Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում դատը հետաձգվեց «Էքս»-սրբազանի միջնորդությամբ

Մարտ 16,2002 00:00

Մոսկվայում դատը հետաձգվեց «Էքս»-սրբազանի միջնորդությամբ Փետրվարի 21-ի դատավարությունը տեղափոխվեց մարտի 22։ Հայաստանյան տեղեկությունների համաձայն, վերոնշյալ դատավարությունն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի էքս-առաջնորդի էր՝ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի (իբրեւ հափշտակություն, գողություն)։ Իրականում ներկայիս թեմի առաջնորդը՝ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը «Մոսկվայի կրոնական համայնքը» լուծարելու հայցով է դիմել դատարան։ Որքան կարողացանք ճշտել, պատասխանողն էլ արդարադատության նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունն է, որը, ըստ հայցվորների, ապօրինի է գրանցել վերոնշյալ… համայնքը։ Մոսկվայում մեր գործընկերը դատավարության օրը հանդիպել էր Տիրան սրբազանի հետ, որն էլ հայտնել էր, որ դատը հետաձգվել է իր խնդրանքով. ժամանակ տրամադրելու գործի նյութերին ծանոթանալու եւ փաստաբան գտնելու համար։ Տիրան Կյուրեղյանի ձեւակերպմամբ, իրեն թեմի առաջնորդից հանելը ապօրինի է։ Ըստ նրա, «որեւէ հոգեւորական, եթե խախտում է եկեղեցական կանոնները, հրավիրում են Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ, նախազգուշացնում են։ Եթե տրված ժամկետում էլ շարունակվում են խախտումները, հրավիրում են եկեղեցական ժողով։ 213-րդ ձայնով հոգեւորականը կարգալույծ է արվում»։ Ի դեպ, կարգալույծ արվածը չի կարող այլեւս ծառայել… եկեղեցուն։ Արգելվում է նրան վեղար կրել եւ մտնել եկեղեցի… Տիրան Կյուրեղյանը 26 տարի ծառայել է Հայ առաքելական եկեղեցուն եւ իրեն «պաշտոնից» զրկելը նա ուղղակիորեն համարում է «չարամտություն»։ «Թող ստեղծվի հանձնախումբ Հայաստանի գլխավոր դատախազության, Ռուսաստանի, Էջմիածնի եւ հասարակական կազմակերպությունների կողմից, եթե իսկապես կան ինչ-որ մեղադրանքներ, պատրաստ եմ կրել պատիժը»,- գտնում է նա։ «70 տարիների ընթացքում թեմի առաջնորդի նշանակումը լինում էր Մոսկվայի կողմից։ Բայց չէին կարող գրել, թե Մոսկվան է նշանակում։ Գրում էին՝ կաթողիկոսն է նշանակել։ 1991-ին չկար Խորհրդային Միությունը եւ Ռուսաստանն էլ անկախ պետություն էր։ Հետեւաբար, 1995թ. նոր կանոնադրությամբ Հովիվը ընտրվում էր։ Իսկ դա չհաստատվեց էջմիածնի կողմից։ 1997-ին Ռուսաստանում ընդունված խղճի եւ կրոնի ազատության մասին օրենքի նոր խմբագրմամբ մենք ստիպված էինք փոխել մեր կանոնադրությունը՝ համապատասխանեցնելով նրանց օրենքին»,- ասում է Տիրան Կյուրեղյանը (այսօր արդեն կարգալույծ արված, սակայն ՌԴ նախագահի բարձր պարգեւին՝ շքանշանին արժանացած)։ Ինչ վերաբերում է Մոսկվայի կրոնական համայնքը Անթիլիասին «միացնելու» երեւանյան լուրերին, նախկին առաջնորդն ասաց, թե «եղել է հավաք։ Նպատակը՝ փրկել Էջմիածինը։ Անթիլիասը անբաժանելի մասն է էջմիածնի։ Անթիլիասը չի խառնվել։ Կա տեղի մոտեցումը։ Ուրիշ ելք չկար, Էջմիածինը մղում է դրան։ Մի ողջ ռուսահայ համայնք անտեսվում է Էջմիածնի կողմից»։ Տիրան Կյուրեղյանը խոստացավ հրապարակել անուններ, որոնք միջեկեղեցական այսօրինակ վեճում ներկայացնելով հանցագործ աշխարհը, փորձել են աշխարհիկ հայտնի տարրեր խառնել… Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել