«ՓԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ» ԴԻՄԱՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԵՆ Խորհրդային տարիների ներքին գործերի եւ ազգային անվտանգության համակարգի աշխատակիցները, որոնք աչքի էին ընկնում մասնագիտական գրագիտությամբ, աշխատանքի տիրապետմամբ, ցավով են այժմ հետեւում այս համակարգերի գործունեությանը։ Դրանք այն կարեւորագույն կառույցներն են, որոնք երաշխիք պետք է լինեն երկրի եւ քաղաքացու անվտանգության։ Վերջին տարիներին եւ այսօր էլ այս երկու կարեւորագույն նշանակության համակարգեր մուտք կարող է գործել՝ ով պատահի, եթե ամուր «մեջք» կամ հովանավոր ունի։ ՆԳ ավագ սերնդի մի աշխատակից, որ խոր կսկիծով էր հիշում իր աշխատած տարիների ՆԳ համակարգը, ասաց. «Չեմ ասում, թե մենք սուրբ էինք, բայց իմ 25 տարվա աշխատածը սրանք հինգ րոպեում են ունենում։ Չափի զգացողություն չկա, անգրագետ թափթփուկներով է լցվել ամբողջ համակարգը…»։ Իհարկե, եթե մեր օրերում գեներալի կոչումը դարձել է «շիրպատրեբ» երեւույթ եւ որեւէ մեկի կամայականության արդյունք, եթե գեներալի կոչում են ստանում որեւէ մեկի մասին ինֆորմացիա հավաքելու եւ ականջին լավ փսփսալու համար, եթե կալանավայրերի «կլուչնիկը» ՆԳ նախարար է դառնում… այլեւս ոչինչ զարմանք չի հարուցում։ ՆԳ փոխնախարար Հովիկ Հունանյանի՝ ՆԳ համակարգ մուտք գործելու մասին տարբեր պատմություններ են շրջում։ 1992-93թթ. նա, մեր տվյալներով, Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի պետն էր, Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարար լինելու օրոք՝ 1995թ. փոխնախարար էր։ Մեր տեղեկություններով, սակայն, 1996թ. Վ. Սիրադեղյանը Հ. Հունանյանին կոլեգիայի նիստով հեռացրել է՝ նկարում պատկերված հսկա տունը կառուցելու պատճառով։ 1997թ. սկզբին Հ. Հունանյանը մեծ ցանկություն ուներ մարզային ոստիկանության պետի պաշտոնին անցնել, ինչը նրան չհաջողվեց։ 1998թ., երբ Սերժ Սարգսյանը ՆԳ եւ ԱԱ նախարար էր, Հ. Հունանյանին նշանակեց իրեն փոխնախարար։ Իսկ ԱԱ եւ ՆԳ նախարարությունը երկու նախարարությունների բաժանվելուց հետո, Հովիկ Հունանյանը մնաց ՆԳ փոխնախարար՝ մինչ օրս։ Մինչեւ վերջերս, մինչ քրեակատարողական հիմնարկները արդարադատության նախարարության տնօրինությանը հանձնելը, Հովիկ Հունանյանը կոորդինացնում էր ՆԳՆ տնօրինության տակ գտնվող հիմնարկները (մեկուսարաններ, ՈՒԱՀ-ներ)։ Այս հիմնարկների նկատմամբ ազդեցություն, ինչ-ինչ լծակներ ունեցողները, հայտնի է, որ «յուղոտ պատառի» տեր էին դառնում։ Եվ, սովորաբար, այդ համակարգում՝ ազատազրկման վայրերի հետ աշխատողների պաշտոնական դիրքում հաճախ էին արագ փոփոխություններ տեղի ունենում, այն պարզ տրամաբանությամբ, որ այդ փակ համակարգի ներսում բազմաթիվ գաղտնիքներ կան, որոնց համար պետք է շատ թանկ պարգեւատրվեն։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ