Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԸ

Մարտ 15,2002 00:00

Ո՞Վ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԸ Կառավարությունը երեկվա իր նիստում «Բուշի տոտիկների» վերաբերյալ որոշում չի ընդունել, հարցն էլ չի քննարկել, թեեւ շատերն էին ակնկալում։ Հավանաբար, թյուրիմացության տեղիք է տվել նիստի օրակարգում ընդգրկված մեկ այլ հարց, որը վերաբերում է ներկրվող թռչնի մսի փաթեթներին, այսուհետ նաեւ հայերեն տեղեկությունների առկայության պահանջին։ Թե ինչու է պահանջը միայն թռչնի մսին վերաբերում՝ դեռեւս պարզ չէ։ Իսկ, օրինակ, Երվանդ Զախարյանը լրագրողներից մեկի հարցին պատասխանելով ասաց, որ դեմ չէ դրանց ներկրմանը, քանի որ Հայաստանի համապատասխան մարմինները բացասական դիրքորոշում չեն ցուցաբերի դրանց նկատմամբ։ Իսկ հարկային մուտքերի վիճակը հուսահատեցնող է, եթե նկատի ունենանք, որ փետրվարին հավաքագրվել է 5,9 մլրդ դրամ, իսկ մարտին հարկային տեսուչները պետք է ճգնեն այդ թիվը 10,4 մլրդ դարձնելու համար։ Այսինքն՝ ընդամենը 1 ամսում նրանք պետք է իրենց աշխատանքի «արտադրողականությունը» կրկնապատկեն։ Բայց խնդիրն էլ այն է, որ հարկային մարմիններից տվյալ դեպքում քիչ բան է կախված։ Այդ էներգետիկներն են, որ պետք է գրպանները «թափ տան»։ Պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանի տեղեկատվությամբ. «Էներգետիկներն այսօր էլ վճարում են, բայց ոչ լիովին։ Այսօր իրենց հարկային պարտավորությունները կազմում են շուրջ 7-8 մլրդ դրամ»։ Պարզվեց, որ ընթացիկ պարտքեր էլ են կուտակվում՝ մոտ 3,5 մլրդ դրամ։ Այս օրերին հրատապ դարձած բուժաշխատողների հարցը կառավարության նիստում դարձել է քննարկման առարկա։ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն առաջարկել է շահագրգիռ կազմակերպությունների կողմից հարցն ուսումնասիրող մի մարմին ստեղծել եւ փորձել համահարթեցման ձեւով լուծել խնդիրը։ Հիշեցնենք, որ տարբեր բուժհիմնարկներում աշխատավարձի պարտքը հասնում է մի քանի ամսից մինչեւ 22 ամսվա, ինչն էլ համակարգում լարման հիմք էր դարձել։ Ինչեւէ, կառավարությունը խոստացել է առողջապահության համակարգին 8 մլրդի հասնող պարտքն առաջիկայում հավասարեցնել, թեւ չնշվեց, թե առաջիկան երբ է։ Երեկ ընդունած իր մի որոշմամբ կառավարությունը նպատակ ունի հարկային դաշտ տեղափոխել տոնավաճառներում ստվերային շրջանառվող գումարները։ Ըստ սահմանված նոր կարգի, յուրաքանչյուր ամիս տոնավաճառների բոլոր սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք պետք է որոշակի հարկեր մուծեն։ Ըստ Ե. Զախարյանի պարզաբանման, տոնավաճառների վաճառականները պետք է ամեն ամիս տեղեկանք ներկայացնեն հարկային տեսչություններ։ Պետեկամուտների նախարարի տեղեկացմամբ, վերջին տարիներին տոնավաճառներից հարկային մուտքերը նկատելի նվազել են՝ շուրջ 300 մլն դրամով։ Սակայն նկատենք, որ այս նոր որոշումն ակնհայտորեն հարկային բեռի թեթեւացում չի նշանակում, ինչը եւ խոստացվել է երկրի իշխանությունների կողմից։ Բացի այդ, նկատենք, որ տոնավաճառների տերերն են, որ մեծ շահույթներ են ապահովում իրենց համար եւ հիմնականում հենց նրանք էլ թաքցնում են հարկերը։ Ամենեւին դեմ չլինելով տոնավաճառները կամ այդ վայրերում շրջանառվող եւ թաքցվող գումարները հարկային դաշտ տեղափոխելու մտադրությանը, նկատենք, որ վաճառականը նմանատիպ փոփոխություններից հետո շուտով ի վիճակի չի լինի տոնավաճառի տիրոջը հաստատագրված հարկ վճարել, հետո նաեւ առանձին հարկեր վճարել։ Բայց որ տոնավաճառները պետք է պետբյուջեի հետ ավելի սերտ առնչություն ունենան, անվիճելի է։ Այս նպատակով «անտանիք» վաճառականների վրա «կանգ առնելու» կառավարության փորձի դրդապատճառները հասկանալու համար հարկ է ուշադրություն դարձնել մի արդեն շատ հայտնի «մանրուքի». Երեւանի տոնավաճառների գերակշիռ մասը վայելում է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի, խմբիշխանի հովանավորչությունը։ Գուցե հենց նրանք էլ ցույց են տվել վաճառականների տեղը, երբ կառավարությունը բյուջեն լցնելու մղումով նրանց դուռը թակել է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել