Սերժ Սարգսյանի պարգեւի մասին եւ նրա շուրջ ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի՝ Հայաստան կատարած այցի նպատակն ու նաեւ վերադարձը հայրենի Ռուսաստան՝ այդպես էլ մնացին անհասկանալի: Որովհետեւներ փնտրելն անիմաստ կլիներ, եթե Ստեպաշինը իր հետ Հայաստան չբերեր ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մեկ մեդալ՝ հանձնելու ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Փորձեցինք ՀՀ ԱԺ երեսփոխաններից ճշտել՝ արդյոք տեղյա՞կ են, թե հատկապես Ռուսաստանին մատուցած ինչ ծառայությունների համար է պարգեւատրվել Սերժ Սարգսյանը եւ թե ինչպես են վերաբերում այդ երեւույթին: Պատասխաններն օրինաչափ էին: Օրինակ, ԱԱ նախկին փոխնախարար, անվեհեր չեկիստ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը այդ երեւույթը գնահատեց նորմալ: Ավելին, ըստ նրա՝ «դա աշխարհով մեկ ընդունված կարգ է»: Գ. Եղիազարյանն ավելացրեց. «Եթե նրան պարգեւատրեին ՌԴ արտաքին հետախուզությանը ծառայելու համար, դա այլ բան է»: «Տարեգիրի» դիտարկմանը, թե այդ ծառայությունն էլ ուրիշ ինչի համար պետք է պարգեւատրեր, հետեւեց Գուրգեն Եղիազարյանի ցնցող պատասխանը. «Ընդհանրապես պարգեւատրումը կատարում են որպես բարի կամքի դրսեւորում, ուրիշ ոչ մի բան»: Ըստ նախկին չեկիստի, ընդհանրապես աշխարհի բոլոր հետախուզական ծառայությունները գտնվում են փոխադարձ կապի մեջ. «Օրինակ, մեր հետախուզությունը կարող է նույն կապի մեջ գտնվել ե՛ւ ԱՄՆ, ե՛ւ ՌԴ հետախուզության հետ, դա լրիվ նորմալ երեւույթ է: Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհի բոլոր հետախուզությունները սկսեցին համագործակցել ընդդեմ տեռորիզմի»: Բայց քանի որ հազիվ թե ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը Սերժ Սարգսյանին պարգեւատրած լինի ընդդեմ համաշխարհային ահաբեկչությանը (նա իսկի տեղական ահաբեկչության դեմ չպայքարեց) մատուցած ծառայությունների համար, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Ասում եմ՝ փոխադարձ կապերում այնքան բաներ կարող են լինել, որոնց մասին ոչ գրում են, ոչ կգրեն եւ ոչ էլ երբեւէ կխոսեն: Այնպես որ, դա շատ նորմալ բան է»: ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը նույնպես այս երեւույթը գնահատեց դրական: «Դա վկայում է, որ մեր ռազմական համագործակցությունն ավելի ու ավելի բարձր մակարդակի է հասնում»: «Նման մեդալներո՞վ է արտահայտվում ռազմական համագործակցության սերտացումը» հարցին Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ միայն, բայց նաեւ»: Իսկ պատգամավոր Մանուկ Գասպարյանի համար այդ երեւույթը հանելուկային է: Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանին պարգեւատրել են՝ հաշվի առնելով, որ նա Խորհրդային Միության ժամանակ անվտանգության համակարգում է աշխատել եւ այն ժամանակվա մատուցած ծառայությունների համար են պարգեւատրել, ապա նորմալ է, իսկ եթե վերջին տասը տարիների զարգացումների, ՌԴ արտաքին հետախուզությանը մատուցած ծառայությունների համար, ապա Սերժ Սարգսյանը դրա համար պետք է բացատրություններ տա: «Այսինքն՝ ինքը լինելով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ի՞նչ է, այսօրվա դրությամբ ծառայում է ՌԴ արտաքին հետախուզությա՞նը: Շատ կարեւոր հարց է, ինքը պետք է բացատրի, որ ես հասկանամ, չեմ հասկանում: Այդտեղ ինչ-որ բան կա: Բոլոր հանրապետություններն իրենց արխիվները բացեցին ու ասացին, թե ով է հետախուզական ծառայության համար նպաստավոր աշխատող, բայց մեզ մոտ դա չի արվել: Կարող է այսօրվա իշխանության ամենավերին ատյաններում էլ կան ՊԱԿ-ի նախկին եւ ներկա գործակալներ, որոնք՝ աշխատելով Հայաստանում, ծառայում են այլ երկրների: Չեմ զարմանում, մեր ԱԳ նախարարն էլ ՀՀ քաղաքացի չէ, ԱՄՆ քաղաքացի է: Նույնը կարող եմ մտածել նաեւ նրա մասին, որովհետեւ նա երդում է տվել ԱՄՆ դրոշին, Ամերիկային: Այս բացատրությունները չենք ստացել ու չեմ էլ կարծում, թե կարող ենք հետագայում ստանալ, եթե անձամբ իրենցից բացատրություն չպահանջենք»: Այս հարցի շուրջ զրուցեցինք նաեւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ, որը նախ նշեց, թե Ստեպաշինը ի պաշտոնե իրավասու չէր նման պարգեւ հանձնել, ապա պարզաբանեց. – Նրան պարգեւատրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը՝ ՌԴ համապատասխան կառույցի կողմից: Որքան ես գիտեմ, դա ոչ թե մեդալ է, այլ կրծքանշան, որը Սերժ Սարգսյանին տրվել է Ռուսաստանի այդ ծառայության 80-ամյակի կապակցությամբ: Պետք է ճշտել. այդ կրծքանշանով պարգեւատրում են միայն իրենց մատուցած ծառայությունների համա՞ր, թե՞ նաեւ ընդգծելու արդյունավետ համագործակցությունը: Կարծում եմ, տվյալ դեպքում հենց համագործակցությունն ընդգծելու համար են պարգեւատրել Սերժ Սարգսյանին: Միայն ծառայության համար կրծքանշան չեն շնորհում: – Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ մեդալներ շնորհում են միայն մատուցած որեւէ ծառայության համար: – Իսկապես մեդալներն ու շքանշաններն ինչ-ինչ ծառայության համար են շնորհվում, բայց կրծքանշանը, այնուամենայնիվ, այլ մեկնաբանություն ունի: Եթե ընդունված է նման պարգեւներով պարգեւատրելը տարբեր երկրների ծառայությունները ներկայացնող անձանց, կարծում եմ, նորմալ է: – ՀՀ ՊՆախարարին այլ երկրի արտաքին հետախուզական ծառայության կողմից պարգեւատրումը նորմա՞լ է: – Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանին պարգեւատրել են ոչ որպես ՊՆախարար, այլ նախկինում ԱԱ եւ ՆԳ նախարար լինելու համար: – Իսկ ինչու՞ են հիմա տալիս: – Որովհետեւ 80-ամյակը այս տարի է լրացել, այն ժամանակ չէր լրացել: Բայց մանրամասն ռուսներն իրենք կասեն: Ես կարող եմ միայն ենթադրություններ անել: Եթե հարցի ենթատեքստն այն է, որ ինչ-ինչ ծառայություններ մատուցելու համար է պարգեւատրվել Սերժ Սարգսյանը, ապա որեւէ երկրի գաղտնի ծառայությունը, առավել եւս ՌԴ նման հզոր երկրի, իրենց նման ծառայություններ մատուցած մարդկանց հրապարակավ չեն պարգեւատրում: – Եթե ձեզ նման շքանշան կամ ինչպես Դուք եք ասում, կրծքանշան տային, կվերցնեի՞ք: – Բայց ես երբեք որեւէ առնչություն չեմ ունեցել հատուկ ծառայությունների հետ եւ ինձ չէին տա: Այդ պատճառով ուղղակի վերացական ենթադրություն կամ գուշակություն անելու ցանկություն չունեմ: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ «Տարեգիր»