ՈՉ ԹԵ ՑՐՏԻ ՈՒ ԽԱՎԱՐԻ, ԱՅԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐ Ինչպե՞ս են արձանագրվելու պատմության մեջ 1992-94 թվականները. որպես «ցրտի ու խավարի» կամ «էներգետիկ տեռորի՞» տարիներ, ինչպես համառորեն, որպես իրենց թիվ մեկ խնդիր, ճգնում են կնքել ու ամրագրել նախկին ընդդիմադիր, 1998-ից՝ իշխանական գործիչներն ու ուժերը, թե՞, այնուամենայնիվ, որպես պատերազմի եւ փայլուն հաղթանակների տարիներ, ինչպես եղել են իրականում: Որեւէ մեկի մտքով կանցնի՞ 1941-45 թթ. կոչել սովամահության տարիներ, երբ իրոք սովամահ են եղել միլիոններ: Պատմահայր Մովսես Խորենացին իր «Հայոց Պատմությունը» գրելու շարժառիթների մասին մտքեր ունի, որոնք 1500-ամյա վաղեմությամբ հանդերձ՝ օգնում են հասկանալ այսօրվա խնդիրը: «Որովհետեւ, թեպետ մենք փոքր ածու ենք, եւ շատ սահմանափակ թվով, եւ շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց եւ այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու եւ հիշատակելու արժանի…»: «Բայց թե ինչո՞ւ այս բաները (օտար) թագավորների բուն մատյաններում կամ մեհենական պատմություններում չկան հիշատակված, թող ոչ մեկին տարակուսանքի կամ կասկածի չմատնի… Նրանք (օտար պատմիչները) հարկավոր եւ կարեւոր չէին համարում ուրիշ ազգերի, հեռավոր աշխարհների մասին հին լուրերն ու տեղեկությունները իրենց թագավորների կամ մեհյանների մատյաններում գրել, մանավանդ, որ (իրենց համար) պարծանք եւ պատիվ էլ չէր օտար ազգերի քաջությունը եւ արիական գործերը հիշատակելը»: «Նինոսը, հպարտ եւ անձնասեր մարդ լինելով, եւ կամենալով միայն իրեն ցույց տալ իբրեւ առաջին աշխարհակալ, ամեն տեսակ քաջության եւ կատարելության սկիզբ՝ հրամայում է այրել բազմաթիվ մատյաններ եւ նախկինների մասին պատմությունները (որ վերաբերում էին) զանազան տեղերի եւ առանձին մարդկանց քաջության գործերին, իսկ ինչ որ իր ժամանակ էր գրվում՝ դադարեցնել, եւ գրել միայն այն, ինչը որ իրեն է վերաբերում»: Գլխապտույտ արագությամբ էին զարգանում ու փոփոխվում իրադարձությունները եւ դեպքերը 1991-ի վերջին ամիսներին ե՛ւ իրենց ճակատագրական նշանակությամբ, ե՛ւ անկանխատեսելիությամբ, ե՛ւ սրությամբ: Հայաստանը այդ իրադարձությունների մեջ էր ոչ միայն որպես փլուզվող կայսրության մի միավոր, այլեւ, չնայած իր համեստ ուժին՝ որպես կարեւոր դերակատարներից մեկը: Մեզ համար այդ ամիսների իրադարձությունները երկու բեւեռ ունեին: Որպես երեքուկեսամյա լարված ու աննախադեպ համաժողովրդական պայքարի արդյունք՝ ոգեւորության եւ խանդավառության բեւեռում էին Անկախության հանրաքվեն, Հանրապետության առաջին նախագահի ընտրությունը, Հայաստանի անկախության միջազգային ճանաչման առաջին հայտարարությունները: Մյուս բեւեռում ճիշտ հակառակը՝ վտանգներն էին եւ դարձյալ աննախադեպ դժվարությունները, անելանելի թվացող վիճակը: Հանրապետությունների համատեղ ջանքերը՝ կայսրության եւ նրա համակարգի փլուզումը քաղաքական եւ տնտեսական առումով դարձնել հնարավորինս կառավարելի եւ յուրաքանչյուրի համար անվտանգ, թեեւ որոշակի արդյունքներ տվել էր, սակայն նրանցից յուրաքանչյուրն էլ հայտնվելու էր եւ հայտնվեց ծայրահեղ ծանր տնտեսական եւ լարված ներքաղաքական վիճակում: Հայաստանն առանձնահատկություն ուներ բոլոր մյուսներից, ինչն այդ վիճակը կարող էր բազմակի խորացնել: Նա միակ հանրապետությունն էր, որ մինչ այդ գտնվել եւ գտնվում էր փաստորեն խուլ տնտեսական շրջափակման մեջ, միակն էր, որ շալակին ուներ 1/3-ով ավերված երկիր, 700 000 անօթեւան, միակն էր, որ իր հոգսերից բացի եւ դրանից առաջ պարտավոր էր հոգալ նաեւ էլ ավելի ծանր վիճակում հայտնված մի ողջ երկրամասի՝ Լեռնային Ղարաբաղի ոչ միայն նյութական, այլեւ պաշտպանական հոգսերը: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների փորձերը Ռուսաստանի եւ Ղազախստանի միջնորդությամբ խզվեցին: Ադրբեջանը թերեւս ընդհանուր խառնաշփոթ վիճակը հարմար պահ էր համարում Ղարաբաղի հարցի ռազմական ուժով լուծումն ավարտելու համար: Նոյեմբերի 4-ին վերջնականապես փակվեցին Հայաստան մտնող գազամուղը, ճանապարհներն ու երկաթուղին: Արդեն մինչ այդ էլ բոլոր բնագավառներից առավել ծանր էր հատկապես էներգետիկ վիճակը: Այնքան, որ հոկտեմբերից կրճատվեցին անգամ հեռուստահաղորդումները, սահմանափակվեցին ինքնաթիռային թռիչքները: Կառավարությունը նախ ընտրեց արդյունաբերական ձեռնարկությունների ոչ մեծ մի ցանկ, որոնք կարող էին հոսանք ստանալ աշխատելու համար, իսկ քիչ անց ստիպված էր կանգնեցնել փաստորեն ողջ արդյունաբերությունը: Վառելիքը եւ հոսանքը կարող էր բավարարել միայն կենսապահովման օբյեկտների եւ բնակչության նվազագույն պահանջները: Շատ դպրոցներում դեկտեմբերի սկզբներից դադարեցին պարապմունքները: Բնականաբար ավելի ծանր էր վիճակը Լեռնային Ղարաբաղում: Խորհրդային զինված կազմավորումները սկսեցին դուրս գալ մարզի տարածքից: Դեկտեմբերի ամբողջ ընթացքում Ստեփանակերտը եւ այլ բնակավայրեր անընդհատ գնդակոծության եւ հրետանային կրակի տակ էին: Դեկտեմբերի վերջին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած մի հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղը ստիպված է դիմել ինքնապաշտպանության, փաստորեն արձանագրում էր, որ չհայտարարված պատերազմը սկսված է: Եվ շրջափակման ու դաժան ձմռան մարտահրավերին ավելացավ նաեւ իրական, լայնամասշտաբ պատերազմը: Պատերազմը տեւեց մինչեւ 1994-ի մայիս՝ երկուսուկես տարի: Հայաստանի պաշտոնական քարոզչությունը մինչեւ վերջ էլ, բնականաբար, պնդում էր, որ Ադրբեջանի դեմ կռվում են «տեղական հայկական կազմավորումները», այսինքն՝ Ղարաբաղը: Ղարաբաղն, անշուշտ, կռվում էր, սակայն պատերազմի իրական, մանավանդ նյութական ծանրությունը Հայաստանի վրա էր: Պատերազմը կարգախոսներից, հայրենասիրությունից, անձնուրացությունից, քաղաքականությունից ու դիվանագիտությունից բացի եւ դրանցից առաջ նաեւ ծախսեր են՝ խաղաղ կյանքի համեմատ տասնապատիկ մեծ: Բոլոր տեսակի ռեսուրսների ծախսեր՝ ֆինանսներ, սնունդ, հագուստ, զենք, զինամթերք, տեխնիկա… Իսկ այս ամենից առաջ եւ առաջնահերթ, անշուշտ՝ վառելիք եւ էներգիա, ինչն ամենասակավն էր: Հայաստանի իշխանությունները ստիպված էին ընդունել պարտադրված պատերազմը՝ ունեցած քիչը եւ հնարավոր ամեն ինչը Ղարաբաղը փրկելու համար ներդնելու պատրաստակամությամբ: 1991-ի վերջին օրերին որեւէ մեկը պատկերացնո՞ւմ էր, որ խորհրդային զորքերի կողմից փաստորեն զինաթափված, ոչ միայն ցամաքային, այլեւ օդային կապով աշխարհից կտրված, փաստորեն ադրբեջանական Օմօնին հանձնված Ղարաբաղը՝ նույնիսկ չորս կողմից հրետանային կրակի տակ գտնվող իր մայրաքաղաքով, երկուսուկես տարի հետո պետք է հայտնվի ոչ միայն ազատագրված, այլեւ փաստորեն անկախ, այլեւ փաստորեն Հայաստանին միացված վիճակում: Կարո՞ղ էր պատկերացնել, որ ռազմաճակատի գիծը Ստեփանակերտի կենտրոնից տեղափոխված կլինի ոչ միայն մայրաքաղաքից, այլեւ մարզի վարչական սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Տեղափոխված եւ սառեցված: Գուցե ոմանք ընդամենը երազում էին: Այդ երազանքն իրականություն էր 1994-ի մայիսին: Ուրեմն՝ դա պատերազմ էր, ուրեմն՝ դրանք պատերազմական տարիներ էին, ավելին՝ հաղթական պատերազմի տարիներ էին, հերոսական պատերազմի տարիներ էին: Իսկ եթե մի քիչ էլ կողքից ու հեռվից նայենք՝ ինչ-որ տեղ հրաշքի տարիներ էին: Բայց իրական կյանքում հրաշքներ չեն լինում: Եվ այս ամենից առաջ՝ անօրինակ պատերազմի տարիներ էին: Ինչո՞ւ անօրինակ: Որովհետեւ եղած սկզբնական հայտնի ռեսուրսները բավարար չէին անգամ խաղաղ կյանքի նվազագույնն ապահովելու համար, էլ ուր մնաց՝ պատերազմի: Որովհետեւ պատերազմող երկրում պատերազմական՝ ազատությունների որոշակի սահմանափակման օրենքներ պետք է գործեն, իսկ Հայաստանը ստիպված էր շարունակել ժողովրդավարության խորացման եւ արմատական բարեփոխումների ընթացքը՝ պահելու համար չպատերազմող երկրի իր դեմքը: Հայաստանն ագրեսոր չճանաչվեց, աշխարհը շարունակեց համարել, որ կռվում են «տեղական զինված կազմավորումները»: Ինչպե՞ս: Հայաստանն օգտագործում էր իր այն միակ ռեսուրսը, ինչով նախկին կայսրության հանրապետությունների մեջ թերեւս ամենահարուստն էր. միջազգային ասպարեզում 1988-ից՝ համաժողովրդական շարժման, 1990-ից՝ նոր, ժողովրդավար իշխանության եւ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռք բերած քաղաքական արժեթղթերը: Արժեթղթեր, որոնք նա վաստակել էր խորհրդային բռնատիրության դեմ մղած պայքարի, ծանրակշիռ քաղաքական պահվածքի, ժողովրդավարության եւ արմատական բարեփոխումների ասպարեզներում լուծած խնդիրների շնորհիվ: Բայց վերադառնանք պարզ թվաբանությանը: Նույն այդ տարիներին ոմանք (տեղյակ մարդիկ) պնդում էին, թե պատերազմի եռուն շրջանում մեկ օրում այնքան վառելանյութ է ծախսվում, որքան բավարար էր Հայաստանում ամբողջ գարնանացանն իրականացնելու համար: Եթե նույնիսկ չափազանցություն է, շատ հեռու չպետք է լիներ իրականությունից: Կան նաեւ ավելի հստակ եւ անվիճարկելի թվեր: Նույն այդ տարիներին 42 անգամ պայթեցվեց գազամուղը: Եթե ամեն պայթեցման հետեւանքները վերացնելու վրա միջին հաշվով 5-6 օր էլ ծախսված լինի, ուրեմն ընդհանուր հաշվով 7-8 ամիս Հայաստան ոչ մի գրամ գազ չի մտել: 21 անգամ պայթեցվեցին երկաթգծերը եւ երկաթուղային կամուրջները, դրանց նորոգման ժամանակ էլ Հայաստան ոչ մի գրամ բեռ չի մտել: Բայց սպառվել է ամեն օր, իսկ ռազմաճակատներում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում՝ սպառվել է այնքան, որքան անհրաժեշտ է եղել: Հակառակ դեպքում հաղթանակ չէր լինի: Քանի որ ամենահայրենասիրական կարգախոսներն անգամ վառելանյութի փոխարեն չեն այրվում ներքին այրման շարժիչներում, «ազգասիրական» պոռոտախոսությունը սնունդ, զենք, զինամթերք ու հագուստ չի դառնում զինվորի համար: Այդ ամենը կտրվում էր նաեւ եւ առաջին հերթին ժողովրդից, այդ թվում՝ նաեւ վառելիքը, էներգետիկ ռեսուրսները: Եվ այն ժամանակ ոչ ոք չէր բողոքում: Եվս մի փաստ, որ սովորական քաղքենին սովորաբար չի ուզում լսել. զինադադարից քիչ անց Հայաստանում հնարավոր եղավ ապահովել 24-ժամյա հոսանք: Հարեւան հանրապետությունները առայսօր դա չեն կարողանում անել: Թբիլիսիում դեռ հովհարային անջատումներ են: Անգամ Ռուսաստանը դա չի կարողանում անել իր երկրի ամբողջ տարածքում: «Էներգետիկ տեռորի» մասին բարբաջողները պիտի կարողանա՞ն մի օր բացատրել, թե այդ ինչպե՞ս է, որ այդ «տեռորի» հեղինակ «նախկինների» օրոք, ընդհուպ մինչեւ 1998-ը, 2500 դրամից չանցնող բենզինի գինը, իրենց օրոք թռավ ու հատեց 5000-ի սահմանագիծը: Եվ դրանով իրական տեռորի ենթարկեց հանրապետության գյուղատնտեսությունն ու ողջ տնտեսությունը: Կամ ինչպե՞ս Երեւանի կենտրոնում 3, ծայրամասերում 5-6 անգամ արժեզրկվեցին բնակարաններն ու անշարժ գույքն ընդհանրապես: Ինչո՞ւ «ցրտի ու խավարի տարիների» մասին՝ տարիներ շարունակ «սոլո» Ա. Սադոյանի բաղաձայն ճղճղոցին վերջին տարիներին այդպես ջանասիրաբար միացավ իշխանական մի ողջ բազմաձայն երգչախումբ: Ստեղծվեց հանձնաժողով, դատախազությանը հանձնարարվեց գտնել, թե ովքեր են «լափել» 400 միլիոն դոլարի արժողությամբ մազութը, եւ երկիրը մատնել «էներգետիկ տեռորի»: Իշխանական ամենաանհեթեթ պատվերները կատարող դատախազությունն անգամ «գործը» մինչեւ հատակը քանդելուց հետո ստիպված էր խոստովանել՝ չկա նման բան: Բայց նաեւ դրանից հետո ամեն օր շարունակվում է նույն զառանցանքը. իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ աշխատում է պատերազմի ու հաղթանակների տարիները ծածկել «ցրտի ու խավարի», «էներգետիկ տեռորի տարիների» պիտակի տակ: Նպատակը մեկն է՝ նախկին իշխանությանն առնչվող դրական ոչինչ չպետք է լինի ու մնա պատմության մեջ: Մեզնից 1500 տարի առաջ Պատմահայրը ձեռնարկում էր իր ժողովրդի պատմության ստեղծումը, արձանագրելու համար նրա նախնիների քաջության եւ արիության գործերը՝ որպես նույն այդ ժողովրդի կենսունակության ավելացման միջոց եւ հարատեւման երաշխիք: Եվ այդ ժողովուրդն ապրեց ու հարատեւեց: Խորենացուց հազարամյակներ առաջ ապրած Ասորեստանի մի թագավոր ոչնչացնում էր իր նախորդների՝ պատմության մեջ հիշատակված հերոսական գործերի մասին պատմող մատյանները, որպեսզի միայն ինքը մնա պատմության մեջ: Եվ նրա ժողովուրդը վաղուց չկա: ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հ. Գ. Հնարավոր այն մխիթարանքը, թե պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, հանցավոր սոփեստություն է: Դա պետք է անի տվյալ սերունդը, պատմությունն ընդամենն արձանագրող է: Եթե պատմությունը դա կարողանար, այսօր բոլորովին այլ կլիներ մեր արժեքային համակարգը, չէին լինի սեփական ժողովրդին եւ նրա երեկվա պատմությունը օտարի պես հոշոտող, նինոսյան գիշատիչ վայրենու բնազդներով ապրող այս իշխանությունները: