Լրահոս
Օրվա լրահոսը

վահրամ մարտիրոսյան

Մարտ 16,2002 00:00

Տպագրվում է 2001 թ. սեպտեմբերի 8-ից, շաբաթօրյա համարներում: վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123 թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում աթոռակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: Թագավորը, որի ռազմարշավի նպատակը մեկ տարի առաջ գերված կոմսի ազատագրումն էր, գերի է ընկնել եւ տարվել Բալակի նստավայր Խարբերդ: Թշնամուց մազապուրծ է Եվմորֆիա թագուհին, որը նույնպես Բեհեսնի է ժամանում: Շուտով թուրքերը «ֆրանկներից» գրավում են Խառան կարեւոր բերդաքաղաքը, էլ-Բարու ամրոցը, որը Անտիոքի դքսության բանալին է: Երուսաղեմի թագավորության գոյությունը վտանգված է, քանի որ բյուզանդական կայսեր թելադրանքով նաեւ Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոս Ռուբինյանն է խաչակիրներից քաղաքներ խլում: Մի քանի բեհեսնեցի երիտասարդ, Խարբերդը դիտախուզելով, հայտնում են, որ նրա կայազորը փոքր է, պահապաններն` անաչալուրջ: Լեւոնը որոշում է նվաճել քաղաքը մի խմբով, որի անդամների մեծ մասը ծպտվելու է որպես հայ հոգեւորական, բացի Մատթեոս Ուռհայեցի ժամանակագրից, որն իսկապես քահանա է: 95. գիշերվա երկրորդ կանգին, ցուպով հողը փորփրելով, ես մարդու մի քանի ոսկոր գտա: Քարագնաց Ազարիան խորհուրդ տվեց չշարունակել, որովհետեւ դրանց «տուտը չի կտրվի»: Երբ հետաքրքվեցինք, թե` ինչու՞, բացատրեց, որ հարյուր տարի առաջ, ամառվա կեսին սաստիկ ձյուն է տեղացել եւ, հալվելով, հեղեղել է երկիրը: Հոռոմների զորքը, որը կռվի էր դուրս եկել թուրքերի դեմ, շփոթությունից փախուստի է դիմել եւ այստեղ խրվել տիղմի մեջ: Վասիլ կայսեր հրամանով տասներեք հազար հետեւակայինի են սպանել, որ գոյացած ճահիճը լցվի եւ դիակների վրայով անցնեն Մալաթիա: Բեատրիսը բարձր ճչաց, բոլորը նստած կամ թիկնած տեղերից վեր թռան, իսկ իշխանը հանդիմանեց խարբերդցուն, որ մեզ այս կողմն էր բերել: Բայց նա հատուկ էր այս կայանատեղն ընտրել, քանի որ, քրիստոնյա թե անօրեն, խույս էին տալիս հայերի կողմից Մարդագետին կոչված դժնդակ վայրից: Ոչ ոք այլեւս գետնին չկարողացավ հանգստանալ, եւ խսիրները հավաքելով ու բեռներն ուսելով` քայլեցինք առաջ: Ադամալույսին մախաղս ու օղազրահը սկսեցին ինձ անտանելի ճնշել: Շուտով զգացի նաեւ, որ կուրծքս թրջվում էր: Կարծելով՝ քրտինք է, ուշք չդարձրի, բայց երբ արեւը դուրս եկավ, տեսա, որ փարաջայիս թաց տեղերը կարմիր են: Այդ պահի՛ն ինձ հաշիվ տվեցի, որ ուսագլուխներս կսկծում են: Մախաղը շալակիցս իջեցրի ու գրկեցի, օղազրահի տակ էլ մերթ մի ուսս էի ցած քաշում, մերթ մյուսը, որ մարմինս ընդմիջումներով հպվեր երկաթե օղակներին: Տարօրինակ շարժումներս նկատելով` հերացի Մխիթարը, որ իմ ետեւից էր քայլում, հարցրեց, թե արդյոք որեւէ տեղս չի ցավում: Ես պատասխանեցի` ոչ, բայց նա ձեռքիս պարկը խլեց, որ ինքը տանի, եւ հենց կանգառ արեցինք, հանեց հագուստս ու օղազրահը, որն անխղճորեն պլոկել էր ուսերս: Հեքիմը նախ թքոտեց մատներն ու քսեց հարված տեղերին, հետո գնաց խոտեր հավաքելու: Մյուսները, բացի` մի ժամապահից, քնել էին, երբ նա վերադարձավ ու պատմեց, որ հարյուրավոր արագիլ ու կռունկ է տեսել` ծառերին ու ժայռագլուխներին թառած: Քաղած բույսերից մի բուռ լցնելով բերանն ու ծամելով` հանեց-դրեց վերքերիս եւ կապեց վաղօրոք կտրտած լաթերով: Շատ չանցած մրմուռը թուլացավ: Ես նրան հարցրի, թե արդյո՞ք իր հնարագիտությունը փոխանցել է զավակներին: Ասաց, որ երկու որդին սպանվել են Պարսկահայքի Հեր գավառից փախչելիս, Մխիթար անունով տղա թոռանը մանկուց սովորեցնո՛ւմ է իր իմացած-չիմացածը, բայց երազում հայտնի դպրանոցներ ուղարկել, որպեսզի բժշկապետ դառնա: 96. երկնքով թռչունների մի քանի երամ անցավ, թեեւ բնավ չուի եղանակ չէր: Մերթ ընդ մերթ նաեւ առանձին կռունկներ եւ արագիլներ էին թռչում դեպի հարավ-արեւմուտք: Ես չէի թողել, որ ժամապահը ձայն տար իրեն փոխարինողին, քանի որ ցավը դեռ չէր թողնում քնել, եւ մնացել էի միակ արթունը: Փորձեցի, ճամբարից շատ չհեռանալով, տեսնել, թե որտեղ են հավաքվել թռչունները, բայց մոտակա բարձունքը խանգարում էր: Հասա մինչեւ նրա գագաթը, որտեղից երեւաց, որ շրջակայքը լի է կռունկներով ու արագիլներով, որոնք սակայն իրար խառնված չեն, այլ ըստ տեսակի են խմբված: Ջանալով տեսադաշտում պահել քնած ընկերներիս` չլքեցի դիտակետս, որովհետեւ թռչունները շարունակ ավելանում էին: Ի վերջո, ցերեկվա երրորդ ժամին յուրաքանչյուր կողմից յոթական դեսպան մեկմեկու ընդառաջ թեւածեցին եւ սկսեցին պտտվել իրար շուրջը: Հետո նրանք վերադարձան իրենց տեղերը եւ… կռվի դուրս բերեցին ցեղակիցներին: Իսկական պատերազմ սկսվեց. իրար վրա հարձակվեցին սեպաձեւ երամներով: Սպիտակ արագիլների կափկափյունն ու մոխրագույն կռունկների կռինչը բռնեց օդը: Ես վազեցի, որ բոլորին վկա դարձնեմ այդ տեսարանին, բայց նրանք արդեն ոտքի վրա էին եւ խեթ-խեթ ինձ նայեցին: Երկու ասորի տղա բացակայությանս ընթացքում գուսանի պարկից դուրս էին քաշել Բեատրիսի աղեղը, բայց Շերանիկը ճանկել էր թեւերից: Հիմա վիճաբանում էին` տեղնուտեղը սատկացնեն դրանց, թե գիշերը կապկպած գցեն մոտիկ այգեստանը, որ առավոտյան գյուղացիները գտնեն: Ի վերջո, իշխանը որոշեց գանահարել երեխաներին, բայց կեսգիշերին թողնել, որ վերադառնան գյուղ: Իսկ թռչունների կռիվը տեւեց մինչեւ իններորդ ժամը, եւ բոլորն ակնկալում էին, որ ես կմեկնաբանեի եղելությունը: Մինչդեռ պարզ չէր նույնիսկ, թե ով է հաղթել, եւ ես նորից բարձունքից նայեցի դաշտ, որը թռչունների անշունչ կամ վիրավոր մարմիններով էր ծածկված: Ինձ այնպես թվաց, որ ավելի շատ էին արագիլների` երկրագործի բարեկամների դիակները: Նրանց պարտությունը կռունկներից, որ վտարանդիների սիրելիներն էին, մեր ազգին վերաբերող ինչ-որ մարգարեություն էր հուշում, բայց ես, ետ դառնալով, ի վիճակի չեղա ոչինչ ասել: Ընդ որում, կարծես միտքս, լեզուս կապվեին, եւ վերջին պահին բառերը դուրս չթռչեին բերանիցս: Ուրեմն, կա՛մ Աստծո պայծառացնող կամքը չկար, կա՛մ, ավելի ստույգ, այն ընկալելու ընդունակ չէի, քանի որ դարձել էի սատանայի հանգրվան: Սա մտածելիս, ներսիցս թեթեւ ճռճռոց լսվեց` իբրեւ հաստատում, եւ որովայնիս մոտ կողերս ցավեցին: 97. նորից հիշելով ներսս նստած սատանային` ես փշաքաղվեցի. չափազանց այլանդակ էր: Բայց անհայտությունից եկած մի միտք ինձ սփոփեց, թե այս զազրելին երկար կյանք չի ունենա. ավելի անհողդողդ աստվածապաշտները, քան` ես, կվերացնեն նրան երկրի երեսից: Խիստ հավատաքննությամբ կհայտնաբերեն եւ խարույկ կբարձրացնեն նրանց, ում մեջ պիղծը բույն կդնի: Բայց քանի որ պայքարը կոփում է հալածվողին, եւ սատանան էլ նախեւառաջ ճարպիկ է, գուցե նա ավելի հանդուրժելի տեսք առնի, որ կարողանա իր ավերը շարունակել: Միայն թե նեռի քողարկմամբ կամ ոչնչացմամբ գուցե բարի ուժերի` հրեշտակների գոյությունն էլ վտանգվի: Իրենց անթերիությամբ նրանք կշտամբանքի մարմնացում կհանդիսանան ողորմելի մահկանացուների համար, եւ մարդիկ կնախընտրեն անտեսել այդ սքանչելի հովանին: Համաձայն սաղմոսի բառերի, թե «Մոռացվեցի ես, ինչպես` սրտից մեռածը», անուշադրությունը մահվան կմատնի հրեշտակներին: Բայց ի՞նչ են անելու եկեղեցականները, երբ մարդկությունը չար ու բարի ոգիներից ազատվեր: Առանց հրեշտակներին աջակցելու առաքելության` սատանայի հետ գոտեմարտում, նրանց պաշտոնը կվերածվի ծիսարարի մասնագիտության: Այդպես կրոնն էլ աստիճանաբար կմարի կամ որպես ապավեն կունենա միջինից բարձր տարիքի կանանց, որոնք ծերանալու հետ աստվածավախ են դառնում: Այդպիսով, Աստված առանց իր կամքն իրականացնող իշխանության կմնա, եւ կավարտվեն մարդկության գործերին նրա ուղղակի միջամտության ժամանակները: Տիրոջից զրկված ազգերը կխախտեն սուրբ հայրերի ամենակարեւոր կանոնը. «Եթե որեւէ մեկը հույսը դնի մահկանացու մարդու վրա, անիծյալ լինի Աստծուց»: Մարդիկ հույսն իրենց վրա կդնեն, ոչ թե` Աստծո, նյութի ճանաչողությանն ավելի շատ եռանդ կնվիրաբերեն, քան` ներսուզմանը: Դա հավանաբար ավելի սրընթաց կզարգացնի աշխարհը, բայց անխնամ թողած հոգիներն ավելի ու ավելի կտանջվեն տաղտկությունից: Եվ հազարամյակի ավարտի կամ այլ պատեհ առիթով բոլորը թաքուն Ահեղ Դատաստան կտենչան, թեկուզեւ ոչ` մեր ժամանակների նման` փրկության, այլ գոնե գերբնական, վերերկրային մի իրադարձության ակնկալիքով… Ավաղ, նրանց հույսերն ի դերեւ կելնեն, որովհետեւ Ահեղ Դատաստանն արդեն իսկ կատարված, աշխարհի վերջը եկած կլինի… Հենց այդ անհաղթահարելի տաղտկության դրսեւորույթով, որը բոլորի մեջ կհանգրվանի: 98. պահապաններն ավելի զգոն են առավոտյան ու երեկոյան` դարպասները բացելիս ու փակելիս: Ահա թե ինչու Խարբերդին մոտեցանք կեսօրին: Առջեւում որպես քահանա ծպտվածներս էինք, մի նետընկեց մեզանից ետ` Շերանիկի խումբը, եւ վերջում` գյուղացու հագուստովները: Պահնորդապետին, որ գաճաճ, ծուռոտ սելջուկ էր, ես արաբերեն բողոքեցի, որ Ծովք լճակ էինք ճանապարհվում` կաթողիկոսին տեսության, երբ Ճուրակի գյուղի մոտ ելուզակները կողոպտեցին մեզ, հափշտակեցին նվերները, այդ թվում երկու հարյուր ոսկի արժեցող մի Աստվածաշունչ, գրաստները, պարենը: Մինչեւ լեռների թաքստոցից դուրս գալը հարվածներ էինք հասցրել իրար դեմքերի, եւ ես ցույց տվեցի կապտուկներն ու քերծվածքները: Տեսություն պահանջեցի Խարբերդի կառավարչի հետ, որպեսզի խնդրենք գտնել ու պատժել հրոսակներին: Նա ուշադիր զննում էր մեզ՝ կասկածալից հայացքներ գցելով իշխանի կողմը, բայց, ինչպես եւ ծրագրել էինք, հենց որ նկատեց ճանապարհով բարձրացող գուսանին ու վարձակին, քահանաներիս մոռացավ: Դարպասից շատ չհեռանալով, որ եթե մյուսներին բան պատահեր, օգնության հասնենք, սպասեցինք, մինչեւ բոլորը եկան: Ապա իրարից հինգ-տաս քայլ հեռավորություն պահպանելով, թամբագործների փողոցով ուղղվեցինք միջնաբերդ, որի ներսում էին թե՛ կառավարչի պալատը եւ թե՛ բանտը: Սկյութի տգեղ դեմքերով չորս պահակները, որ հսկում էին միջնաբերդի դարպասը, գինով էին եւ երեւի շոգի պատճառով զրահ ու սաղավարտ չէին հագել, այլ` օղազրահներով էին, որոնք լավ պողպատից սրի հարվածին չէին դիմանում: Նրանք ստիպեցին ինձ երկրորդ անգամ կրկնել կողոպուտի պատմությունը, եւ երբ ցույց էի տալիս, թե ինչպես են մեզ ծեծել, հռհռում էին: Ես պետք է ժամանակը ձգեի, մինչեւ խումբն ամբողջանար, եւ բղավեի «Քրիստոս, օգնի՛ր», որ կլիներ հարձակման ազդանշանը: Բայց երբ բոլորը հավաքվեցին, ես էլ դա տեսա, հանկարծ վախեցա, որ մեր բռնած գործն անհուսալի է: Այս անծանոթ բերդաքաղաքի կենտրոնու՜մ, հարյուրավոր թշնամի զինվորների առկայությա՜մբ ի՞նչ կարող էինք անել տասնհինգ հոգիս: Մտածեցի, որ եթե բանակցեմ բերդակալի հետ, եւ պայման դնելով, որ բոլորիս ազատ արձակի, նրան հայտնեմ մեր դավադրության մասին, կկանխեմ աղետը: Բայց կհավատա՞ր, որ լուրջ է, ինչ ասում եմ: Ոչ: Մինչ ես վարանում էի, մարդկանց կուտակումն անհանգստացրեց անօրեններից մեկին եւ նա վազեց դեպի դարպասամիջանցքի բաց դուռը, որտեղից խոսակցության աղմուկ ու երգի ձայն էր գալիս, եւ ինչ-որ բան բղավեց իրենց լեզվով: Լեւոնը գոռաց` «Քրիստոս, օգնի՛ր» եւ, կոշիկների մեջ թաքցրած լավ սրած երկու դաշույնը հանելով, խրեց մոտակա զինվորի կուրծքը: Որպես գյուղացի ծպտվածները մրգով լի քթոցների միջից դուրս քաշեցին սրերն ու դաշույնները եւ հարձակվեցին մյուսների վրա: Դարպասամիջանցքի ներքին դուռն, ըստ ամենայնի, պահնորդասրահինն էր. այնտեղից դուրս թափվեցին քսան-քսանհինգ զինվոր, եւ կռիվն սկսվեց: Ես անշարժ կանգնել էի, թուրքերն էլ կարծես ուշք չէին դարձնում ինձ վրա: Ձեռքերս տարա օձիքիս, որ պարեգոտս պատռեմ եւ դանակները հանեմ, բայց թվում էր, որ նույն պահին չորս-հինգ հոգի վրա կտան ու ոչինչ չեմ հասցնի անել: Ես կռացա ու գետնից վերցրի մի սրահարված թուրքի կեռ թուրը, եւ այդպես կանգնեցի: Հանկարծ անօրեններից մեկը, որն ինձ մոտիկ էլ չէր, Շերանիկին տեգով խոցելուց հետո հայհոյեց ու ձախ ձեռքի տապարը նետեց ինձ վրա: Այն աջ ուսիս վրայով անցավ, իսկ թուրքը տեգն առաջ ուղղած եկավ իմ կողմը: «Թուրը գցի՛ր ձեռքիցդ, տեր Մատթեոս»,- հանկարծ ինչ-որ տեղից գոռաց իշխանը: Ես բաց թողեցի ձեռքիցս թուրը, պատռեցի փարաջաս, երկու դանակ հանեցի գոտուցս, որոնցից մեկը նետեցի: Թշնամիս խույս տվեց, բայց նրա կողքին հայտված Ռուբենը սրով գլուխը կիսեց մինչեւ ատամները: Ես շուրջս նայեցի: Երկու թուրք, որ թիկունքով էին դեպի ինձ, նեղն էին լծել հեքիմ Մխիթարին: Երրորդ դանակս նետեցի, որը խրվեց նրանցից մեկի ծոծրակը: Մոտեցա ու քաշեցի մյուսի թեւից. հենց շուռ եկավ, դաշույնով խփեցի փորին: Հարվածս օղազրահի համար թույլ դուրս եկավ` միայն մի փոքր հետ հրեց նրան, բայց Մխիթարը չթողեց, որ ուշքի գա. մկունդով գլխին խփելով` տապալեց գետնին: Լսեցի Լեւոն Ռուբինյանի հրամանը` փակել քաղաքին նայող դարպասը, որովհետեւ նոր զինվորներ էին բարձրանում: Ներսում արդեն ավելի քիչ թուրքեր էին ողջ մնացել, քան մենք էինք, եւ երկար չկարողացան դիմադրել: Երբ կռիվն ավարտվեց, պարզվեց, որ թուրքերը փակել էին միջնաբերդ տանող դարպասը հակառակ կողմից` մեզ կալանելով միջանցքում: Բայց Լեւոնը խուճապի չմատնվեց: Հրամայեց ամբողջ թափով ընկնել դարպասի երկու փեղկերի վրա: Առաջացած ճեղքի միջով Ռուբենը երեք անգամ հարվածեց թրով եւ կտրեց երկաթե կղպանքը: Դարպասը բացվեց, տեսանք, որ թուրք զինվորները, որոնք մեզանից շատ էին, գլխակորույս պալատ էին փախչում: Խարբերդցի Ազարիան մեզ առաջնորդեց բանտի մոտ: Համարյա ոտնատակ տալով պահակներին` մտանք ներս եւ ազատեցինք գերիներին: Բոլորին, բացի թագավորից: 99. մի բանտապահ դաշույնը դեմ էր արել բալդուինի թիկունքին եւ գոռում էր, որ կսպանի, եթե չհեռանանք: Բոլորը կարկամել էին, ամեն ինչ կարող էր ջուրը լցվել: Ժամանակ չկար ո՛չ բանտապահին համոզելու, ո՛չ խաբելու. պետք էր պալատը գրոհել, քանի դեռ թշնամին շփոթահար էր: Թագավորն էլ երեւի հասկանում էր, թե ինչ է վիճակը, եւ Լեւոնից պահանջեց, որ անօրենի ձեռքին խաղալիք չդառնա, այլ սատկացնի թուրքին, ինչ գնով էլ լինի: Իշխանը փորձ արեց մոտենալ Բալդուինին, բայց թուրքը դաշույնի ծայրն այնպես հուպ տվեց թագավորի մեջքին, որ կանգնած տեղը գալարվեց: Բայց դրանից նա չհամակերպվեց իր վիճակի հետ, այլ կրկնեց պահանջը, այս անգամ` որպես հրաման: Ոչ ոք տեղից չշարժվեց, ոչ էլ որեւէ բան ասաց: – Օրիո՛րդ,- հանկարծ Բեատրիսին դիմեց թագավորը,- դու՛ ցուցաբերիր արիություն, խղճա ինձ եւ նետահարիր այս անիծվածին: Իշխանադուստրը մի փոքր առաջ եկավ, կապարճից հանեց վերջին նետը եւ ձգեց աղեղը: Գեղեցիկ հոնքերն իրար էր մոտեցրել` կնճիռ առաջացնելով դեմքին: Տարածությունը քիչ էր, պետք է որ չվրիպեր, միայն թե այս պահին չվերհիշեր, թե ինչպես է Բալդուինը խափանել իր հարսանիքը` Վասիլ Տղային բանտարկելով, ինչպես, տանջանքերի ենթարկելով` բռնազավթել է նրա հողերը: Ես ծնկեցի, որ աղոթեմ` Աստված բարին կատարի, բայց արնաշաղախ գետնին թավալվող թուրքերից մեկն ուղղվեց ու դաշույնով խփեց կրծքիս: Որոշ ժամանակ անց լսեցի Բեատրիսի ձայնը, թե` ինչպե՞ս է տեր Մատթեոսը: Իշխանը պատասխանեց, թե` արդեն հրեշտակների հետ է խոսում, եւ մի քանիսը քրքջացին: Ես հասկացա, որ ապրում եմ: 100. նվաստ գրիգորի, սոսկ անունով երեցի հիշատակարանը Մատթեոս քահանա Ուռհայեցին վախճանվեց Տիրոջ գալստյան 1144 թվականին: Նրա խցում գտնելով այս մատյանը եւ հավաստիանալով, որ ինքնագիր է, ես հայտնվեցի տվայտանքների մեջ: Անկարող էի այն որեւէ անձի, իր դստերն իսկ` երեցկին Եվային ցուցանել` բազում անաստվածահաճո էջերի եւ խռովիչ մտքերի պատճառով: Անշուշտ, նախ ցանկացա կրակի տալ ամբողջովին, որպեսզի չեղծվի եւ գետնին ընկած կավե ամանի նման չփշրվի խոնարհասիրտ եւ քանքարառատ վանականի բարի հիշատակը, նրա փառքին նախանձողները չբերկրեն, թշնամիները չչարախնդան` այս սին կենցաղագրության ստվերը ձգելով Արեւելքի համայն անցքերն իր մեջ պարփակող «Ժամանակագրության» հետ, որով սքանչացողն ու մեղապարտ շարունակողն եմ: Մատյանն այրելու կամքս զորեղացնում էր այն, որ ուսուցիչն, իր սովորությանը հակառակ, կիսատ էր թողել գործը, սակայն, շարադրված դեպքերից հետո ապրելով եւս քսանմեկ տարի, նաեւ իր ձեռքով չէր ոչնչացրել տխեղծ երկը: Եվ վճռեցի, որ այն կպահպանեմ իմ գյուղական տան գաղտնարանում` նախապես մագաղաթե տետրակի վերջին ազատ էջերին խոշորագրելով հիշարժան միակ դեպքի` Խարբերդի գրավման ավարտը: Տասնհինգ ծպտյալները Բալդուին թագավորին ազատագրեցին, զինեցին գերիներին եւ տեղացի վարձվոր ու տառապյալ հայերի օգնությամբ տիրեցին քաղաքին. կայազորի փոքր մասը միայն փախավ: Սակայն նույն օրն իսկ թուրքերը շրջապատեցին Խարբերդը, այնպես, որ ոչ ոք չէր կարող ո՛չ ելնել, ո՛չ մտնել: Տեսնելով, որ դուրս գալու ուրիշ հնար չկա, Ուռհայի կոմս Ժոսլինը, մեծ իշխան Լեւոնն` իր զավակների հետ, Մատթեոս քահանան, որ թեթեւակի վիրավորվել էր, գիշերը պարանով իջան պարսպից, հասան Եփրատին, որը նույնպես գիշերով անցան` կոմսի թեւերի տակ դնելով երկու տիկ, որոնց գինին դատարկել եւ տեղն օդ էին փչել, քանի որ լավ լողորդ չէր: Բայց մինչ նրանք զորք կհավաքեին, Բալակը, լսելով, թե խորամանկությամբ առել են իր թագավորության աթոռանիստն ու հարստությունների գանձարանը, արծվի նման սլանալով` տասնհինգ օրում տեղ հասավ, քաղաքավեր մեքենաներ գործադրեց, տակից փորելով փլցրեց ամրոցի մեծ բուրգը, որով սարսափահար արեց պաշտպաններին: Չցանկանալով սրով ներխուժել Խարբերդ եւ նսեմացնել Բալդուինին` ամիրան համոզեց նրան հանձնել ամրոցն ու փրկել իր կյանքը: Երաշխիքներ ստանալով` թագավորն այդպես էլ վարվեց: Բալակը նրան նախկին պատվով ուղարկեց Հալեպ, իսկ ինքը կոտորեց բոլոր կալանավորներին` վաթսուն հոգու, իսկ ութսուն գեղադեմ կանանց բարձունքից ցած գլորեց: Նա խստագույն տանջանքների ենթարկեց դավադրության մասնակից հայերին` նետաձգության թիրախ դարձնելով կա՛մ ողջ-ողջ մորթազերծ անելով: Այսուհանդերձ, Քրիստոսի զինվորները կարողացան շունչ քաշել, կոմս Ժոսլինը դաշնակցեց Մնբեճ քաղաքի ամիրայի հետ, եւ Բալակի դեմ կատաղի ճակատամարտ մղեցին: Ի վերջո, ֆրանկները պարտվեցին, Ժոֆրուա Վանականը եւ շատ այլ կտրիճներ նահատակվեցին, բայց երբ Բալակն ուրախությունից հանել էր զրահը, մի արեւապաշտ նետահարեց նրան: Ամիրան կանչեց Ղազիի որդի Տիմուրտաշին եւ, իր իշխանությունը հանձնելով, իսկույն սատակեց: Թագուհին եւ կոմս Ժոսլինը Տիմուրտաշին տվեցին հարյուր հազար ոսկի, պատանդ հանձնեցին արքայադուստր Իվետին, Ժոսլին Տղային եւ ազատեցին թագավորին` ցնծություն պատճառելով համայն աշխարհին: 101. սմբատի` հեթում թագավորի եղբոր, սպարապետի եւ տարեգրի հիշատակարանը Հայոց թվականության 720, Տիրոջ գալստյան 1271 թվականին, Սիս քաղաքի արքունական գանձատան մի անկյունում գտա այս գիրքը, որն անայցելու, իր ընկերներից զատված թավալում էր հատակի մոխրի մեջ: Անկարելի է հավատալ, թե նրա հեղինակը Մատթեոս Ուռհայեցին է, որի մեծարժեք «Ժամանակագրությունը» բառ առ բառ արտագրել եմ իմ մատյանում, ապա միայն շարունակել այնտեղից, որտեղ նա ավարտել է: Գրիգոր արժանավոր Երեցի անունից արված հաստատումը, թե սա Մատթեոսի ինքնագիրն է, նույնպես կարող է կեղծ լինել, քանի որ այլ ինքնագիր չունենք, որպեսզի համեմատենք: Ապարդյուն պրպտեցի նաեւ «Խաչի անվամբ ծպտվածները» վերնագիրը բանադրված գրքերի ցանկում, եւ ապսպրեցի հոգեւոր հայրերին, որ այն ավելացնեն «Ադամի կտակը», «Ճիռն օրհնության», «Փիփիյանն», «Գորտոսակն», «Ղոսիմուն», «Պետրոսի տեսիլն», «Դիաթեկն», «Աստվածածնի պատմությունը», «Սեբիսոն», «Փյուրհոնացիքն», «Մանկություն Տեառն», «Լուսավորչի տեսիլքն», «Անթագչելի մատյանները», «Գրիգորի եւ Բարսեղի հարցմունքն», «Ավետարանի Մանեայի մեկնությունը» մատյանների շարքին: Ով դրանց հավատա, թող նզովվի: Ինքս, հիշելով տարիներ առաջ մեր երկրով անցնող Մարկո Պոլո անունով մի աշխարհաշրջիկ մարդու խոսքերը, թե նախքան Քրիստոսը ապրած փիլիսոփա Քրիզիպոսը գրել է յոթ հարյուր աշխատասիրություն, որոնցից պահպանվել է միայն մեկը, որ կոչվում է «Նախախնամության մասին», ջանք կվատնեմ գրելու, թե ինչ պատահեց այս գրքում պատկերած մարդկանց հետ: Միգուցե անկայուն ժամանակների քմահաճույքով հենց սա պատմի հարյուր հիսուն տարի առաջ տասնհինգ հայերի ձեռնարկած անմահ գործը: 1129 թվականին վախճանվեց Թորոս Ռուբինյանը: Թուրքերն ու ֆրանկները, Թորոսի մահը լսելով, իրարից անտեղյակ մտան Կիլիկիա` երկրին տիրանալու, բայց, անակնկալ կերպով իրար հանդիպելով, ճակատամարտեցին: Անօրենները հաղթեցին խաչապաշտներին, իսկ նոր պարոնաց պարոնը՝ Լեւոն Ռուբինյանը, լեռնանցքները փակելով, երկուսից էլ գնդեր կոտորեց: Նա բյուզանդացիներից խլեց Ադանա եւ Մամեստիա մեծ քաղաքները, որոնք դարձան Բեատրիսի օժիտը, երբ նրան ամուսնացրեց կայսեր եղբորորդի Հովհաննեսի հետ: Սակայն եւ՛ սա, եւ՛ իր հայրը, որ հակառակ էին բազիլեւսին, Լեւոնի հետ էլ վարվում էին իբրեւ իրենց ծառայի: Ուստի պարոնաց պարոնի կողմից զրկվեցին վերնասացյալ քաղաքներից եւ Կիլիկիայից արտաքսվեցին: Կորովամիտ Լեւոնը գրավեց Դաշտային Կիլիկիան մինչեւ Միջերկրական ծով, Բյուզանդիայից խլեց ամբողջ Սելեւկիան եւ իրեն թագավոր հռչակեց: Այդ բանը Հովհաննես Կոմնենոսը չներեց, 1137 թվականին մեծ բանակով արշավեց ու գրավեց երկրի բոլոր բերդերը, գերեց Լեւոնին եւ երկու որդիներին` Ռուբենին ու Թորոսին, ոչնչացնել տվեց հայոց բոլոր մատյանները, որտեղ հիշատակություն կար նրա թագավոր օծվելու մասին, որոնց թվում, նաեւ Ուռհայեցու «Ժամանակագրության» չորրորդ գիրքը, ավաղ: Ռուբենին կայսրը Կոստանդնուպոլսում կուրացրեց, երբ հոռոմները, իշխանորդու ուժը տեսնելով, նախանձեցին եւ զրպարտեցին: Նա բաղնիքում վերցրել էր տաք ջրի մարմարե գուռը, որ չորս հոգի հազիվ էին շարժում, եւ մատուցել բազիլեւսին: Նա ցավերից մեռավ 1140 թվականին: 1141-ին բանտում վշտից մահացավ Լեւոն Ռուբինյանը: 1145-ին Թորոս Բ Ռուբինյանը փախավ Կոստանդնուպոլսից, վերատիրացավ Կիլիկիային եւ իշխեց մինչեւ 1168 թվականը: Նրա կրտսեր եղբայր Մլեհը Նուր էդ-դին սուլթանի օգնությամբ, որի անունն իրենց ստապատիր բացատրությամբ հավատքի լույս է նշանակում, 1172-ին ջախջախեց բյուզանդացիների բանակը եւ հալածում էր նաեւ ֆրանկներին: 1175 թվականին սպանվեց հայ իշխանների կողմից` իր մոլեգին բնավորության, եպիսկոպոսներին ծեծելու եւ գանձերը շորթելու պատճառով: Ստեփանե Ռուբինյանը, որ հալածում էր հոռոմներին ու թուրքերին ամենուրեք` արհամարհելով Թորոս եղբոր կնքած ամեն պայման, խաբվեց հոռոմների կեղծավորությունից 1156 թվականին եւ սպանվեց` եռման ջրով կաթսայի մեջ խաշվելով: Ստեփանեի ավագ որդի Ռուբենը իշխեց 1175 թվականից` տասը տարի: Ստեփանեի կրտսեր որդի Լեւոնը 1196 թվականին Տարսոն հռչակավոր նավահանգստային քաղաքում թագավոր օծվեց բյուզանդական եւ գերմանական կայսրերի ուղարկած թագերով: Լեւոնի Զաբել դստեր հետ ամուսնանալով` թագավոր դարձավ իմ եղբայր Հեթումը: Հովհաննես Կոմնենոս կայսրը վախճանվեց 1143 թվականին, երբ Կիլիկիայում վարազի որս անելիս թունավոր նետի ծայրով քերծեց ձեռքը: Նրա դին զմռսեցին եւ տարան Կոստանդնուպոլիս: Բալդուին Բ թագավորը վախճանվեց 1131-ին, որի փոխարեն գահակալեց փեսան, բայց Եվմորֆիա թագուհին շարունակեց եռանդագին մասնակցել երկրի կառավարմանը: Լուսինյան թագավորները իշխում են Կիպրոս կղզուն: Ժոսլին դը Կուրտընեն, արդեն` ծեր, հարձակվեց ավազակների Թելարան բերդի վրա` Հալեպից ոչ հեռու, փորված գետնուղիները ստուգելիս հողաթումբը փլվեց եւ ճզմեց նրան: Նշանավոր կոմսի դուստրը, որի մասին շատ է խոսում մատյանը, մեծ մենաստաններից մեկի մայրապետը դարձավ եւ հռչակված էր իր բարի վարքով: Ժոսլին Տղան, որին մուսուլմանները կոչեցին «Ժոսլին Հայ», հաջորդեց հորը 1131 թվականին, 1144 թվականին նրա անխոհեմության պատճառով անօրեն Զանգին գրավեց Եդեսիան: Իսկ կոմսը 1150-ին գերի ընկավ, կուրացվեց, գերության մեջ մահկանացուն կնքեց ինը տարի անց: Կոստանդինազատը Վահկայի բերդակալն էր, երբ Հովհաննես Կոմնենոսն այն պաշարեց 1137 թվականին: Բերդը քաջաբար պաշտպանելով` նա պարիսպների վրայից հունարեն կին ու դուստր էր հայհոյում կայսերը: Ի վերջո, գերի ընկավ, երբ շղթայակապ նավ նստեցրին Կոստանդնուպոլիս տանելու համար, գիշերով շատերին սպանելով փախավ, բայց նորից բռնվեց: Վասիլ Տղան եւ իր սերունդները մնացին Բյուզանդիայում: Բավականանք այսքանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել