Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կենսագրության բառարանը

Մարտ 16,2002 00:00

Մեր կենսագրության բառարանը Բառարանը ծավալուն է, խոսքը կարճ եղավ «Ամեն մի հանդուգն աշխատանք ծնվում է երիտասարդ հասակում։ Եթե այն ժամանակ ավելի մեծահասակ լինեինք, թերեւս չէինք համարձակվի այս գործը սկսել»,- հայտարարեց ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը՝ Թաթուլ Հակոբյանի, Ստեփան Մելիք-Բախշյանի եւ Հովհաննես Բարսեղյանի հեղինակած «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» 5 հատորյակի շնորհանդեսի ժամանակ։ Բառարանի կազմման աշխատանքներին միայն կարճատեւ շրջան մասնակցած Գ. Ջահուկյանը գիրքը որակեց իբրեւ կոթողային ու հազվագյուտ՝ հատկապես շեշտելով հեղինակների համառությունն ու տքնաջան աշխատանքը, առանց որոնց դժվար կլիներ այդ համարձակ նախաձեռնությունը կյանքի կոչել։ Հնգհատորյակի ստեղծումը ԵՊՀ ռեկտոր Ռ. Մարտիրոսյանը համարեց սխրանք, իսկ նման նախաձեռնությամբ հանդես գալու սաղմերը նա տեսավ Քերթողահայր Խորենացու «Մատյանի» էջերում։ Ալեքսեյ Կիրակոսյանը «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանը» անվանեց «շտեմարան, հանրագիտարանային գործ, որից կարող են օգտվել աղբյուրագետները, դիվանագետները, բանահյուսները, պատմաբանները եւ ընդհանրապես հայագետները»։ Ա. Կիրակոսյանի կարծիքով, բառարանը վիթխարի դեր կունենա նաեւ թուրքական եւ ադրբեջանական քարոզչական պայքարի ընթացքում, որ այնքան եռանդով ծավալել են մեր հարեւանները։ Պարույր Մուրադյանն էլ նկատեց, որ Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանից» հետո «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանը» հաջորդ խոշորագույն ավանդն է, որ մուծվում է հայագիտության գանձարան»։ Սակայն նաեւ հարկ համարեց նշել, որ ի տարբերություն հարեւան երկու հանրապետությունների, Հայաստանը մինչեւ հիմա չունի համալսարանին կից տեղանունների ուսումնասիրման լաբորատորիա՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Ի դեպ, շնորհանդեսի առիթով հավաքված բոլոր գիտնականները բավականին երկարաշունչ ճառ-ելույթներ էին ունենում՝ մոռանալով, որ ներկաներն իրենց դասախոսությունները լսելու եկած ուսանողներ չեն։ Այս առումով հաճելիորեն առանձնացավ միջոցառման «մեղավորը»՝ Հովհաննես Բարսեղյանը. «Ես չեմ սիրում, երբ ինձ գովում են, վատ եմ զգում, որովհետեւ չեմ կարողանում պատասխանել»։ Նա իր կարճատեւ ելույթով ցույց տվեց, որ կարեւորը գործն է. «Բառարանը ծավալուն ու երկար է, եւ խոսքս չի կարող կարճ չլինել»։ Հովհ. Բարսեղյանը, ի զարմանս ներկաների, հայտարարեց, որ որեւէ մեկին շնորհակալական խոսք չի ասելու, քանի որ «առաջին շնորհակալական խոսքը պետք է ուղղել իմ համահեղինակակից ընկերներին, որոնք լինելով անհատների ժողովրդի ներկայացուցիչներ, ստեղծեցին պայմաններ, որ 50 տարի կոլեկտիվ աշխատանք կատարվի»։ Իսկ շնորհակալության խոսքը, ըստ Հովհաննես Բարսեղյանի, «շրջում է Հայաստանի բոլոր բնակավայրերով, Նախիջեւանով ու Արցախով, հասնում է Մոսկվա ու Լենինգրադ, որովհետեւ առանց մոսկովյան թույլտվության գործը գլուխ չէր գա»։ Չէ՞ որ գաղտնագրված ռազմական քարտեզների մի ողջ փաթեթ հենց Բաղրամյանը տվեց իրենց՝ ուսումնասիրելու ու աշխատելու։ «Եվ վերջապես ինչո՞ւ շնորհակալություն հայտնեմ,- խոսքը եզրափակեց անվանի գիտնականը,- երբ բոլոր մարդիկ ընդամենը աջակցողներ չեն. բառարանում բոլորի պատմությունն է, բոլորի կենսագրությունը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել