ՆՈՐ ՓԱՍՏԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ «Առավոտում» տպագրված «Ո՞ւմ դեմ է պայքարում ԵՊՀ ռեկտորատը» հոդվածի վերջում գրել էինք, որ թերթի ուշադրության կենտրոնում է գտնվում սույն գործը։ Հիշեցնենք, որ հոդվածը Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի շրջանավարտ, բացարձակ գերազանցիկ, կարմիր դիպլոմակիր Աղավնի Կարապետյանին մագիստրատուրայի անվճար համակարգում չընդգրկելու մասին էր։ Պատճառը եղել է այն, որ նա ուսումնական տարիների ընթացքում իսլամագիտության ներածություն առարկայից ունեցել է վերահանձնում։ Նա ապացուցել է դասախոսին, որ առարկային տիրապետում է գերազանց։ Թվում էր, որ Աղավնին ոչ մի խնդիր չուներ «գերազանց» հավակնորդների անվանացանկում չընդգրկվելու։ Սակայն ռեկտորատը, որին հնարավորություն էր տրվել վճարովի եւ անվճար համակարգերի տեղերի բաշխումները կատարելու, խախտում է ՀՀ «Կրթության օրենքի» 6-րդ կետը, ավելացնում է «ա» ենթակետը, որով մրցույթի առկայության դեպքում հաշվի են առնվում նաեւ քննությունների վերահանձնումները։ Այդ անօրինական «ա» ենթակետի պատճառով էլ Աղավնի Կարապետյանը չընդգրկվեց մագիստրատուրայի անվճար համակարգում։ Աղջկա ոտնահարված իրավունքները պաշտպանեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը։ Դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ դատարանը գտավ, որ քննության «վերահանձնումը» որպես լրացուցիչ չափանիշ չի կարող հանդիսանալ, քանի որ այն անհավասար պայմաններ է ստեղծում «գերազանց» գնահատականներով գերազանցության դիպլոմ ստացած անձանց միջեւ։ Ղեկավարվելով ՀՀ քաղդատօրի 130, 132, 138 եւ 163 հոդվածներով, դատարանը վճռեց բավարարել Աղավնի Կարապետյանի դիմումը, անվավեր ճանաչել ԵՊՀ-ի 2001-2002 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի 6-րդ կետի «ա» ենթակետի «վերահանձնումների» մասը։ Անվավեր ճանաչել նաեւ մագիստրատուրայի հանձնաժողովի 12.06.2001թ. արձանագրային որոշումը՝ Աղավնի Կարապետյանին վճարովի համակարգում ընդգրկելու մասով եւ պարտավորեցնել Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրայի մանդատային հանձնաժողովին, ռեկտորատին՝ նրան ընդգրկելու անվճար համակարգում։ Ամեն ինչ այդպես էլ կվերջանար, եթե ռեկտորատը չշարունակեր պայքարը եւ եթե ՀՀ վերաքննիչ դատարանը, որտեղ բողոքարկել էր բուհը, չբավարարեր պահանջը։ Ռեկտորատի ու նրա սանի պայքարը հասավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատ։ Նախագահ Ա. Մկրտումյանին հետաքրքրում էր, թե չորս «գերազանց» հավակնորդներից մագիստրատուրայի անվճար համակարգում կա՞ր հինգերորդը, թե՞ ոչ։ «Հինգերորդի դեպքում ոչ ոք չէր առարկի, որ հինգերորդը կլինի Աղավնի Կարապետյանը»,- նիստի ժամանակ հայտարարեց նա։ Հինգերորդի մասին չգիտեր Աղավնու շահերի պաշտպանը, «չգիտեր» նաեւ ռեկտորատի ներկայացուցիչը, բայց հայտարարությունից անհանգստացած պալատին հուշեց, որ հինգերորդի դեպքում էլ Աղավնին չէր լինի, քանի որ նրա «վերահանձնումը» մասնագիտական առարկայից է։ Հինգերորդի դեպքում կլիներ Արմինեն, որի «վերահանձնումը» հայ գրականությունից է։ Զարմանալի մեկնաբանություն։ Ռեկտորատի ներկայացուցիչը՝ տիկին Մինասյանը, դատարան էր եկել թարգմանիչներով, ինչպես ինքը հայտարարեց՝ «հայերեն լավ չգիտի»։ Պարզաբանում պե՞տք է, արդյոք, թե տիկին Մինասյանը որ լեզվին է առաջնություն տալիս։ Թե չգիտի, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, առավել եւս՝ պետական կարգավիճակ ունեցող Երեւանի պետական համալսարանի ռեկտորատի ներկայացուցչի համար։ Մենք տարբերություն չենք տեսնում երկու գերազանցիկների միջեւ։ Երկուսն էլ պետք է ընդգրկվեին մագիստրատուրայի անվճար համակարգում։ ՀՀ վճռաբեկ դատարանի արձակած վճռից հետո զանգահարեցինք ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի դեկանատ։ Ասացին, որ դեկանը բացակայում է քաղաքից։ Դա չխանգարեց դեկանատին պատասխանելու մեզ հետաքրքրող հարցերին։ Պարզվեց, որ արաբագիտության բաժնից մագիստրատուրայի անվճար համակարգում ընդգրկվել է ոչ թե 4, այլ 5 հավակնորդ։ Հինգերորդը ոչ թե մեկ, այլ երկու առարկայից է ունեցել «վերահանձնում», առավելությունը, ինչպես «չար լեզուներն» ասացին, ծնողները դասախոսներ են։ Ասացին նաեւ, որ որոշ ֆակուլտետներում անգամ 3 գնահատականներ ունեցողներն են ընգրկվել անվճար համակարգում, իսկ կարմիր դիպլոմակիրների համար անօրինական մրցույթներ են կազմակերպել, ավելացնելով «ա» ենթակետ՝ խախտել «Կրթության օրենքի» պետականորեն հաստատված հոդվածը։ Ստուգումից պարզվեց, որ ռեկտորատը մեկ անվճար տեղ էլ նվիրել է նույն ֆակուլտետի թուրքագիտության բաժնին. երկու գերազանցիկի, երեք տեղ։ Արդյո՞ք ԵՊՀ-ի ռեկտորատի ներկայացուցիչ տիկին Մինասյանին հայտնի չէին այս փաստերը, որ չներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարան ու թյուրիմացության մեջ գցեց հինգ դատավորների։ Այստեղ էլ, կարծում ենք, հայերենի իմացության հարց չկար, որ ներկայացուցիչը դիմեր թարգմանիչների օգնությանը։ ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ