Եվս մի սպանության գործ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ սկսվեց (նախագահող դատավոր՝ Իսկուհի Վարդանյան) Արմեն Բեջանյանի, Արամ Աղաբաբյանի, Մանվել Ասատրյանի, Կարեն Զաքարյանի եւ Արթուր Յազչյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Նրանց քրգործի հիմքում դրված էր Տիչինայի թիվ 125 տան մոտ կատարված Արթուր Սուրենի Պարսամյանի սպանությունը։ Այն տեղի է ունեցել 2001թ. մայիսի 19-ին։ Տուժողի շահերի ներկայացուցիչն է փաստաբան Ռուբեն Սահակյանը, որը դատավոր Ի. Վարդանյանի (կողմերին ուղղված) հորդորին ի պատասխան («հարազատների եւ մասնակիցների կողմից դատարանին օգտակար վարքագիծ ցուցաբերվելու մասին»), հայտնեց, որ որեւէ մեկը տուժողի հարազատներից դահլիճում չկա եւ չի լինի։ Ամբաստանյալների բոլոր պաշտպանները նույնպես ներկայացել էին։ Դատավոր Ի. Վարդանյանը ամբաստանյալներից ճշտեց, թե արդյոք նրանք ստացե՞լ են հուշաթերթիկներն ու մեղադրական եզրակացությունը, հինգ ամբաստանյալներն էլ պատասխանեցին դրական։ Դատարանը բացատրեց ամբաստանյալների իրավունքները։ Երեկ ամբաստանյալ Արմեն Բեջանյանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրա մասով քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու վերաբերյալ։ Նախագահող դատավոր Ի. Վարդանյանը ասաց, որ միջնորդությունը մերժվել է՝ «հաշվի առնելով, որ որեւէ ապացույց դեռեւս հետազոտված չէ եւ դատաքննությունն էլ չի սկսված»։ Տեղեկացվեց նաեւ, որ դատարանին է հանձնվել ամբաստանյալների ծնողների դիմումը՝ ուղղված հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին եւ ծնող Վոլոդյա Բեջանյանի դիմումը՝ ուղղված գլխավոր դատախազ Ա. Թամազյանին։ Դրանց բովանդակությունը հրապարակվելուց հետո միայն։ Այս քրգործով մեղադրանքը կպաշտպանի պարոն Երիցյանը (ներկայացնում եմ այնպես, ինչպես ներկայացվեց երեկվա դռնբաց դատական նիստի ժամանակ)։ Ի դեպ, դատարան չէր ներկայացել (անհայտ պատճառներով) տուժող Կարեն Բադոյանը, որի բացակայությունն էլ պատճառ դարձավ նիստը հետաձգելու։ Ամբաստանյալներից մեկի պաշտպանը (պրն Մկրտչյանը) առաջարկեց պարզել տուժողի չներկայանալու պատճառները։ Նա չբացառեց նաեւ այն, որ «հնարավոր է տուժողը բացարկ հայտնի»։ Դատարանը որոշեց դատաքննությունը հետաձգել, ապահովել տուժողի ներկայությունը, ինչն հանձն առան ինչպես մեղադրողը, այնպես էլ տուժող Պարսամյանի շահերի ներկայացուցիչ փաստաբանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ