Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՉԷՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄ

Մարտ 16,2002 00:00

ԻՆՔՆ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՉԷՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄ Ըստ Երեւանի Կասյան փողոցի թիվ 2 եւ 4 շենքերի բնակիչների, դեռ մեկ տարի առաջ պետավտոտեսչության աշխատակիցների կողմից կանոնակարգվում էր «Կիեւ» գաստրոնոմի հարեւանությամբ գտնվող ավտոկանգառը։ Այժմ նույն հասցեի բնակիչների խոսքերով, նշյալ հատվածում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների (ավտոբուս, էլեկտրատրանսպորտ, միկրոավտոբուս, երթուղային տաքսի) կուտակումը մի կողմից խցանում է առաջացնում, իսկ մյուս կողմից մարդկանց կյանքին վտանգ է սպառնում։ Բնակիչները նաեւ պատմում են, որ ավտոկանգառը կրկին կանոնակարգելու, ջարդված, գողացված ցուցանակները վերականգնելու նպատակով բազմիցս դիմել են թե՛ Արաբկիրի թաղապետարան, թե՛ քաղաքապետարան։ Սակայն հարցը լուծում չի ստացել։ «Առավոտին» դիմած կասյանցիներն իրենց դիմում-բողոքում հայտնած դժգոհություններից բացի, նաեւ համապատասխան մարմիններին խնդրի լուծման տարբերակներ էին առաջարկում, այն է՝ տեղում պետավտոտեսուչի հերթապահություն իրականացնել, վերականգնել կանգառները եւ ցուցանակները՝ ըստ տրանսպորտի տեսակի։ Իսկ թե ինչո՞ւ մեկ տարի հետո մայրաքաղաքի այդ ծանրաբեռնված հատվածն աչքաթող արվեց եւ վերածվեց «տրանսպորտային խառնիճաղանջության», քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը նկատեց, որ այդ հատվածի կանոնակարգված երթեւեկությունը, ինչպես փաստել էին բնակիչները, ոչ թե մեկ, այլ երեք տարի առաջ էր, իսկ ինքն այդ ժամանակ դեռ չէր պաշտոնավարում եւ մեր հարցին դժվար թե պատասխանի։ Մեծ մասամբ, հաջորդ պաշտոնյան հենց այս սկզբունքով էլ մոտենում է իր աշխատանքին ու իր իրավանախորդի արածներին, դրա համար էլ խնդիրներն անսպառ են։ Ինչեւէ, պարոն Բարսեղյանը վերոնշյալ խնդրի առնչությամբ հավաստեց. «Այդ հատվածն իսկապես ծանրաբեռնված տրանսպորտային հանգույց է։ Երկու օր առաջ նույն բնակիչները դիմել են նաեւ քաղաքապետարան։ Հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում եւ պետավտոտեսչության հետ համատեղ կփորձենք երթեւեկությունը կանոնակարգել»։ «Առավոտը» կհետեւի, թե որքանով իրականացվեց խոստացվածը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել