Նոր կրճատումներ Հայաստանի էներգետիկ համակարգում անընդհատ ուշացումով վճարվող աշխատավարձե՞րը պատճառ դարձան, թե՞ իսկապես ուտող բերաններից ազատվելն էր նպատակը, որ ոլորտի ղեկավարները սկսեցին, որքան հնարավոր է, շատ աշխատակիցներից արագորեն ազատվելու գործընթացը: Սրան, իհարկե, կարելի է շատ գեղեցիկ անուն տալ, օրինակ՝ կառուցվածքային բարեփոխում, ինչի արդյունքում իրար են միացվում ստորաբաժանումներ (օր.՝ բաշխիչ ցանցերը), վերացվում են առանձին օղակներ (տեղամասի տնօրեններ, փոխտնօրեններ), լուծարվում են անգամ առանձին կառույցներ: «Առավոտն» արդեն անդրադարձել է բաշխիչ ցանցերում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով անգործ մնացած 1100 աշխատակիցների խնդրին: 600 հոգուց ազատվելու մասին օրերս հայտարարել է նաեւ «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Կադրային «թեթեւացման» գործընթացում են նաեւ արտադրող ձեռնարկությունները /էլեկտրակայանները/: Հերթը համակարգի արտադրող-տեղափոխող-բաշխող շղթայից դուրս գործող ստորաբաժանումներինն է, մասնավորապես՝ «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչությանը: Շշուկները վերջինիս լուծարման մասին վաղուց էին շրջանառվում էներգետիկների շրջանում: Էլեկտրաէներգիայի անընդհատ շարունակվող գողության /սա քաղաքակիրթ լեզվով կոչվում է գերկորուստ/ կանխարգելմանը եւ, ընդհանրապես, ոլորտում վերահսկողության իրականացմանն ուղղված այս ընկերության գործունեությունը բաշխիչ ցանցերի մասնավորեցումից հետո ամենավառ երեւակայություն ունեցողի համար անգամ դժվար կլինի պատկերացնել: Բացատրեմ: Ցանցերը գործում են պարզունակ շուկայական սկզբունքներով: Այն է՝ գնել ապրանքը էլեկտրաէներգիայի տեսքով 1 կվտ/ժամը միջին հաշվով 18 դրամով եւ կենցաղում օգտագործելու համար պիտանի տեսքի բերելուց հետո /220վ/ վաճառել գնորդ-բաժանորդին 1կվտ/ժամը 25 դրամով /նշենք, որ 18 դրամ միջին գինը խիստ պայմանական է, քանի որ 35 կվ ենթակայանից հոսանքը ցանցերը ձեռք են բերում 16 դրամով, իսկ 6 եւ 10 կվ-ից՝ 20 դրամով/: Համաձայնեք, որ քիչ հավանական է, թե ապրանքին տեր դարձած մեկը /ցանցերի տերը/ ինքն իրենից գողանա: Ստացվում է, որ վերահսկող մարմնի դերն այս դեպքում ընդհանրապես վերանում է: Տրամաբանակակա՞ն է, այո: Խնդիրը, սակայն, «Էներգապետհսկողության» մոտ 300 աշխատակիցների անգործ մնալու փաստն է: Այստեղ են ասել՝ որտեղ 1100-ը եւ 600-ը, այնտեղ էլ 300-ը: Բազմաթիվ լրատվամիջոցներով վերհանվել եւ շարունակվում է արծարծվել անգործ ու անօգնական մնացած եւ ապրելու միակ ելքը Հայաստանից հեռանալու մեջ տեսնողներին պետական մակարդակով օժանդակելու անհրաժեշտության խնդիրը: Ցավալի է, սակայն, արդեն չենք էլ զարմանում, որ լուծում պահանջող նմանատիպ շատ հարցեր մնում են «ձայն բարբառո հանապատի»: Հասարակությունն (մենք) ընտելացել է, ի՞նչ արած: Իմիջիայլոց, ներկայիս իշխանության «հենասյուներից» մեկին դարձյալ երկրի ղեկավար տեսնելու փափագով տարված ՌԴ մայրաքաղաքում ստեղծվել է ՀՀ գործող նախագահի պաշտպանության կոմիտե: Մնում է եզրակացնել, որ այդ կոմիտեի անդամները Հայաստանից զզված-հեռացած եւ օտար ափերում բարեհաջող «գործ դրածների» երախտիքի խոսքն է Ռ.Քոչարյանին: Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ «Առավոտը» չի կիսում հոդվածագրի բոլոր տեսակետները եւ կարծում է, որ ավելորդ հաստիքներից, իրոք, պետք է ազատվել, սակայն դա պետք է անել լավագույն մասնագետներին պահպանելու սկզբունքով։