնացած Հայաստանի կարիքների համար ներմուծվող եւ միջազգային շուկա արտահանվող նրա ապրանքների գները այլընտրանքային ճանապարհներ չունենալու պատճառով թանկանում են առնվազն 30%-ով: Սա հանգեցնում է նրան, որ Հայաստանից արտահանվող ապրանքները միջազգային շուկայում իրենց բարձր գների պատճառով անմրցունակ են դառնում: Իհարկե, ինչ-որ տեղ դա փոխհատուցվում է էժան աշխատուժի շահագործումով, բայց սա էլ, իր հերթին, հանգեցնում է ժողովրդի ցածր կենսամակարդակի պահպանմանը եւ արտադրության ընդլայնման անկարողությանը: Վերջին հաշվով, նույնիսկ ամենատխմարն էլ չի կարող չհասկանալ, որ Հայաստանի տնտեսությունն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե նրա ապրանքային արտադրության 70-80%-ը նպատակաուղղված լինի արտահանմանը: Էժան փոխադրամիջոցի եւ կարճ ուղիների այլընտրանքների բացակայությունը մահացու հարվածի տակ է դնում Հայաստանի տնտեսական արդյունավետ զարգացումը: Հայաստանի ներքին սպառման շուկան շատ նեղ է եւ Քոչարյանի տնտեսական քաղաքականության շնորհիվ, երբ օբյեկտիվ պատճառների բացակայությամբ նորից վերսկսվեց ծավալուն եւ զանգվածային արտագաղթը, ավելի նեղ է դառնում: Այսինքն, այժմ անհնար է դառնում նույնիսկ ներքին շուկայի համար արդյունավետ տնտեսական գործունեության ծավալումը: Այս դրության պահպանումը չափազանց վտանգավոր եւ կործանարար է, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին նվազել են (եւ այդ միտումը շարունակվում է) արտասահմանից ստացվող դրամական փոխանցումները, որոնք որոշակիորեն մեղմում էին արտաքին առեւտրի մեջ առկա աղաղակող բացասական հաշվեկշռի ազդեցությունը: Բայց նույնիսկ փոխանցումների ավելացումն էլ չի կարող փրկել դրությունը, քանի որ Հայաստանի տնտեսության շահութաբեր բնագավառներում առաջացող կապիտալի մեծ մասն արտահանվում է: Բնական է՝ վրացիները շահագրգռված են, որ Հայաստանը մնա իրենց հույսին, նրանք դրանից մեծ շահ ունեն: Հայաստանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհին տիրելով՝ նրանք դա կարող են օգտագործել որպես տնտեսական եւ քաղաքական պայմանների թելադրման լծակ: Եվ չնայած Հայաստանի իշխանությունների եւ դաշնակցության հրահրիչ քայլերին, նրանք այդ լծակը քաղաքական առումով դեռ չեն օգտագործել, իսկ տնտեսական առումով օգտագործում են իրենց հնարավորությունների ոչ մեծ մասով: Անթույլատրելի է բացառել, որ որոշակի իրադրության մեջ դրանք չեն օգտագործվի Հայաստանի դեմ: Ներկայումս նրանք դեռ չեն ուզում Հայաստանին դնել այնպիսի վիճակում, որ ստիպողաբար վերջինս դիմի կտրուկ քայլերի կամ սկսի մտածել կոմունիկացիոն այլընտրանքի մասին: Բայց եթե այսպես շարունակվի, դաշնակներն, ըստ երեւույթին, նրանց կստիպեն այդ քայլերն էլ կատարել: Թե դրա հետեւանքով այս անգամ Լոռու փոխարեն Շիրակի՞ մարզը կդառնա չեզոք գոտի, առայժմ պնդելը դժվար է: Վրացիներին դեռեւս ժամանակ է պետք, այնքան ժամանակ՝ մինչեւ կառուցվի Թուրքիայից Ախալցխա գնացող երկաթուղին, մինչեւ իրականացվեն այլեւայլ կոմունիկացիոն ծրագրեր, մինչեւ ռուսական զորքերը դուրս բերվեն Վրաստանից: Առայժմ վրացիները ռուս-հայկական ճնշման տակ ստիպված են ինչ-որ հարցերի լուծումը հետաձգել, մասնավորապես ռուսական զորքերի դուրսբերումը Ախալքալաքից, բայց վստահորեն կարելի է ասել, որ նրանք մոտ ապագայում ժամանակավոր աշխատանքներ կգտնեն 2000 ջավախքցիների համար եւ ռուսներից ազատվելուց հետո հայերի հետ այլ կերպ կխոսեն: Իհարկե, կատարված փաստից հետո այդ փաստը «հիմնովին» բացատրող եւ մեղավորներ գտնող դաշնակներին այսօր դա չի հուզում, իսկ վաղը նրանք ձայները գլուխներն են գցելու: Ջավախքում վրաց-թուրքական նոր երկաթուղին եւ ավտոմոբիլային ճանապարհը անգործունակ կդարձնեն Գյումրի-Կարս երկաթուղին եւ Հայաստանը Թուրքիայի հետ կապող ավտոճանապարհները, որոնք լավագույն դեպքում կարող են ծառայեցվել միայն երկկողմ կապի, բայց ոչ տրանզիտի համար: Թուրքիան, այլընտրանք ստանալով, տրանզիտ բեռները կուղղի միայն դեպի վրացական ճանապարհներ: Հայաստանը ազգերի համագործակցությունից դուրս թողնելու տեսք է ստանում նաեւ ՏՐԱՍԵԿԱ-ի գործողության մեջ դրված ծրագիրը: Դեռեւս 1993թ. հայկական պատվիրակությունը Բրյուսելում ներկայացրեց իր կարծիքը այդ ծրագրի մասին, նշելով, որ Արեւմուտք-Արեւելք այդ ուղին Հարավային Կովկասում չպետք է դիտել իբրեւ մեկ երկաթուղային ճանապարհ Փոթի-Բաքու գծով, այլ իբրեւ Հարավային Կովկասի նույն ուղղվածությամբ կոմունիկացիոն ցանց, ընդ որում՝ առաջարկելով, որ Թուրքիայի ճանապարհները նույնպես ներգրավվեն այդ նպատակով: Ծրագրի ղեկավարությունը երկար տարիներ ձգձգում էր հարցի լուծումը, իսկ 1998-ին նախկին վարչապետ Ա.Դարբինյանը, առանց հասկանալու հարցի էությունը, տարօրինակ առաջարկներով զարմացրել էր նրանց եւ ապա փաստորեն ստորագրել մի փաստաթուղթ, որը Հայաստանը դարձնում էր Արեւմուտք-Արեւելք ուղու կույր աղիքներից մեկը: Այս էր դրությունը մինչեւ վերջերս, երբ կապի եւ տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ ծրագրի ղեկավարությունն ընդունել է Թուրքիան այդ ուղու մեջ ներգրավելու եւ Հայաստանի բոլոր երկաթուղային ճանապարհները օգտագործելու որոշում: Բայց առ այսօր հայտնի չէ ոչ ծրագրի ղեկավարության պաշտոնական որոշումը ու ոչ էլ Թուրքիայի դիրքորոշումը այս հարցում: Մենք հակված ենք այս հայտարարությունը գնահատել քոչարյանական քարոզչական այն բլեֆների շարքում, ինչպիսին են, օրինակ՝ թուրքական թերթերի հոդվածների հիման վրա արտգործնախարար Վ.Օսկանյանի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան մտադրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, կամ Արմենիկումի միջոցով հայերի «բիրդան աղա» դառնալու հեռանկարի մասին: Իսկ այն, որ Հայաստանը ՏՐԱՍԵԿԱ-ի առայժմ պաշտոնապես հայտնի ուղուց դուրս է նետված, երեւում է անզեն աչքով՝ դեպի Կենտրոնական Ասիա եւ հակառակ ուղղությամբ ապրանքները ընթանում են Փոթի-Բաքու երկաթգծով: Եվ քանի որ Արեւմուտք-Արեւելք ճանապարհի այս հատվածը հատկապես սեպտեմբերի 11-ից հետո սկսել է ծանրաբեռնված աշխատել ի դեմս Եվրոպա-Կենտրոնական Ասիա բեռնափոխադրումների քանակի օրեցօր մեծացող հոսքի, վերջերս որոշում է կայացվել հայկական բեռները հանել Իլյիչովսկ-Փոթի լաստանավային առաքումների ցանկից եւ, դրանք տեղափոխել Իլյիչովսկ-Բաթումի գիծ: Որոշումը պաշտոնապես կայացրել է «Ուկրֆերրի» լաստանավային ընկերությունը՝ ակնհայտորեն այդ ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու նպատակով: Այս քայլը փաստորեն թանկացնում է Հայաստան առաքվող եւ Հայաստանից առաքված ապրանքների գինը 15-20%-ով, մի բան, որ շատ մոտ ապագայում իրենց վրա կզգան հայաստանցի սպառողները եւ գործարարները: Քոչարյանի թուլացրած Հայաստանին այլեւս ոչ ոք լրջությամբ չի վերաբերում եւ վերոհիշյալ ուկրաինական կազմակերպությունն «իր» որոշման վերաբերյալ նույնիսկ «լայեղ չի արել» տեղյակ պահել հայկական կողմին: Իհարկե, վրացական կողմը կարող է բացատրություն տալ, ասել, որ Փոթի նավահանգստի խորությունը ընդամենը 9 մետր է, որը հնարավորություն չի տալիս մեծ ջրատարողությամբ լաստանավեր ընդունել, կամ երկաթուղու ինչ-որ հատված մոտ 15 աստիճանի թեքություն ունի եւ չի կարելի այն ծանրաբեռնել, որ տեղի երկաթուղային կամուրջները վաղուց չեն վերանորոգվել եւ այլն, բայց այս բոլորն իրականում դատարկ խոսքեր են: Նպատակը միանգամայն պարզ է: Հայաստանին ծայրաստիճան թուլացնելու եւ իրեն կապելու համար Ռուսաստանը եւս կոնկրետ քայլերի է դիմում: Վերջին հաշվով բոլորին է հայտնի, որ նրա ցանկության դեպքում աբխազական երկաթուղին վաղուց կարող էր աշխատել: Բայց Վրաստանի վրա ճնշում գործադրելու մի մեծ լծակ դրանով նա կորցնում է եւ շահագրգռված չէ դրանով: Բացի այդ, նա դրա կարիքը շատ չի զգում եւ Հարավային Կովկասի իր ռազմակայանների մատակարարումների համար օգտագործում է նաեւ ադրբեջանական երկաթուղին: Առավել վտանգավորը ռուս-ադրբեջանական համաձայնությունն է այն մասին, որ Իրանի հետ երկաթուղային կապ է ստեղծվելու Դերբենտ-Բաջառլու-Աստարա գծով: Այսինքն, Իրան գնացող Գյումրի-Նախիջեւան-Ջուլֆա երկաթուղուն ստեղծվում է այլընտրանք: Հյուսիս-Հարավ երկաթուղային փոխադրական մայրուղին էլ է շուտով շրջանցելու Հայաստանը: Սա մեր «ռազմավարական դաշնակցի», «հավերժական բարեկամի» եւ «մեծ եղբոր» կողմից հայ ժողովրդի նկատմամբ տածած անշահախնդիր եւ բուռն սիրո հերթական արտահայտությունն է: Այսպիսով, միջազգային տարբեր հիմքերի վրա արտահայտվող շահերը ի մի են գալիս մեկ հարցում՝ Հայաստանը դուրս է մղվում միջազգային ուղիներից, Արեւմուտք-Արեւելք եւ Հյուսիս-Հարավ կամ հակառակը գնացող մայրուղիներից: Դրանով իսկ նա օտարվում է ճանապարհային շուկայի մրցակցությունից, բեռնա-ապրանքաշրջանառության եւ ուղեւորափոխադրության իրականացման ճանապարհային այլընտրանքային հնարավորություններից, զրկվում է ազդեցության լծակներից, այսինքն դառնում է փակուղի, վերջին կայարան: Այս բոլորը դեռ կոնկրետացող ծրագրեր են եւ դեռ որոշ հնարավորություններ կան ինչ-որ բան շտկելու, եթե Հայաստանը կտրուկ փոխի իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Այնինչ, Քոչարյանը եւ նրան սատարողները դուռ ու լուսամուտից են խոսում, խոսում են «Հայաստանը շրջանային զարգացման եւ մատակարարման բեւեռ դարձնելու առաջադրանքի», «ճանապարհային խաչմերուկի», «Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների եւ արտասահմանի միջեւ միջնորդ դարձնելու» մասին: Բայց այս դատարկաբանությունները դուրս տվողներն իրականում զբաղված են Հայաստանի ազգային շահերը ոչնչացնելով: Կամա՞, թե՞ ակամա, հանցագո՞րծ նպատակներով, թե՞ քաղաքական տգիտության պատճառով՝ էական չէ: Դա նրանց հաջողվում է, դա փաստ է: Եվ բոլորի դեմ խաղ կա, բացի փաստերից: գ) Էներգետիկ աղբյուրի այլընտրանքը՝ անորոշության մեջ Հայտնի է, որ յուրաքանչյուր երկրի տնտեսության հիմքը նրա էներգետիկան է: Հենց այս պատճառով էլ այն հանդիսանում է երկրի անկախության սյուներից մեկը: Սա իր հերթին պահանջում է, որ երկիրը ստեղծի էներգետիկ հումքերի մատակարարման կայուն սխեմաներ, որոնք հնարավորություն են տալիս նրան նախընտրելի գներով եւ կոմունիկացիաներով ներմուծել մշակված եւ անմշակ էներգակիրներ: Հայաստանը, որն իր էներգակիր հումքի կամ արտադրանքի պահանջարկը նախկինում ապահովում էր ԽՍՀՄ այլեւայլ հանրապետություններից կատարվող ներմուծումներով, անկախության օրոք հայտնվեց բավակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել