ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԻ ՏԽՈՒՐ ՇԱՐԱՆԸ Տարեթվեր հիշելը պարզ զբաղմունք չէ, այլ՝ պարտադրանք։ Հատկապես՝ երբ դրանք առնչվում են հարազատ պետության կենսագրությանը։ Օրերս լրացավ նորանկախ Հայաստանի պատմության հիշարժան տարեթվերից մեկը՝ 1998-ի փետրվարյան իշխանափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման 1500-րդ օրը։ Իշխանությունն այն որեւէ ձեւով չառանձնացրեց, թեեւ ինչ-որ կերպ նշել պետք էր, քանզի, անկախ այն բանից, ինչ վիճակում է երկիրը եւ ով՝ երկրի ղեկավարը, դրանք մեր պետականության պատմությունն են։ Թող որ՝ այսօրվա երկակի գնահատականներով։ Իշխանությունը փաստում է. նոր աշխատատեղերի բացվելու արդյունքում տնտեսությունը առաջընթաց է ապրում։ Նախագահի կողմից «իմ կուսակցություն» հռչակված կուսակցության անդամն ասում է. Ձեր հայտարարած Վանաձորի «Պրոմեթեւսի» 3 ձեռնարկություններն էլ կանգնած են, քաղաքում էլ լուրեր են շրջում, թե համալիրի տերը գնորդ է փնտրում։ Կամ, վերջին 5-6 տարիներին այս քաղաքը Երեւանի հետ կապող 3 մասնավոր ուղեւորափոխադրող կազմակերպություններ էին գործում։ Միմյանց հետ մրցակցության պայմաններում նրանցից մեկում 20 տոկոս զեղչ էին սահմանել ուսանողների համար, մյուսում՝ կենսաթոշակառուներն էին առանձնացվել։ Այս բոլորն ի չիք դարձան, երբ գծերին ուշադրություն դարձրին մարզային ու քաղաքային մարմինները։ Հիմա մեկ գիծ է մնացել, մեկ տեր, անզեղչ ուղեվարձ։ Ինչպես հեռախոսի պարագայում։ Լուրեր կան, որ Վանաձորում էլ է րոպեավճար մտցվում, որը կարելի է եւ մարդկանց կենսապայմանների բարելավման ապացույց ներկայացնել։ Այսքան լավի կողքին ինչո՞ւ իմ կենսապայմանները չեն բարելավվում, հարցնում է ոչ միամիտ լոռեցին։ Խեղճ մարդն արդեն մոռացել է, որ անցած 1500 օրերին հեռախոսավարձի ամսավճարը 100 դրամից դարձել է 900 դրամ, 1 կվտժ էլհոսանքի արժեք 15 դրամը՝ 25 դրամ, ջրի 1 խմ-ի 20 դրամը՝ 60 դրամ։ 1500 օրերը միայն լոռեցիների համար չեն հիշարժան։ Գյումրիի «Անի» թաղամասի բնակիչները հարցնում են, թե ե՞րբ իրենց 100 ընտանիքներից գեթ մեկում հեռախոս կտեղադրվի, թող որ բարձր սակագնով ու րոպեավճարով։ Արարատյան դաշտի հողագործները տարակուսում են, թե ինչու են իրենց լոլիկը 30-40 դրամով մթերում, փոխարենը 400-500 դրամով արտերկրից ներմուծում, անուշահամ խաղողը 80 դրամով տեղական մշակողներին են հանձնում, իսկ իմպորտ խաղողի գինը 400 դրամից չի իջնում։ Ինչ է, այս երկրի իշխանավորները մի միջոց չգիտե՞ն իրենց հողագործի շահերը պաշտպանելու համար։ Թեւութիկունք լինում են, չէ՞, թռչնամիս ու հավկիթ, ալկոհոլ ու ծխախոտ արտադրողներին՝ մաքսային ու հարկային լծակներով ու արտոնություններով։ Թե ինչպես է ՀՀ իշխանությանը հաջողվում էլէներգիայի նվազող արտադրության պայմաններում արտադրության աճ ապահովել՝ տնտեսական հրաշքի համարժեք իրավիճակ է։ Աշխարհի ցանկացած երկրում այն իրականացնողին Նոբելյան մրցանակի կներկայացնեն, որը մեզանում փոխարինվում է… վարկատուների քմծիծաղով։ Գուցեեւ չարժեր 1500 օրերի առիթով այս ամենը վերհիշել, քանզի սրանք մեր առօրյան են, ձախորդ օրերը կուգան ու կերթանի տխուր շարանով։ Բայց ժամանակին պարտք չմնալու նպատակով դրանք արձանագրելը պարտադրանք է, քանզի, իրոք, ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ