Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Մարտ 16,2002 00:00

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ Թուրքիան ինձ համար սկսվեց այն պահից, երբ Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում մի երիտասարդ թեյի գավաթը ձեռքին մոտեցավ մի տարեց մարդու եւ այն մատուցելուց առաջ համբուրեց ու ճակատին դրեց վերջինիս ձեռքը։ Տարեցը մոլլա չէր. նրա նկատմամբ նման հարգալից վերաբերմունքի պատճառը պատկառելի տարիքն էր։ Նույն նախանձը զգացի նաեւ Թուրքիայի նախկին նախագահ, նախկին վարչապետ եւ նախկին «դիսիդենտ» Սուլեյման Դեմիրելի նստավայրում, երբ բոլոր ներկա թուրքերն ու ադրբեջանցիները՝ քաղաքական-հասարակական գործիչներ, թե լրագրողներ, նրան դիմում էին «պարոն նախագահ», «հարգելի նախագահ» արտահայտություններով, մեկը նույնիսկ՝ «ձերդ գերազանցություն»։ Ինքը՝ Դեմիրելն էլ, հպարտությամբ նշեց, որ իր մասին երրորդ դեմքով խոսելիս օգտագործում են «Թուրքիայի 9-րդ նախագահ» արտահայտությունը։ Դեմիրելը մեզ ընդունեց իր նստավայրում՝ հատուկ պահպանելով սահմանված ժամանակացույցը։ Նա շատ կարեւորեց լրագրողների նման եռակողմ հանդիպումը, «որովհետեւ ամեն ինչ կամավոր է»։ Անդրկովկասի երեք հանրապետությունների հետագա անկախության երաշխիք պրն Դեմիրելը համարում է տարածաշրջանի խաղաղությունը, որով նաեւ այլ պետություններ եւ միջազգային կառույցներ են շահագրգիռ։ Դեմիրելը, որպես իր սիրելի կարգախոս՝ մեջբերեց Չերչիլի հետեւյալ խոսքը. «Անցյալով ապրելը ոչնչացնում է ապագան»։ Հետաքրքիրն այն էր, որ ե՛ւ այս, ե՛ւ թուրք, ե՛ւ ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպումներում մյուս կողմը (նկատի ունենք այդ երկու կողմերին միասին՝ իրենց ընդհանուր շահերի անթաքույց հանգամանքից ելնելով) անընդհատ կոչ էր անում անցյալը չքրքրել։ Անցյալ ասելով՝ հասկանալով, իրենց արտահայտությամբ՝ «1915թ. ողբերգական դեպքերը»։ Իսկ մոտակա անցյալը, այսինքն ղարաբաղյան պատերազմի արդյունքները, չքրքրելու կոչ բնականաբար չէր արվում։ Դեմիրելի կարծիքով՝ «Կովկասում շուտով խաղաղություն կլինի», քանի որ «այդ ուղղությամբ շատ աշխատանք է տարվում»։ «Ես տեսնում եմ հարեւան երկրների երջանիկ ապագան՝ խաղաղության պայմաններում»։ «Թուրքիայում դեմոկրատիայի առումով վերջին 20 տարիներին առաջընթաց կա՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ կարգի»,- «Առավոտի» այս հարցին պրն Դեմիրելը գերադասեց պատասխանել 40 տարվա քաղաքականությամբ զբաղվելու իր փորձի ժամկետի կտրվածքով։ 1965 թվից 7 անգամ վարչապետ, 7 տարի երկրի նախագահ աշխատած, 7 տարի քաղաքական գործունեության արգելանքի ենթարկված Սուլեյման Դեմիրելն ասաց. «Երկիր կառավարելը դժվար չէ, բայց դեմոկրատիան՝ այո։ Բազմակուսակցությունն՝ ավելի»։ Ունենալով խորհրդարան, կոալիցիոն կառավարություն, հանգիստ փողոցներ եւ ազատ մամուլ (բոլորը Դեմիրելի բնորոշմամբ), վերջինս հայտարարեց. «Թուրքիայում բազմակուսակցականություն ներդնելիս շատ պրոբլեմներ ունեցանք եւ հրաժարվեցինք դրանից»։ «Միասին ապրել, միասին աշխատել՝ ահա 21-րդ դարի լոզունգը»՝ լոզունգ ըստ Դեմիրելի։ Քրդերի համար քրդալեզու գրականություն տպագրելու եւ կրթություն կազմակերպելու կոչով հեռուստատեսությամբ հանդես եկած Դեմիրելը եզրակացրեց. «Մեզ համար ամենակարեւորը Թուրքիայի ամբողջականությունն է»։ «The Ekonomist»-ի Թուրքիայի թղթակից Ամբերին Զամանը մեզ արդեն պատմել էր, որ այստեղ մարդկանց դատում են անգամ իրենց երեխաներին քրդական անուններով կոչելու համար։ Ի դեպ, վերջինս խիստ անցանկալի լրագրող է Թուրքիայի կառավարության համար՝ քրդերի հարցն անընդհատ բարձրացնելու առումով։ Ամբերինը ադրբեջանական բանակի կողմից ներկա է եղել Շուշիի՝ իր բնորոշմամբ «անկմանը»։ Մեր ճշտելուց հետո ինքն էլ սկսեց օգտագործել «Շուշիի ազատագրում» արտահայտությունը։ Նա նույն սարսափը վերապրելով պատմում էր ադրբեջանական «հարբած եւ անկառավարելի զորքի վայրագությունների» մասին։ Մասնավորապես նրա եւ մեկ այլ օտարերկրյա թղթակցի առաջ անխնա ծեծել էին արդեն արնաշաղախ մի հայ կնոջ եւ նրա երեխային։ Իրենք, թեեւ հասկացել, բայց չեն կարողացել կատարել կնոջ աչքերի խնդրանքը՝ զինվորներին կաշառելու համար գումար տալ։ Ամբերինն ասում է, որ իրենց շատ խիստ հսկում էին։ Հետագայում նա իմացել է, որ կինն ու երեխան փրկվել են եւ ապրում են Շուշիում։ Հենց ազգությամբ թուրք Ամբերինն էր, որ գտնում էր, թե Թուրքիան հայերից ներողություն պետք է խնդրի 15 թվի դեպքերի համար։ Նրան համամիտ էր մեր զրույցին ներկա, ազգությամբ թուրք, աստղաբան Ֆարհատը։ Նրանք ասում էին, որ Ադրբեջանի կողմից կռվողները հաճախ թքած ունեին Ադրբեջանի շահերի վրա, որովհետեւ մեծ մասամբ վարձկաններ էին։ Հայ, թուրք եւ ադրբեջանցի լրագրողների եռակողմ հանդիպման համար Կապադովկիայի շրջանն ընտրելը մեր խմբի ղեկավար, Երեւանի մամուլի ակումբի գործադիր տնօրեն Միքայել Դիլոյանը գնահատեց իբրեւ կոռեկտ քայլ. Կապադովկիան քրիստոնեության բնօրրան է համարվում, որտեղից էլ աշխարհով մեկ առաքյալները տարածել են այն։ Կապադովկիայի շրջանի Ուրգյուփի քաղաքապետ Բեքիր Օդեմիշը հայտարարեց. «Կապադովկիան ոչ միայն մերն է, այլեւ ամբողջ աշխարհինը»։ Տեղացիներն այն անվանում են բոլոր քաղաքակրթությունների կամուրջ կամ խաչմերուկ։ Այստեղ տարբեր ժամանակաշրջաններում իրար հետեւել են հռոմեական, բյուզանդական, իրանական, թուրք-սելջուկյան եւ օսմանյան տիրապետությունները։ Սակայն այս վայրը առավել մեծ համարում ունի զբոսաշրջիկների շրջանում շնորհիվ իր անիրական թվացող հրաբխային քարաժայռերի։ Հազարավոր դարերի ընթացքում դրանք արեւի, քամու եւ անձրեւի ներգործությամբ ստացել են ամենաանհավանական ձեւերը՝ կոնաձեւ, սնկանման, սյունաշարի եւ նույնիսկ մորթե գլխարկների եւ խողովակների։ Գյորեմեի բացօթյա թանգարանը ներառում էր այն ժայռերը, որոնց ներսում, շնորհիվ հրաբխային փափուկ ապարների, փորվել են հունական եկեղեցիներ։ Դրանց պատերն ու առաստաղները պատված էին Աստվածաշնչյան ամենատարբեր սյուժեներով։ Պահպանված էին նաեւ այն ժայռափոր հատվածները, որոնք վանականներն օգտագործել են իբրեւ պահեստ, խոհանոց, ճաշասենյակ, ննջարան, նույնիսկ՝ մեծահարուստների դամբարանները։ Ժայռերի սրբապատկերները մեկ անգամ մաքրվել են հռոմեական զինվորների կողմից։ Որոշ ժամանակ հետո դրանք նորից են նկարվել, ընդ որում որոշները՝ սրբապատկերների համար պատրաստված հատուկ ներկերով (այդ պատճառով էլ շատ լավ էին պահպանված՝ գունեղ էին եւ բազմերանգ), մյուսները՝ սովորական ներկով եւ զգալիորեն խամրած էին։ Ուրգյուփում պահպանվել է նաեւ ստորգետնյա քարանձավային քաղաքը։ Նշանակալից է, որ որոշ ժայռեր բնակեցված են եղել մինչեւ 1950-ական թվականները։ Սելջուկյան ամենահին հուշարձանն էլ Կապադովկիայում է գտնվում։ Կապադովկիան Թուրքիայի ամենախոշոր տուրիստական կենտրոններից է՝ 16 հազար մահճակալ, տարեկան 1,5 մլն զբոսաշրջիկ։ Այստեղ այցելեցինք նաեւ գինու «Թուրասան» եւ գորգի «Կարպեդոկիա» գործարանները։ Ի դեպ, թեեւ «Թուրասանում» մեզ հրամցված գինիներից առնվազն մեկը՝ «Եզան աչքը», բավական համեղ էր, սակայն մի թուրք նախկին դիվանագետ զարմացած մեզ հարցրեց. «Դուք այստեղ գինի էլ ե՞ք խմում։ Ինչպե՞ս եք կարողանում, չէ որ ձեր գինիները նույնիսկ համեմատել չի կարելի թուրքականների հետ»։ «Կարպեդոկիայում» գորգագործական պրոցեսը սկսվում էր բրդի եւ մետաքսի թելերի ստանալու, ներկելու փուլերից։ Այստեղ գորգերն ու կարպետներն ունեին ոչ միայն մուսուլմանական նախշեր, այլեւ հայկական եւ վերջիններս թվարկվում էին իբրեւ Վանի, Էրզրումի նմուշներ։ Մեզ ցուցադրեցին նաեւ մի «թռչող» գորգ։ Այն երկկողմանի էր եւ որոշակի հմտությամբ նետելիս՝ օդում պտույտներ էր գործում։ Բոլոր քաղաքակրթությունների խաչմերուկ կարելի է անվանել ամբողջ Թուրքիան, որովհետեւ նրանք իրենցն են դարձրել այն ամեն լավը, ինչը տեսել են այլ ազգերի մոտ։ Ընդ որում՝ ամեն գնով։ Եթե առաջներում դա բռնությունն ու բարբարոսությունն է եղել, այժմ՝ հմուտ դիվանագիտությունը եւ երկիրը գրավիչ դարձնելու ունակությունը։ Նախկին դիվանագետ Յուկսել Սյոյլեմեզը ամենայն վստահությամբ ասում էր, որ առաջիկայում շատ հայեր կտեղափոխվեն Թուրքիա, նաեւ՝ հիմնական բնակության։ Մեր դիտարկմանը, թե հայերը նույնիսկ բարեկեցիկ եվրոպաներից եւ ամերիկաներից են (իբրեւ թե) վերադառնում հայրենիք՝ միայն ու միայն այն կարոտելու պատճառով, Սյոյլեմեզն ասաց. «Այստեղ չեն կարոտի, ինչո՞վ է այստեղ տարբերվում ձեր հայրենիքից»։ Թուրքերի համար տարօրինակ էր, որ մենք ոչ հայաստանցի հայերի թվում Սփյուռք ենք անվանում նաեւ Թուրքիայի հայերին։ «Նրա՞նք ինչ Սփյուռք»,- հարցրեց Ստամբուլի Հայկական հետազոտությունների կենտրոնի աշխատակցուհի Այդան Այիգյունգյորը։ «Մենք ի՞նչ Սփյուռք»,- կրկնեց «Մարմարա» հայկական թերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել