«Վաղորդյան աստղի» հաղթողները Ուրախությամբ ենք նշում, որ «Հայեր» համույթը (նախկինում՝ «Փոքրիկ հայեր»), տարբեր երկրներում կայացած փառատոներից միայն հաղթանակած է վերադառնում։ 2001թ. դեկտեմբերի 7-ին խումբը՝ ղեկավար Նադեժդա Սարգսյանի գլխավորությամբ, մեկնել էր Էստոնիա՝ մասնակցելու այնտեղ կայացող միջազգային մրցույթին։ Խմբի մի քանի անհատ կատարողներ իրենց տարիքային խմբում արժանացել էին առաջին մրցանակի, իսկ Արշալույս Սարգսյանը՝ «Գրան պրիի»։ Փոքրիկ երգչուհիները պատմում էին, որ հենց այդ մրցույթի ժամանակ էր, որ ժյուրիի նախագահի, «Վաղորդյան աստղ» երաժշտական ծրագրի գլխավոր խմբագրի կողմից համույթը հրավեր ստացավ՝ ծրագրին մասնակցելու։ Փետրվարի 5-ին 5 հոգանոց խումբը, ինչպես իրենք էին պատմում, մեծ դժվարություններով մեկնեց Մոսկվա։ Առաջին եւ երկրորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած «Հայերը» մասնակցեցին նաեւ եզրափակիչին։ Նշենք, որ եզրափակիչ փուլում ժյուրիի անդամ են եղել 3 հայտնի կոմպոզիտորներ՝ Իգոր Կրուտոյը, Մաքսիմ Դունաեւսկին, Յուրի Սաուլսկին։ Նրանք, մասնակիցների խոսքերով, գոհ մնալով երգչուհիների կատարողական վարպետությունից, եզրափակիչում «Վաղորդյան աստղ» ծրագրի հաղթող են ճանաչել «Հայեր» համույթը։ Հանդես գալով մոսկովյան բեմում, «Հայերը» կենդանի հնչողությամբ ներկայացրել էին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից, որոնք հնչել էին հայերեն։ Սակայն, ինչպես նշեցին մրցույթի հաղթողները, դա չէր խանգարել, որպեսզի արժանանային հանդիսատեսի բարձր գնահատանքին, բուռն ծափողջույններին։ Մրցանակներով հայրենիք վերադարձած «Հայերը» ցավով էին նշում, որ երբ հրավեր էին ստացել Մոսկվա մեկնելու, մեծ ֆինանսական դժվարություններ են ունեցել։ «Ֆինանսական խնդիր ունենալով՝ շատ տեղեր դիմեցինք, ընդհուպ մինչեւ կառավարություն։ Ոչ ոք չարձագանքեց։ Իսկ չմեկնել հնարավոր չէր, քանի որ մեզ, ինչպես նաեւ մեր երկրի համար, մեծ պատիվ էր նման հրավեր ստանալը։ Եվ երախտագիտությամբ եմ նշում, որ Քաջարանի Պղնձամոլիբդենային գործարանի անձնակազմը օգնեց մեզ՝ մեկնումն իրականացնելու»,- պատմում էր խմբի ղեկավարը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ