Ո՞ՒՐ Է ԿԱՆԳԱՌԸ Վաղուց արդեն Երեւանում «կանգառ» հասկացությունը վերացել է։ Տասնյակ վարորդների խնդրանքով անդրադառնում ենք քաղաքի ճանապարհատրանսպորտային վիճակին։ Հատկապես կենտրոնական փողոցներում եւ խաչմերուկներում բազմաթիվ վթարային վիճակներ են ստեղծվում եւ, իհարկե, ավտովթարներ լինում՝ երթուղային տաքսիների պատճառով։ Նույն համարի 1-3 երթուղային տաքսիներ են միաժամանակ լցվում, խցանումներ առաջացնում, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծում՝ մեկը մյուսից ուղեւոր փախցնելով, ճանապարհն անանցանելի դարձնում, վրաերթեր անում… «Երթուղային տաքսիների ու դրանց վարորդների հարցը մինչեւ չլուծվի, այս քաղաքը քաղաք չի դառնա… Երթեւեկությանը խանգարում են, փողոցի մեջտեղում՝ որտեղ պատահի կանգառ են անում, կտրուկ արգելակումներով վթարի պատճառ դառնում։ Ե՞րբ պիտի վերջապես այդ հարցը լուծում ստանա, մինչեւ ե՞րբ պիտի նյարդայնացնող այդ վիճակը տիրի Երեւանում, թքում են, հայհոյում՝ ուղեւորների ներկայությամբ…»,- ասաց մի վարորդ, որն ամեն անգամ զայրանում է մեքենա վարելիս։ Թերեւս Երեւանի քաղաքապետը, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը եւ համապատասխան այլ իշխանություններ պետք է գիտակցեն, որ այս վթարային վիճակը դարձել է քաղաքի դիմագիծ եւ որ իրենք այդ պաշտոնում նշանակված են ոչ միայն ամրագրելու, թե որ համարի երթուղային տաքսին որ ուղղությամբ է գնում կամ ում գիծն է։ Ի վերջո, ե՞րբ պիտի դա կանոնակարգվի եւ կանգառ հասկացությունն էլ վերականգնվի։ Սեփ. լր.