Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԽԱԼՆԵՐԸ ԿՍՐԲԱԳՐՎԵՆ

Մարտ 16,2002 00:00

ՍԽԱԼՆԵՐԸ ԿՍՐԲԱԳՐՎԵՆ Բազմաթիվ, այդ թվում քրեական բնույթի խախտումներով իրականացված մասնավոր բուհերի հավատարմագրման գործընթացը ԿԳ նախարարի փոփոխությունից հետո ժամանակավորապես կասեցվել էր։ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ երեկվա մեր զրույցից պարզեցինք, որ կարծես թե գտնվել է այդ խնդրի լուծման տարբերակը։ Երբ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության նախկին պետ, այժմ հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Գաբրիելյանին մեղադրում էինք օրենքը խախտելու, այսինքն՝ առանց առարկայական չափորոշիչների բուհերը հավատարմագրելու համար, արդարանում էր, թե ավելի լավ է օրենքի նման «փոքր» պահանջները անտեսել, քան բուհերին սպասեցնել։ Սակայն գործընթացը խայտառակվեց ոչ այդ իբր թե «փոքր» խախտումների, այլ քրեական մեղադրանքների (կաշառակերության) պատճառով։ Այնուամենայնիվ, ոչ մի հավատարմագրված բուհ չզրկվեց իր հավատարմագրից եւ պրոբլեմը նման արմատական քայլերով չէր լուծվելու, քանի որ այն առնչվում է հասարակության բավականին մեծ մասի։ ԿԳ նախարարը այս առթիվ նկատեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ փոփոխությունների ընթացքում չտուժեն ուսանողները, եթե որեւէ բուհ փակվի էլ, ոչ մի ուսանող դրսում չի հայտնվելու։ Մյուս կողմից էլ, եթե ծնողը վճարում է իր երեխայի ուսման համար, պետությունը իրավունք չունի ծնողի վստահությունը շահագործել եւ անորակ կրթություն տալ։ Այսօր կա ինը հավատարմագրված մասնավոր բուհ, չորսում միայն որոշ մասնագիտություններ են հավատարմագրվել եւ եւս երկու բուհ էլ, որ անցել են հավատարմագրման բոլոր փուլերը, ստացել են հավատարմագիր։ Մոտ 13 մասնավոր բուհ անցել է հավատարմագրման առաջին փուլը։ Դրանց մի մասը պնդում է, որ անցել է բոլոր փուլերը, սակայն ուսումնասիրությունները պարզել են, որ երկրորդ փուլն անցել են խախտումներով։ Քանի որ հավատարմագրման գործընթացն ամբողջությամբ կամ մասնակիորեն անցած այս 28 բուհի հավատարմագրումը սկսվել է առանց լուրջ չափորոշիչների եւ հիմքերի, մինչեւ այդ ամենն ապահովելը, կդադարեցվի հավատարմագրման համար նոր դիմումների ընդունումը։ ԿԳՆ-ն մեկ տարվա ընթացքում կմշակի չափորոշիչներն ու հիմնական սկզբունքները, նոր հավատարմագրման գործընթացը կշարունակվի։ Օրենքի պահանջն է, որ սկսված գործընթացը չընդհատվի, այնպես որ, այդ 28 բուհից 13-ը, որ միայն մեկ փուլն է անցել, այս տարի կունենա երկրորդ փուլն անցնելու հնարավորություն եւ ըստ Լ. Մկրտչյանի՝ «շատ լուրջ եւ հրապարակային ենք դա անելու»։ Քննությունները կանցկացվեն կենտրոնացված կարգով։ Կենտրոնացված եւ պետական վերահսկողությամբ կանցկացվեն նաեւ արդեն հավատարմագիր ստացած բուհերի ավարտական քննությունները, «որովհետեւ, թեեւ այդ տասնհինգ բուհերը հավատարմագիր ունեն, սակայն շատերի պարագայում խախտումներ, այնուամենայնիվ, կան, եւ մենք իրավունք ունենք դրանց որակը խստորեն վերահսկել՝ հավատարմագրումից հետո երկու տարի անընդմեջ»։ Ըստ ԿԳ նախարարի, «մենք ունենք որոշակի լծակներ իրավիճակը սրբագրելու համար»։ Նաեւ հավաստիացրեց, որ նպատակը որակը ստուգելն է միայն եւ որեւէ նախնական տրամադրվածություն այս խնդրում չկա։ Հիմնական խնդիրն է վերականգնել հասարակության վստահությունն այս գործընթացի հանդեպ։ Խնդրի լուծման նշված տարբերակը քննարկվել է ԿԳՆ-ի կոլեգիայի նիստում, ի դեպ, ինչպես պարոն նախարարը նշեց, առաջին անգամ է նման հարց քննարկվել կոլեգիայում՝ թեեւ հավատարմագրումը վաղուց է սկսվել։ Հիշեցնենք, որ իր պաշտոնավարումից կարճ ժամանակ անց ԿԳ նախարարը հանդիպել էր նաեւ մասնավոր բուհերի ռեկտորների հետ։ Կոլեգիայում հաստատված հիմնական մոտեցումները հավանության են արժանացել ՀՀ կառավարությունում կայացած քննարկմանը եւ շուտով այս տարբերակը կներկայացվի կառավարության հաստատմանը։ Պետական բուհերի հավատարմագրումը եւ լիցենզավորումը դեռեւս սկսված չեն, թեեւ սա եւս օրենքի պահանջն է։ Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան, ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ չափորոշիչների ընդունումից հետո կսկսվի նաեւ պետական բուհերի հավատարմագրման գործընթացը։ Լիցենզավորման գործընթացը, ի տարբերություն հավատարմագրման, դադարեցված չէ։ Մինչեւ օրս մոտ 60 բուհ գործունեության լիցենզիա է ստացել, սակայն այս գործընթացի հանդեպ էլ պահանջները պետք է խստացվեն։ Երեք բուհի լիցենզիա արդեն հետ են վերցրել։ ԿԳ նախարարը նաեւ նկատեց, որ բավականին տխուր էր հավատարմագրումն իրականացնող ծառայության, այժմ՝ գործակալության, վիճակը։ Երկու փոքրիկ սենյակներում տեղավորված տասը հոգիանոց աշխատակազմը նույնիսկ իրավաբան չի ունեցել։ Գործակալության նոր տնօրենի՝ Ռոբերտ Փոլադյանի առջեւ դրված բազմաթիվ խնդիրներից է նաեւ նորմալ շենքային պայմաններով եւ մասնագիտական հմուտ կադրերով ապահովումը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել