Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնստրուկտիվ մտքեր

Մարտ 16,2002 00:00

Կոնստրուկտիվ մտքեր Իշխանությունների եւ նրա կրողների մտքերը միշտ չէ, որ սխալ են լինում: Պատահում է եւ հակառակը։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ տարբեր տեսակի ընտրարշավները չպիտի զուգահեռվեն: Եվ դա ճիշտ է: Կա 95 թվականի դառը փորձը, երբ նույն օրն անցկացվեցին Սահմանադրության հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրությունները, եւ այդ փաստը ստվեր գցեց հանրաքվեի /հետեւաբար նաեւ՝ Հիմնական օրենքի/ վրա, որի օրինականությունը վիճարկում էր այն ժամանակվա ընդդիմությունը: Գործնականում Քոչարյանի հայտարարությունը նշանակում է, որ մինչեւ 2003 թվականի աշունը, երբ բոլոր տեսակի ընտրությունները կվերջանան, հանրաքվե պետք չէ անցկացնել, քանի որ ընտրարշավն արդեն իսկ ընթանում է: Ավելի ճիշտ կլիներ, իհարկե, եւս մի 3-4 տարի համբերել՝ Սահմանադրությունը փոխելու ոչ մի ծայրահեղ անհրաժեշտություն այսօր չկա: Այդ ընթացքում էլ պարզ կդառնա՝ այսօր առաջարկվող փոփոխություններն իրո՞ք բարեփոխում են, թե՞ ճիշտ հակառակը: Երբ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանի հետ փոխզիջման գալու դեպքում հայկական զորքերը կարող են դուրս գալ ԼՂՀ-ից դուրս գտնվող որոշ տարածքներից, նա նույնպես իրավացի է: Այլ հարց է, որ փոխզիջումը /եթե կայանա/ կլինի մեզ համար 10 անգամ պակաս շահավետ, քան այն, ինչի մենք կարող էինք հասնել 1997 թվականին: Եվ բոլորովին այլ հարց է, որ 98-ի պալատական հեղաշրջումը նախապատրաստելիս, պրն Սարգսյանը նման փոխզիջումների մասին չէր խոսում: Հակառակը՝ լիակատար իշխանության հեռանկարը ստիպում էր նրան եւ Ռոբերտ Քոչարյանին, երկրապահների, հանրապետականների, դաշնակցականների եւ այլոց օժանդակությամբ, որդեգրել «Ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը եւ համոզել հանրությանը, որ Տեր-Պետրոսյանը ազգի դավաճան է ու ցանկանում է արյունով նվաճած հողը հանձնել թուրքերին: Բայց դրանք զուտ բարոյական նյուանսներ են: Վերջապես, իշխանավորներն իրավացի են՝ ասելով, որ Հայաստանում մահապատիժը պետք է վերացվի՝ անվերապահորեն եւ առանց որեւէ բացառության: Պարզապես, հիմնավորումը, որը հրամցվում է հասարակությանը, թերի է եւ փոքր-ինչ ստրկամիտ՝ պարտավորվել ենք Եվրոպայի խորհրդի առաջ, ուրեմն՝ պետք է կատարենք: Փոխարենը պետք է բերվեն բովանդակային փաստարկներ: Օրինակ՝ որ դատարանը կարող է մահապատժի սխալ վճիռ ընդունել, որ պետությունը չի կարող հանդես գալ մարդասպանի դերում, որ մահապատժի վախը որեւէ ձեւով չի կանխարգելում առավել դաժան հանցագործությունները, որ առանց ներման եւ արտաքին աշխարհի հետ շփվելու իրավունքի ցմահ բանտարկությունը գուցե ավելի խիստ պատիժ է, քան գնդակահարությունը: Բոլոր դեպքերում՝ ճիշտ բաներ ասվում են, բայց արվո՞ւմ են արդյոք: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել