ՆԱԽԱԳԻԾԸ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ Է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանը աշխատում է 2 տարի, «որը հավասար է 4 տարվա աշխատանքի»,- երբեմն կատակում է ճարտարապետը, նկատելով, որ 16 ժամ է աշխատում եւ չի օգտվում իրեն հասանելիք հանգստյան օրերից։ Նա ձեռնամուխ է եղել իրականացնելու նախագծեր, որոնք եւ սովետական, եւ հետսովետական շրջաններում հրատապ են եղել, բայց ընթացք չեն ստացել։ Դա առաջին հերթին Հյուսիսային պողոտայի, Մյասնիկյան հրապարակի կողմից Երեւանի նոր մուտքի դարպասների, Կասկադի համալիրի, Հյուսիսային ճառագայթի կառուցումներն են։ Վերսկսվել են նաեւ Երեւանի գլխավոր հատակագծի աշխատանքները։ Այս աշխատանքների շուրջ է մեր զրույցը Նարեկ Սարգսյանի հետ։ – Հյուսիսային պողոտայի կառուցումը անհանգստություն էր առաջացրել տեղի բնակիչների շրջանում, ինչպե՞ս լուծվեց այդ խնդիրը։ Ի՞նչ ժամկետում եք նախատեսել պողոտայի կառույցի ավարտը։ – Հյուսիսային պողոտայի աշխատանքները սկսվեցին փետրվարի 16-ին։ Պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 20-25-ի ժամանակահատվածում։ Այդ տարածքում կտեղադրվի պողոտայի լուսավորվող ապակեպատ մակետը, Աբովյան եւ Թումանյան փողոցների կողմից կդրվեն գովազդային վահանակներ։ Իմ գնահատմամբ սա պատմական իրադարձություն է։ Մի քանի ամիս հետո կնշմարվեն շենքերի ուրվագծերը։ Մենք 3,5 տարում ենք նախատեսել ավարտին հասցնել պողոտայի կառուցումը։ Այն արմատապես կփոխի Երեւանի պատկերը։ Դա կլինի ժամանակակից փողոց, ժամանակակից կանոնների համապատասխանող եւ դրա հետ մեկտեղ ազգային դիմագիծը կպահպանվի։ Ինչ վերաբերում է խուճապի մատնված տեղի բնակչությանը, ապա խնդիրը արագ կարգավորվեց, որովհետեւ քաղաքապետարանը ապացուցեց, որ տիրապետում է իրավիճակին, գույքը գնահատվում է իրական արժեքով։ Այժմ խնդիրներ գրեթե չկան, մարդիկ ընդհանուր առմամբ գոհ են։ Շատ քիչ դատական գործեր են հարուցված, որտեղ տարաձայնություններ կան գնի վերաբերյալ։ – Փաստորեն Դուք եք Հյուսիսային պողոտայի կառուցման նախաձեռնողը, ստանո՞ւմ եք բարոյական աջակցություն, ի՞նչ ներդնողներ են ներգրավված այդ գործում։ – Գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվելուց մեկ ամիս անց ես դիմեցի հանրապետության նախագահին՝ Հյուսիսային պողոտայի կառուցման առաջարկով եւ ստացա նրա համաձայնությունը։ Այժմ այդ աշխատանքը նախագահի անմիջական վերահսկողության ներքո է գտնվում։ Հիմնականում այս գործի պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել հանրապետության նախագահը, քաղաքապետը եւ ես։ Այս աշխատանքն իր շուրջ շատ կառավարական օղակներ է համախմբել, առաջիկայում ավելի սերտ համագործակցություն է սպասվում։ Մեզ աջակցում են վարչապետը եւ մի շարք նախարարություններ։ Այս պահին Հյուսիսային պողոտայի կառուցման ներդնող են հանդիսանում համատեղ հայ-ռուսական ձեռնարկությունները։ Գերակշռողը տեղական ինվեստորներն են։ Բայց մեծ հետաքրքրություն կա նաեւ արտասահմանյան կազմակերպությունների եւ սփյուռքահայության ներկայացուցիչների կողմից։ Համոզված եմ, հետագայում հետաքրքրությունն է՛լ ավելի կմեծանա։ – Ըստ ձեզ, այսքան բազմաոճ նորակառույցների պարագայում քաղաքը պահպանե՞լ է ճարտարապետական ներդաշնակությունը։ – Նոր կառուցված շինությունների վերաբերյալ կարելի է ասել, որ կան հաջողված եւ չհաջողված օրինակներ։ Ես հաջողված շենքեր եմ համարում Իտալիայի դեսպանատունը, որտեղ դեռ շարունակվում են շինարարական աշխատանքները եւ Շահումյան հրապարակում կառուցված իտալական հյուրանոցը։ Իրենց համաչափությամբ շատ ընդունելի շենքեր են եւ կառուցման համար տեղի ընտրությունը բավականին հաջող է։ Այդ նախագիծը կատարել էին իտալացիները, բայց լուրջ փոփոխությունների է ենթարկվել իմ կողմից։ Աբովյան փողոցում 2 շինություններ կան՝ «Աստաֆյան» հյուրանոցը եւ դիսկո-ակումբը։ Ճարտարապետությունը 2 մոտեցում ունի՝ համալիր կամ կոնտրաստ։ Դիսկո-ակումբի պարագայում ընտրված է ժամանակակից մոտեցում եւ հաջողված շենք է, ավելի պակաս արժեք ունի «Աստաֆյանը», բայց դա պատվիրատուների մեղքը չէ, դա անկազմակերպ վերաբերմունքի, վարչական քաշքշուկի արդյունք է։ Խոսել քաղաքի ճարտարապետական ներդաշնակության մասին՝ չես կարող։ Ես հստակ գիտեմ, թե ինչպիսին կլինի Հյուսիսային պողոտան։ Քաղաքը պետք է համալիր լինի։ Շենքեր կառուցելիս պետք է անպայման հաշվի առնել հարակից միջավայրը։ Պարզության, շենքերի ճիշտ տեղի ընտրության մեջ է ամբողջ արժեքը։ – Ձեր ղեկավարության օրոք ի՞նչ վերափոխումների, նվաճումների եք հասել, բացթողումներ եղե՞լ են։ – Ի տարբերություն նախորդ տարիների, գլխավոր ճարտարապետի կարգավիճակը բարձրացել է։ Ես պատասխանատու եմ քաղաքի ճարտարապետության համար եւ շեշտադրում եմ ուշադրությունս խոշոր քաղաքաշինական խնդիրների լուծման վրա։ Ունենք խնդիրներ Ֆիրդուսու շուկայի, Կոնդի թաղամասի հետ։ Այդ նախագծերի մշակումներն ընթացքի մեջ են։ Գլխավոր պողոտայի վերաբերյալ նույնպես մշակումներ են կատարվում։ Շատ կիսակառույցներ հասցվել են ավարտին, բարեկարգվել։ Օրենսդրական շփոթության մեջ փորձել ենք ընդունել օպտիմալ լուծումներ, որպեսզի ազատենք նախաձեռնող շինարարներին ավելորդ քաշքշուկներից։ Մեր վարչության աշխատանքներն են կարգավորվել, ներքին գործառույթներ են հստակեցվել, մի շարք հիմնարկներ են լուծարվել այդ ընթացքում։ Հստակեցվել է գովազդների դաշտը՝ անմիջապես քաղաքապետի շնորհիվ։ Մի շարք պատճառներով, որոնց թվում եւ իրավաբանական, կարգավորված չեն համատիրության եւ հողի նկատմամբ իրավունքները։ Ձեղնահարկեր կառուցելու պարագայում չունենք քաղաքում մեկ ամբողջական նախագծով օրինակ։ Միանշանակ չէ առաջին հարկերի օգտագործումը կոմերցիոն նպատակներով, ինչը փորձում ենք կանոնակարգել։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ