ԱՐՏԱՔԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ Հակաահաբեկչական գործողությունների ծավալման ու անջատողական ուժերի դեմ պայքարելու հիմնական նպատակով ամերիկյան ռազմական փորձագետների ժամանումը մեր հարեւան երկիր՝ Վրաստան, հասկանալի պատճառներով բավական մեծ իրարանցում առաջացրեց հատկապես Ռուսաստանում: Ինչպես դրան արձագանքեցին ռուսաստանյան իշխանությունները՝ նախագահ Պուտինը, ԱԳ նախարար Ի.Իվանովը, նաեւ՝ Պետդումայի առանձին պատգամավորներ, հայտնի է, ուստի կրկնելու անհրաժեշտություն չկա: Բայց անդրադառնալով այդ իրադարձություններին՝ պետք է հիշեցնել, որ այդ խնդրում, ի վերջո, Ռուսաստանը ստիպված եղավ ընկրկել եւ համակերպվել իր սահմանակից երկրում ամերիկյան ռազմական ներկայության հետ: Դա շատերին ստիպեց բարձրաձայն ասել, որ Ռուսաստանն այսօր իր տնտեսական- ռազմական ներուժով, մեղմ ասած, ի վիճակի է շատ սահմանափակ թվով հարցեր լուծել եւ միայն առանձին ոլորտներում եւ, ըստ էության, աստիճանաբար, բայց կայուն տեմպերով կորցնում է իր ազդեցությունը ԱՊՀ երկրներում: Ու քանի որ մեր տարածաշրջանում զարգացումներն անմիջականորեն են շոշափում Հայաստանի շահերը, ուստի փորձեցինք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ զրույցի միջոցով ճշտել, թե դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: Պարոն Գրիգորյանը նախ նկատեց, որ այսօր աշխարհում միաժամանակ տեղի են ունենում մի քանի պրոցեսներ, որոնց շարժառիթը սակայն նույնն է՝ միաբեւեռ աշխարհի գոյության փաստը: Ըստ նրա, աշխարհում տեղի ունեցող զարգացումներն այլեւս պայմանավորված են մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի շահերով: «Եթե Հայաստանում հասարակությունը կամ առանձին քաղաքական ուժեր դա չեն հասկանում՝ իրենց դժբախտությունն է, բայց չի կարելի մեր ժողովրդի վզին փաթաթել բաներ, որոնք այսօր մեր կյանքում չեն գործում»,- նկատեց Ս.Գրիգորյանը՝ նկատի ունենալով հայաստանյան իշխանությունների ու առանձին քաղաքական ուժերի անվերապահ ռուսական կողմնորոշումը: «Ռուսաստանն այսօր շատ թույլ է. ծանր է նրա տնտեսական վիճակը, որն ամբողջությամբ հիմնված է նավթի արտահանման վրա: Իսկ եթե աշխարհում նավթի գներն իջնում են՝ Ռուսաստանի բյուջեն արդյունքում լուրջ պրոբլեմներ է ունենում: Վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանը մեծ կախում ունի արտաքին գործոններից՝ ԱՄՀ-ից, ՀԲ-ից»,- փաստեց քաղաքագետը: Իբրեւ Արեւմուտքից ու մասնավորապես ԱՄՆ-ից կախվածության փաստարկ՝ նա հիշեցրեց ընդամենը վերջերս այդ երկրի արած՝ Ռուսաստանից պղնձաձուլական արտադրանքի արտահանման վրա քվոտաներ դնելու մասին հայտարարությունը, որն, ըստ էության, նշանակում է՝ ֆինանսական ծանրագույն վիճակի մեջ դնել ՌԴ-ին, առավել եւս, որ արդյունաբերության այդ ոլորտում աշխատում է մոտ 10 մլն մարդ: Ռուսաստանի թույլ լինելու մասին իր գնահատականը պրն Գրիգորյանը փաստարկեց նաեւ նրանով, որ միայն վերջերս Ղազախստանում տեղի ԱՊՀ երկրների ղեկավարների առանց փողկապների հանդիպման ընթացքում ակնհայտ երեւաց, որ Ռուսաստանն այդ երկրներում այլեւս ազդեցություն չի կարող ունենալ: «Թվում է, թե Կենտրոնական Ասիայի պետություններն ամենանվիրված են Ռուսաստանին, բայց փաստն այն է, որ այդ երկրներն էլ նախընտրեցին ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Այսօր միայն Ղրղըզստանում տեղակայված է ոչ միայն ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան, այլեւ այդ երկրում է գտնվում ամերիկյան 1400 զինվոր, որոնց թիվը մոտ ապագայում կհասնի մինչեւ 5000-ի: Ավելին, այսօր Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի խորհրդարանները մտադիր են դիմել ԱՄՆ-ին՝ ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետն իրենց երկրներում երկարաձգելու համար: Ասիական պետությունները հասկացան, որ ամերիկյան զորքերը, ի տարբերություն ռուսականի՝ տարածաշրջանում, իրոք, կայունացնող գործոն են, բացի այն, որ դա նաեւ տնտեսապես է շահավետ: Փորձագետների գնահատականով՝ միայն հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում Կենտրոնական Ասիայի երկրներ է մտել արդեն 1 մլրդ դոլար»,- տեղեկացրեց պրն Գրիգորյանը: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ ԱՊՀ շրջանակներում առանձին վերցրած ՎՈՒՈՒԱՄ-ի համագործակցությանն ավելացել է արդեն եւս մեկ համագործակցություն՝ բացի Թուրքմենիայից՝ Կենտրոնական Ասիայի մյուս երկրները հայտարարել են Կենտրոնական Ասիայի երկրների համագործակցություն ստեղծելու մասին՝ ներառելով տնտեսական, ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Այդ երկրները հասկացել են, որ Ռուսաստանը չի կարող ապահովել իրենց անվտանգությունը: Մյուս կողմից՝ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի ազդեցության կորստի մասին, ըստ Ս.Գրիգորյանի՝ փաստում է նաեւ այն հանգամանքը, որ այդ երկրների ղեկավարները, որոնք անգամ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամներ են, մերժեցին Բելառուսի նախագահի առաջարկը՝ ԱՊՀ երկրների տարածք զորք մտցնելու մասին տեղյակ պահել ԱՊՀ ԱԽ անդամ պետություններին: ԱՊՀ երկրների թվում Հայաստանը եզակիներից մեկն է, իսկ մեր տարածաշրջանում՝ միակը, որը դեռ հույսեր է կապում Ռուսաստանի հետ՝ իր անվտանգության խնդիրները վստահելով նրան: «Վրաստանի հետ կապված ռուսական քաղաքական էլիտայի հիստերիկ հայտարարություններին հետեւած ամերիկացիների մեկ-երկու քայլերից հետո նախագահ Պուտինը ստիպված եղավ հայտարարել, որ Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը, մասնավորապես՝ Աբխազիայի անկախությունը ճանաչելու հետ կապված, ճիշտ չի հասկացվել»,- հիշեցրեց Ս.Գրիգորյանը: Նա նկատեց, թե Ռուսաստանը հերթական անգամ «քցեց» ե՛ւ աբխազներին, ե՛ւ Ջավախքում ու Հայաստանում ոգեւորվածներին: Անդրադառնալով տարածաշրջանում ընթացող զարգացումների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը, քաղաքագետը շեշտեց. «Թվում էր, որ ավելի ճիշտ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Բայց ոչ»: Հայաստանը տարածաշրջանում մնում է Ռուսաստանի միակ հենակետը՝ դրա դիմաց բացարձակապես ոչինչ չստանալով եւ ինքնամեկուսացվելով: «Սեպտեմբերի 11»-ը առիթ էր, որ ԱՄՆ-ը մտնի մեր տարածաշրջան: Կենտրոնական Ասիայում արդեն ամերիկյան զորքեր են տեղակայվում: Նույնն է տեղի ունենում նաեւ Վրաստանում: Դա, Ս.Գրիգորյանի կարծիքով, որակապես փոխում է իրավիճակը: Այդ պայմաններում Հայաստանը՝ չունենալով արտաքին քաղաքականության միանշանակ հայեցակարգ, մարտահրավերներին չի կարողանում համարժեքորեն արձագանքել: «Տպավորություն կա, որ իշխանության ներսում երկու գիծ է տարվում: Մի կողմից՝ Իրանի ՊՆ նախարարի հետ պայմանավորվածություն են ձեռք բերում տարածաշրջանային անվտանգության, պաշտպանության խնդիրների շուրջ, շարունակում են տարածաշրջանում արտահայտել Ռուսաստանի շահերը, բայցեւ համագործակցել ՆԱՏՕ-ի կառույցների շրջանակներում: Դա այն դեպքում՝ երբ ՄԱԿ-ի սանկցիաներն Իրանի դեմ դեռեւս գործում են, երբ հակաահաբեկչական կոալիցիան հայտարարում է, որ ահաբեկչության չարիքը բխում է նաեւ Իրանից: Իսկ Հայաստանը վտարանդի պետության հետ անվտանգության ու ռազմական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ է քննարկում: Մյուս կողմից՝ քանի որ ԱՄՆ-ը իր ռազմական ներկայությունը Վրաստանում ապահովել է, նշանակում է՝ Վրաստանը ոչ միայն չի քանդվի, այլեւ՝ «Մետաքսի ճանապարհն» էլ մոտ ապագայում իրականություն կդառնա՝ շրջանցելով Հայաստանը: Պետք է հասկանալ, որ ամերիկյան զորքերի Վրաստան մտնելը պայմանավորված է նաեւ Վրաստանի փլուզումը թույլ չտալով: Բնական է, որ չի բացառվում, որ ամերիկյան զորքերը նույն նպատակով կարող են մտցնել նաեւ Ադրբեջան: Հիշենք, որ անցյալ տարեվերջին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ այդ երկրում ԱՄՆ դիվանագիտության հիմնական նպատակներից մեկը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերահաստատումն է»,- ասաց քաղաքագետը: Նա մասամբ համաձայնեց այն դիտարկմանը, թե այդ դեպքում կարելի է ասել, որ ԼՂ հիմնախնդրի լուծումն, ըստ էության, կանխորոշված է: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի ձգձգումը, որով շահագրգիռ են ներկա իշխանությունները, կարող է Արեւմուտքին ստիպել հիմնախնդիրը կարգավորել ուժով՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ