Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԻ Է ԵՎ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎԱԾ

Մարտ 16,2002 00:00

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԻ Է ԵՎ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎԱԾ Իսկ վախի մթնոլորտ, այնուամենայնիվ, կա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նախագահի թիկնապահի կատարած «անզգույշ» սպանության գործով դատավարության ժամանակ մերժեց տուժողի իրավահաջորդի միջնորդությունը ազգագրագետ Հրանուշ Խառատյանին կամ նրա երկու ասպիրանտներին որպես վկա դատարան հրավիրելու մասին։ Մեր զրույցը տիկին Խառատյանի հետ շատ հարցեր կլուսաբանի եւ նաեւ պարզ կդառնա, թե ինչո՞ւ Պողոս Պողոսյանի սպանության գործով նախաքննությունը եւ դատաքննությունը շահագրգիռ չեն եղել՝ որպես վկա հարցաքննել Հ. Խառատյանին եւ նրա ասպիրանտներին։ – Տիկին Խառատյան Ձեզ եւ Ձեր ասպիրանտներին որպես վկա հրավիրելու միջնորդությունը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ դատարանը մերժեց։ – Ինձ համար շատ օրինաչափ է, որ դատարանը մերժեց այդ միջնորդությունը, քանի որ երբ դեռ նոր-նոր այս գործի շուրջը խոսակցություն էր սկսվել, իմանալով, որ ինչ-որ պրն Ենոքյան, որը քննում էր գործը, վկաներ է փնտրում, մոտ հինգ անգամ զանգել եմ այդ պրն Ենոքյանին։ Հենց սկզբից ներկայացել եմ։ Երեւի դա իմ սխալն էր, քանի որ միշտ ասում էին, որ նա տեղում չի։ Ստիպված խնդրեցի փոխանցել իրեն, որ ես գործով վկաներ ունեմ, եւ թող ինքն ինձ զանգի։ Իհարկե, պրն Ենոքյանը չզանգեց եւ ես չկարողացա նրա հետ կապվել։ Գայանե Շաբոյանը, Կարեն Հակոբյանը, ես եւ Շավարշ Քոչարյանը մի հեռուստահաղորդում արեցինք, որում պատմում էինք գործի մասին մեր իմացածը։ Եթե պրն Ենոքյանն անձամբ չէր լսել, նրան անշուշտ պատմած կլինեին, որ այս վկաները բոլորի աչքի առաջ իրենց վկայությունը վավերացրին։ Վկաներ գտնելը, այնպես որ, դժվար չէր, իսկ ես՝ որպես վկա կամ վկաների հետ կապված մարդ, շատ անցանկալի մեկն էի, իմ կարծիքով, եթե դատենք հետաքննության ամբողջ տրամաբանությունից։ Ինձ համար զարմանալի չէ, որ դատարանը չուզեց լսել այն մարդկանց, ովքեր ուզում էին խոսել, եւ անընդհատ ջանում էր լինել այն մարդկանց շրջանում, ովքեր կամ չեն ուզում, կամ՝ տեղյակ չեն։ – Իսկ ի՞նչ էին տեսել Կարինեն ու Գայանեն եւ, եթե վկայություն տային, ինչի՞ մասին պիտի պատմեին։ – Նրանք նստած են եղել հենց Պողոս Պողոսյանի կողքի սեղանին։ Իսկ քանի որ հանգուցյալ Պողոսյանի սեղանակից Յուրա Նավոյանը եւ մեր աշխատակից Գայանե Շաբոյանը համակուրսեցիներ են, նրանք նաեւ զրուցել են։ Իրենք տեսել են, թե ինչպես նախագահի եւ նրա շքախմբի հեռանալուց հետո կողքի սեղանին նստած ամրակազմ մեկը մոտեցել է Պողոսյանին եւ նրան դուրս կանչել, որից հետո նրանք տեսել են, որ այդ մարդուն աստիճանների վրա ծեծում են, բոլորի աչքի առաջ։ Յուրա Նավոյանը նույնպես մոտեցել է, որպեսզի, ըստ երեւույթին, կանխի ծեծը, եւ մի քանի հարված էլ ինքն է ստացել։ Մոտեցել է նաեւ մատուցողը։ Ես չգիտեմ, եւ երեխեքն էլ չգիտեն, թե իրականում ի՞նչ է եղել, բայց փաստ է, որ մատուցողի մոտենալուց հետո մարդիկ վերադարձել, նստել են իրենց տեղը։ Որից հետո նախագահին ուղեկցողներից մեկը վերադարձել է եւ Պողոս Պողոսյանին հրավիրել է դուրս։ Կարեն Հակոբյանը պատմում է, որ այդ պահին ինքը, չգիտես ինչու, տագնապ է զգացել եւ Պողոսին ասել է՝ «Մի գնացեք»։ Դուրս հրավիրողը շատ հանգիստ ասել է. «Պրոբլեմ չկա, մենք մի քիչ կզրուցենք»։ Բայց տեսել են, որ Պողոսին խմբով ուղեկցում են դեպի զուգարան։ Եվ շիտակն ասած, այդ տագնապը զգացել են սրճարանում բոլոր գտնվողները։ Իմ երիտասարդ բարեկամների զգացողությունն այնպիսին էր, որ ամբողջ բացօթյա մասում նստածները քար լռությամբ, լարված սպասում էին ինչ-որ բանի։ Այսինքն, բոլորը կանխազգում էին այն, ինչ որ կատարվում էր։ Այդ ամբողջ պրոցեսը շատ կարճ է տեւել, հետո տեսել են, որ պատգարակով մարդիկ եկան եւ երկու րոպե հետո՝ առանց որեւէ մեկին տեղափոխելու, գնացին։ Որից հետո լուր տարածվեց, որ մարդ են սպանել։ Իմ բարեկամները երկար նստել են եւ այնպիսի զգացողություն են ունեցել, թե մարդասպանության մասնակից են։ Շատ բարդ է, երբ կողքիդ մարդ են սպանում, եւ դու ոչինչ չես անում կամ չես կարող անել։ Իրենք երկար նստած են մնացել, սպասելով, որ գուցե ինչ-որ մեկը մոտենա եւ ինչ-որ բան հարցնի։ Բայց ոչ ոք չի մոտեցել։ – Որոշ քաղաքական գործիչներ, նաեւ՝ նախագահը, մեղադրեցին հասարակությանը, որ պասիվ է, որ վկայություն չի տալիս, եւ այլն։ – Իմ կարծիքը շատ միանշանակ է։ Մեր հասարակությունը շարունակում է լինել իր ավանդական, նորմալ, բարոյական արժեքների տերը։ Բայց մեր երկրում արդեն վաղուց ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ մեր հասարակության քանակական մեծամասնությունը եւ հատկապես այն մարդիկ, ովքեր իրենց մեր ավանդական արժեքների տերն են համարում, մի տեսակ երկրի իրականությունից դուրս են։ Նրանց պահվածքը, հայացքները, կյանքի մեջ ընդգրկվածությունն այնքան երկրորդացված է, որ այդ մարդիկ ակամա ներկաներ են երկրի կյանքում։ Ես սա ձեւակերպում եմ որպես ներկաների արտագաղթ։ Խաղի կանոնները, որոնք երկրում առկա են շատ վաղուց, մարդկանց մի զգալի մասին ետ են վանում։ Իշխում է մի ընդհանուր մոտեցում՝ ի՞նչ կարող է փոխվել։ Մարդը եթե նախապես վստահ գիտի, որ իր պահվածքը ոչինչ չի կարող փոխել, ավելորդ եւ անիմաստ է համարում, նաեւ՝ վիրավորված, մասնակցել մի երեւույթի, որտեղ իր մասնակցությունը զրոյական արժեք ունի։ Եվ այս պասիվությունը խթանում է այն իրավական ամենաթողությունը, որն առկա է մեր երկրում։ Ես նույնիսկ շատ վստահ եմ, որ անձամբ նախագահը կամ նրա շրջապատը ուղղակիորեն որեւէ ցուցմունք չի տվել իրավապահ այն ընթացքին, որ կատարվեց։ Ես նույնիսկ հնարավոր եմ համարում, որ նախագահին անցանկալի էր դեպքերի այսպիսի ընթացքը։ Ես անձամբ լսել եմ նախագահի կողմից, երբ նա մի քանի անգամ ասել է, որ անթույլատրելի է համարում պաշտոնական անձի կողմից որեւէ միջամտություն դատական պրոցեսին։ Բայց մեր դատական պրոցեսը շատ արագ շտապում է երկրի պաշտոնյաներին հայտարարել իր կողմնապահությունը։ – Ձեր մտքին մասամբ եմ համաձայն, որովհետեւ նույն նախագահի կողմից անմիջապես հայտարարվեց, որ տեղի է ունեցել քաշքշուկ, որի հետեւանքով մարդ է մահացել եւ, որ եթե մարդը կենդանի լիներ, ինքն էլ ասելիք կունենար։ Արդյո՞ք վայել է որեւէ նախագահի նման խաղը, եւ սա ի՞նչ է, եթե ոչ հրահանգ՝ ուղղված նույն իրավապահներին։ – Միանգամայն համաձայն եմ։ Ես էլ շատ-շատ վրդովված էի այդ արտահայտությունից։ Ես կարծում եմ՝ այսպիսի ձեւակերպումը նախագահի կողմից անթույլատրելի է։ Նախագահը պետք է հստակ իմանար մեր երկրի իրավական մարմինների ընդհանուր կերպարը, թեկուզեւ՝ միայն այդ պատճառով, այդպիսի հայտարարություն չաներ։ Ավելին ասեմ, իմանալով իրավապահ մարմինների պահվածքը, այդ հայտարարությունն ընկալվում է որպես ցուցմունք։ Այսինքն, նա արդեն ձեւակերպեց այն հոդվածը, որով հետո ընթացավ դատավարությունը։ – Դարձյալ իրավական դաշտից դուրս չգալով, փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս եղավ, որ թեպետ տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնում էր հանրապետության լավագույն փաստաբաններից մեկը, բայց պարտվեց։ Ավելին՝ բոլորովին չպաշտպանեց տուժողին, հակառակը։ – Ես դատական պրոցեսին չեմ հետեւել, ուղղակի վստահ գիտեի՝ դատական պրոցեսի արդյունքն ինչ է լինելու։ Ակնհայտորեն Ռուբեն Սահակյանը չարեց այն, ինչ ինքն ի վիճակի էր անել։ Թող էլի լիներ այսպիսի դատավճիռ, բայց փաստաբանի ջանքը թող երեւար։ Շատ ցավոտ եմ այս խնդրին վերաբերվում։ Եվս մեկ անգամ հաստատվում է, որ մենք փաստաբանական ծառայություն չունենք եւ նույնիսկ լավագույն փաստաբանները ավելի շատ կողմնորոշվում են հարմարվողականությանը։ – Պողոս Պողոսյանը ՀՅԴ անդամ էր։ Կուսակցության առաջին դեմքերը սպանությունից անմիջապես հետո հայտարարեցին, որ հետեւողական են լինելու գործի լիարժեք բացահայտմանը։ Բայց, ակնհայտորեն, հետեւողական չեղան։ Թեպետ Ռուբեն Սահակյանին Դաշնակցությունն է առաջարկել պաշտպանել Պողոսյանին։ – Շատ վատ է պաշտպանել Ռուբեն Սահակյանը, եթե ոչ Դաշնակցության համաձայնությամբ, ապա ինքը՝ որպես փաստաբան։ Եվ Դաշնակցությունը, միանում եմ ձեր ասածին՝ հետեւողական չի եղել։ Եվ դրանով մի տեսակ համաձայնողական կեցվածք է ընդունել այս պրոցեսի հետ։ Ուզում եմ հիշեցնել, որ սպանությունից երկու օր հետո Դավիթ Հարությունյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ սա, անկասկած, սպանություն է, եւ ինքը հետամուտ է լինելու արդարադատությանը։ Դրանից հետո Դավիթ Հարությունյանը ոչ մի կերպ չարտահայտեց իր դիրքորոշումը։ Ժողովուրդը չի հավատում, որ սա հրմշտոց էր, վստահ է, որ սա սպանություն էր։ Թող չլինի միտումնավոր սպանություն, բայց մարդուն ծեծելով սպանե՞լ։ Սա առաջին հերթին պաշտոնական դիրքի չարաշահում էր։ Թիկնապահը, վստահ իմանալով իր արտոնությունները, կատարել է այդ քայլը։ Ոչ մեկը նախագահին չէր մոտեցել, նախագահի անձին ոչինչ չէր սպառնում։ Պաշտպանության տղաներն իրենց պահվածքով խտացրին նախագահի աուրայի շուրջ ձեւավորվող մթնոլորտը։ Նրանք բացասական ազդեցին ինչպես՝ նախագահի վարկանիշի վրա, այնպես էլ՝ ուղղակի ցույց տվեցին, որ իրենք ամենազոր են։ – «Պապլավոկ»-ի սպանությունից հետո նախագահը ոչ միայն քաշքշուկի մասին խոսեց, այլեւ՝ վախի մթնոլորտի՝ ասելով, որ ոչ մի վախի մթնոլորտ էլ չկա։ – Իհարկե, կա վախի մթնոլորտ եւ շատ լուրջ մթնոլորտ։ Մարդիկ վախենում են դուրս գալ փողոց՝ որեւէ «հրմշտոցի» մեջ չընկնելու համար։ Դուք գիտեք, որ նախագահի թիկնապահի դեպքից առաջ ԱԺ նախագահի թիկնապահներից մեկի հետ միջադեպ եղավ։ Ստացվում է, որ թիկնապահների հետ մեր առնչությունը ճակատագրական, բացասական է դառնում։ Ես անձամբ վախենում եմ, իմ երեխաների, իմ ուսանողների համար կրկնակի եմ վախենում։ Ե՛վ նրանց ֆիզիկական գոյության համար եմ վախենում, ե՛ւ այն մթնոլորտից, որի մեջ նրանք կյանքը պիտի շարունակեն։ Այդ մթնոլորտը նրանց արդեն խեղանդամ է դարձնում։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել