Խեղկատակ օրացույց Ժամանակին «Պրավդա» թերթն ուներ մի բաժին, որին կիսակատակ «կասկածողների բաժին» անվանումն էին տվել։ Այնինչ, այդ բաժինը շատ լուրջ անելիքներ ուներ՝ նախապես ստուգել-կանխել հոդվածներում տպագրվելիք պաշտոնատար անձանց անունները, տեղանուններն ու տարեթվերը։ Սխալները բացառվում էին։ Այս վերհուշի առիթը 2002 թվականի բազում օրացույցներից մեկն է, որը պատրաստել եւ տպագրել է «Էդիթ պրինտ» հրատարակչական ֆիրման (կազմող՝ Հ. Հովհաննիսյան), եւ այդ՝ տարվա ամեն օրվա համար մի էջ տեղադրված օրացույցում բազում են սխալները։ Եթե դրանք սովորական տառասխալներ լինեն, էլի ոչինչ։ Բայց ախր դրանք այնպիսի սխալներ են, որոնք մարդուն շփոթության մեջ են գցում հատկապես տարեթվերի առումով։ Ցավոք, հիմա մենք հաշտվել ենք այն իրողությանը, որ ով մեկ-երկու համակարգիչ, սկաներ ու պրինտ է ճարում՝ իրեն համարում է հրատարակիչ եւ ինչ ուզում՝ տպագրում։ Ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ Աստված քեզ հետ։ Բայց մարդը հենց այս օրացույցն է առել եւ ուզում է իմանալ, օրինակ, թե ե՞րբ է ծնվել Հովհաննես Շիրազը։ Ըստ այս օրացույցի, պարզվում է, որ Շիրազը ծնվել է8230 ապրիլի 27-ին։ Օրացույցներ կազմելիս այսպիսի վերապահում կա՝ եթե հիշատակվող օրը տոն է կամ պետական մի շատ կարեւոր իրադարձության հիշատակում, ապա նշանավոր անձի նկարը տեղափոխվում է կամ նախորդ, կամ հաջորդ էջ՝ անպայման ծննդյան օրը շեշտելով։ Տվյալ դեպքում պետք է լինի՝ ապրիլի 26։ Սակայն այս օրացույցը կազմողին այդօրինակ «մանրուքները» չեն հետաքրքրել։ Եվ այս անփութության (սա ամենամեղմ գնահատականն է) արդյունքում երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը ծնվել է8230հոկտեմբերի 3-ին։ Նախ ուղղենք՝ սեպտեմբերի 20, ապա հիշեցնենք, որ, սովորաբար, կաթողիկոսների ծննդյան ու մահվան տարեթվերի հետ միասին գրվում են գահակալության եւ մահվան տարեթվերը (1955-1994թթ.)։ Շարունակենք։ Ըստ այս օրացույցի, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. (այս մեկը ճիշտ է գրված), բայց 8230դեռ կենդանի է, քանի որ մահվան թիվը նշված չէ։ Ըստ օրացույցի՝ դեռ չի մահացել նաեւ գեղանկարիչ, ակադեմիկոս Գրիգոր Խանջյանը։ Վերը նշված եւ այսօրինակ սխալները բազմաթիվ են։ Ամենատարօրինակն այն է, որ մեր ճանաչված բանաստեղծներից, գրողներից, ճարտարապետներից միայն մի քանիսին ընդգրկելով (չկան, օրինակ, Համո Սահյանը, Նաիրի Զարյանը եւ այլք), նրանց կոչումներն ու մասնագիտություններն էլ խեղաթյուրել են։ Աղավնին, օրինակ, հայ բանաստեղծուհի է, Գարեգին Նժդեհը՝ հայ հասարակական-քաղաքական գործիչ, Հրաչյա Աճառյանը՝ հայ գրականագետ եւ այսպես շարունակ։ Ամփոփ ասած, «Էդիթ պրինտ» կոչված հրատարակչությունը գնորդներին է ներկայացրել մի օրացույց, որը պատին փակցնելու փոխարեն, հավանաբար, այլ նշանակությամբ պիտի օգտագործվի։ ՀՈՎԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ