Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր նախադեպ կամ պանկիսական կրքեր

Մարտ 16,2002 00:00

Վտանգավոր նախադեպ կամ պանկիսական կրքեր Վրաստանի Պանկիսի կիրճում ամերիկացիների օգնությամբ նախապատրաստվող հակաահաբեկչական գործողությունները (որոնք համաձայնեցված չեն եղել Ռուսաստանի հետ) աննախադեպ են ԱՊՀ-ի համար եւ, անշուշտ, հեռու գնացող քաղաքական հետեւանքներ կունենան։ Իրավիճակը իսկապես միանշանակ չէ՝ մի կողմից ռուսները վաղուց էին պնդում, որ Պանկիսի կիրճում տեղակայվում է ահաբեկիչների կենտրոններից մեկը, մյուս կողմից՝ վրացիները դիմում են ամերիկացիների, այլ ոչ Ռուսաստանի օգնությանը, որը բազմիցս առաջարկվում էր։ Զուտ ֆորմալ տեսակետից ոչ մի արտառոց բան չի կատարվում, ինչը եւ փաստեց նախագահ Պուտինը։ Սակայն ԱՄՆ-ն, ինչպես հակահրթիռային պաշտպանության խնդրի դեպքում, անում է այն, ինչ կամենում է, հաշվի չառնելով Ռուսաստանի կարծիքը՝ ավելի շուտ, այդ կարծիքին հակառակ։ Շեւարդնաձեն էլ շատ գոհ է, որ կարողացել է ռուսներին «տեղը դնել»։ Նա հատուկ շեշտեց Ղազախստանի գագաթնաժողովում, որ տվյալ խնդրում Վրաստանին կարող էին օգնել միայն ամերիկացիները։ Քայլը, իհարկե, հետաքրքիր է եւ ոչ ստանդարտ, բայց «ճտերն աշնանն են հաշվում»։ Վրաստանը միանգամից մի քանի աքիլլեսյան գարշապար ունի՝ դա նրա ինքնավար միավորումներն են։ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան արդեն իսկ արձագանքել են ամերիկյան ռազմական ներկայության վտանգին՝ արտահայտելով Ռուսաստանի ասոցիացված անդամ դառնալու գաղափարը։ Դե, Պուտինն էլ, իհարկե, պատասխանեց, որ Ռուսաստանը միշտ հարգելու է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ PTP-ի տնօրեն եւ մեկնաբան Սվանիձեն շտապեց եզրակացնել, որ միջադեպը արդեն սպառված է, սակայն թվում է, որ դա խիստ մակերեսային տեսակետ է։ Միջադեպը կարող է եւ սպառվել է, իսկ նախադեպը կմնա եւ կդառնա հիմք տարածաշրջանում հետագա քաղաքական գործընթացների համար։ Ամերիկացիները մտադրվում են ուսուցանել 1200 վրացական «սպեցնազի» զինվորականների, ծախսելով դրա համար 64 մլն դոլար։ Իսկ թե որտե՞ղ կարող է հայտնվել այդ «հմուտ» ջոկատը Պանկիսի կիրճից հետո՝ դժվար չէ կռահել։ Մարզվող զինվորականներից մեկը միամտորեն ասաց PTP-ի թղթակցին. «Որտեղ մենք կհայտնվենք՝ Կադորի (Աբխազիա), թե Պանկիսի կիրճում, կախված կլինի հրամանից»։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ռազմական գործողություններում վրացիների հետ միասին անմիջականորեն չեն մասնակցի նաեւ ամերիկացիները։ Համենայնդեպս, աբխազներն արդեն իսկ լրջորեն նախապատրաստվում են, եւ թվում է, ոչ առանց ռուսական օգնության։ Պարզ է, որ այս խնդիրը դեռ շատ բարդությունների առարկա կդառնա։ Սակայն արդյո՞ք անմիջականորեն դա առնչվում է Հայաստանի կենսական շահերին։ Պարտավոր ենք ենթադրել, որ՝ այո։ Ինչն է խանգարում նույն սցենարը իրագործել Ղարաբաղում։ Ադրբեջանցիներն էլ կարող են հրավիրել ամերիկյան զինվորականներին, առանց հաշվի առնելու Ռուսաստանի կարծիքը։ Ռուսաստանը իր հերթին շատ չի ընդդիմանա, եթե պահպանվեն նրա այժմյան բարյացակամ հարաբերությունները Բաքվի հետ։ Կասեք, որ դա այսօր հնարավո՞ր չէ։ Իսկ վա՞ղը։ Ո՞վ կենթադրեր ընդամենը մեկ ամիս առաջ, որ Վրաստանում կհայտնվեն ամերիկյան զինվորներ։ Ի՞նչ անել։ Դժվար է ասել՝ առաջին հերթին Հայաստանի ողջ քաղաքական էլիտան պետք է սթափ գնահատի վտանգը, որպեսզի հետագայում փորձի անհրաժեշտ գործողությունների ծրագիր մշակել։ Վերջերս հայ դիվանագիտությունը շատ պասիվ է եւ անգամ եթե քայլեր է կատարում, ապա միայն հետընթաց։ Ավելորդ չէ հիշեցնել, որ քաղաքականության մեջ պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է (ոչ ռազմական, իհարկե)։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել