Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՌԱՄՅԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆ

Մարտ 15,2002 00:00

ՔԱՌԱՄՅԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆ Կամ Հայաստանի պետականության քայքայումը Մարդ կա, որ գիտի եւ գիտի, որ գիտի: Սրանից պետք է սովորել: Մարդ կա, որ գիտի, բայց չգիտի, որ գիտի: Սրան պետք է օգնել: Մարդ կա, որ չգիտի, բայց չգիտի, որ չգիտի: Սրանից պետք է զգուշանալ: Մարդ էլ կա, որ չգիտի, բայց գիտի, որ գիտի: Սրանից պետք է հեռու փախչել: Արաբական ասացվածք Հայաստանի այսօրվա հասարակական-քաղաքական վերնախավի մեծագույն մասը տեղավորվում է այս ասացվածքի վերջին կարգի մեջ: Քաղաքականությունը սրանց համար անհրաժեշտ գիտելիքների համակարգ չէ, գիտություն չէ, այլ շահավետ զբաղմունք, փառասիրությանը հագուրդ տալու միջոց եւ այլն: Սրանց թագն ու պսակը Քոչարյանն է, որը հանրապետության նախագահի աթոռին բազմած, ցույց է տալիս քաղաքականությունից, բան ու գործից անտեղյակության անթառամ նմուշներ: Նրա ելույթներին մարդիկ սպասում են անհամբերությամբ, դրանք դառնում են սրամտության, խոսք ու զրույցի առարկա: Չէ, չենք ուզում խոսել այն մասին, թե նա իր յուրաքանչյուր ելույթում քանի անգամ է բռնաբարում ոսկեղենիկը: Չենք ուզում խոսել «ներդրում» բառի նրա հասկացողության մասին եւ ոչ էլ ապահովագրությանը վերաբերող հարցին նրա «լիզինգով» պատասխանելու մասին: Չենք ուզում խոսել նրա յուրահատուկ գունագեղ ասացվածքների մասին՝ կլիզմայի, գոտկատեղից ցածր, վատ խաղացողին խանգարող բաների մասին: Չենք ուզում խոսել, թե անցյալ դարի 40-50-ական թվականների սադրանքասեր աղջնակների նման ինչպես է կրկնում՝ «Մի բան գիտեմ, չեմ ասի»: Չենք ուզում խոսել քրեական ուղղորդումներ կատարելու նրա անկասելի հակումների՝ «ուչաստկովիի» կամ «քաշքշուկների» մասին: Չենք ուզում խոսել, թե նա ինչպիսի պատկերացում ունի պետության ղեկավարի դերի մասին, երբ հայտարարում է, թե պատժելու է սրանց կամ նրանց, երբ ասում է, որ ինքը հովանավորում է ներդրումները, երբ խոսում է այն մասին, որ իր շնորհիվ գործարաններից մեկը փրկվել է թալանվելուց եւ այլն: Եվ վերջապես, չենք ուզում խոսել, որ նա աներեւակայելի պարզամտությամբ հայտարարում է, թե սահմանադրական փոփոխություններն իրեն պետք չեն, եթե չլինեին իր նախընտրական խոստումները: Դե, տղամարդ է, խոսքի տերն է: Ուզում ենք խոսել այն գործունեության մասին, որով Քոչարյանն ու նրան սատարող ուժերը, կամա, թե ակամա, քաղաքական անգրագիտության հետեւանքով, թե օտարներին ծառայելու նպատակով, սեփական իշխանությունը պահպանելու, թե շահավետ գործունեության ժամանակամիջոցը երկարաձգելու համար Հայաստանի պետականության ռեսուրսները մատնում են փոշիացման: Դրա հետեւանքով Հայաստանի կենսունակությունը օրեցօր թուլանում է, եւ երկիրը «հանկարծակի» կարող է ավար դառնալ միջազգային այն շահերին, որոնց խանգարում է Հայաստանի բուն գոյությունը, կամ նրանց, որոնք հնարավորություն են ստացել Հայաստանի շահերն օգտագործել իրենց նպատակների համար: Հայաստանի պետականության այսպիսի հեռանկարի հիմքերը նորից դրվեցին անցած չորս տարիներին: Դրանք այսօր արտացոլվում են հետեւյալ իրողություններում: 1. Հայաստանը՝ ավանդական մոլորությունների գրկում ա) Գոյատեւությունը որպես ազգային նպատակ Յուրաքանչյուր երկրի անկախությունը այդ երկրի ժողովրդի ամենամեծ արժեքն է, նրա հարստության եւ հզորացման աղբյուրը: Դրանից ավելի մեծ արժեք գոյություն չունի ժողովուրդների համար: Հայաստանում, սակայն, սա կասկածի տակ է դրվում: Դա արտահայտվում է հասարակության մեջ բնավորված այն ավանդական համոզվածությամբ, թե հայերը փոքր, թույլ եւ անմիաբան ժողովուրդ են, անկարող սեփական ուժերով դիմագրավել արտաքին վտանգը, քանի որ նրա հարեւանները միշտ ձգտում են Հայաստանի հաշվին ընդարձակել իրենց սահմանները, հետեւապես հայերս կարող ենք մեր գոյությունը պահպանել միայն մի «բարեկամ» ժողովրդի «հովանավորությամբ»: Ըստ էության՝ անկախությունը մի անսպասելի բեռ էր, որ հայտնվեց Հայաստանի հասարակական-քաղաքական էլիտայի ուսերին, որը սովոր չէր այդ ծանրությունը կրել: Պատմությունից հայտնի է, որ Հայաստանը հազարամյակներ շարունակ եղել է տարբեր կայսրությունների ծայրագավառը: Հայտնի է նաեւ, որ հայ վերնախավի մեծամասնությունը մշտապես հակված է եղել համագործակցելու նվաճողների հետ, որոնց հետ «լեզու գտնելու» ջանքերն էլ ձեւավորել են հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա դիրքորոշումը: Եվ քանի որ այդ վերնախավը հավակնում էր ներկայացնել կայսրության ծայրագավառի շահերը, ապա նրա մտածողությունը ձեւավորվում էր հենց այդ ծայրագավառի տեսանկյունից: Ռուսական տիրապետության օրոք այդ վերնախավը գաղափարապես հիմնավորեց իր այդ դիրքորոշումը, որով, ըստ էության, հայ ժողովրդի գլխավոր նպատակը համարվեց գոյատեւումը: Ծայրագավառային մտածողությունը վաղուց դարձել է հայ «ազգային» վերնախավի միսն ու արյունը, ավելի ճիշտ՝ օտարների կողմից ճանաչվելու շնորհիվ ազգի առաջ որպես «ազգի մեծեր» հանդես գալու միջոց: Սա ամեն առումով չափազանց շահավետ է, որովհետեւ առանց ազգի անվտանգության համար կոնկրետ պատասխանատվության, այդ վերնախավին բերում է փառք ու ապահով կյանք: Ուստի, նրանք մինչ օրս չեն հոգնում կրկնելուց, որ հայ ազգն իր գոյատեւման համար պարտական է եկեղեցուն, լեզվին, մշակույթին եւ ոչ թե հանուն անկախության մղած պայքարին: Կարծես մանուկն էլ կհասկանա, որ եկեղեցին, լեզուն, մշակույթն իրե՛նք կարիք ունեն պաշտպանության, էլ ուր, որ իրենք պաշտպանեն ազգը: Ո՞վ է այսօր պաշտպանում Արեւմտյան Հայաստանի հայկականությունը՝ կրոնական հավա՞տը իր քարուքանդ տաճարներով, վաղուց նրա օդում չթրթռացող հայկազյան հնչյունակապե՞րը, թե՞ մշակույթի կենտրոնները՝ օտարի կողմից կործանված եւ յուրացված կոթողներով: Բայց, ո՛չ: Հայ վերնախավը կարծում է, թե սերունդների ոգին պետք է կրթվի ոչ թե հանուն անկախության մեր նախնիների սխրանքների օրինակներով (դա վտանգավոր է իր համար, քանի որ նրան կզրկի օտարի բարեհաճությունից), այլ կրոնական հավատալիքով, հաղորդակցման միջոցով կամ աշխարհընկալման գեղարվեստական արտահայտություններով, ոլորտներ, որոնք ազգի ֆիզիկական անվտանգության ապահովման առումով երկրորդական են եւ ամենակարեւորը՝ դրա համար պատասխանատվություն չեն ենթադրում: Այս կնաբարո մտածողությունը սերմանողները մոռանում են, որ հելլենիզմից մինչեւ պոստինդուստրիալ հասարակություն՝ քաղաքակրթական ներխուժումներին միշտ նախորդել են ռազմական գերակայության ցուցադրումները: Սովորաբար ժողովուրդները իրենց կենսական եւ գիտակցական կարողությունները հզորացնելու, զարգացնելու, բարգավաճ ապրելու հնարավորությունները մեծացնելու նպատակով ձգտում են ընդլայնել իրենց ազգային շահերի ծավալները: Հայերս էլ, եթե ուզում ենք որպես ժողովուրդ մեր տեսակը պահպանել ու զարգացնել, պետք է ամեն ոլորտում հզորացնենք մեր երկիրը եւ ոչ թե այն առուծախի առարկա դարձնենք հանուն այն բանի, որ «ազգի մեծերը», սեղանների գլուխը բազմած փառավորվելով, պատասխանատություն չկրեն ազգի ապագայի համար: Ժողովուրդը չպետք է մտածի գոյությունը քարշ տալու մասին: Ժողովուրդը չի կարող գոյատեւությունը նպատակ հռչակել, որովհետեւ դա նշանակում է ամեն գնով անհատների կամ առանձին խմբերի կաշին փրկել եւ ոչ թե ստեղծել հասարակական կազմակերպված այնպիսի հանրույթ, որն իր բնական զարգացման համար ունի ընդհանրական շահեր եւ դրանք պաշտպանելու քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլ լծակներ: Գոյատեւությունը ազգի նպատակ համարելու դարավոր մտայնությունը, որ ընկրկել էր ազգային անկախության եւ ղարաբաղյան շարժման հզոր ալիքի առջեւ, 1998թ. նորից առաջ մղվեց: Եվ Հայաստանի ներկա իշխանությունները ծախու քաղաքական ուժերի եւ հայտնի մտավորականության հետ ձեռք ձեռքի շտապում են անկենսունակ դարձնել Հայաստանը որպես պետություն: Այդ նպատակով նրանք վերջին չորս տարիներին փաստորեն աշխատում են երկիրը զրկել անկախության ռեսուրսներից՝ ունեցած քաղաքական լծակներից, բացառում նոր լծակների ձեռքբերման հնարավորությունների ստեղծումը: Իսկ այն երկիրը, որը քաղաքական լծակներից զուրկ է եւ նորերը չի ստեղծում՝ դատապարտված է կործանման: Եվ եթե Հայաստանը շարունակի գերի մնալ այս գավառական մտայնությանը, որի այսօրվա կրողներն են պալատական բանաստեղծն ու գրողը, նկարիչն ու մուլտիպլիկատորը, դերասանն ու գիտնականը, գործարարն ու գործիչը, որոնք կոչվում են «ազգային էլիտա» եւ որոնք «այսպիսի անկախություն չէին երազում» (կարծես թե անկախությունը ուրիշ ժողովուրդներ նվաճել են զուռնա-դհոլով ու ճոխ սեղաններով), ապա մեր ժողովրդի ապագան լինելու է այն, ինչ եղել է մինչ 1991-ը՝ երկիր չի լինելու, իսկ «գոյատեւող» ժողովրդի գլխին, ինչպես միշտ, կախվելու են կարմիր ու սպիտակ ջարդերի սեւ ամպերը: բ) Վերադարձ դեպի կողմնորոշումային ճահիճ Այսպես, ուրեմն, օտարի օգնությամբ գոյատեւությունը ժողովրդի նպատակ համարելով, ինքնըստինքյան` մերժվում է անկախությունը, որը պահանջում է ծանր պատասխանատվության ստանձնում: Սրանից խուսափելու համար «ազգային» վերնախավը կողմնորոշվեց օտար տիրապետությունների միջեւ, ի վերջո նախապատվությունը տալով ռուսներին: Կողմնորոշումային քաղաքականությունը դարձավ հայ «ազգային» վերնախավի գործունեության այն ելակետը, որը կանխորոշեց նրա դիրքորոշումները հայ ժողովրդի առջեւ ծառացող մարտահրավերների դեմ հանդիման: Հայերն ունեցան մեկ «հավերժական բարեկամ»՝ Ռուսաստանը եւ անբարյացակամ շրջապատ, որից էլ առանձնացվեց մեկ «հավերժական թշնամի»՝ Թուրքիան: Այսպիսով, նպատակն (գոյատեւությունը) ու միջոցը (օտարի օգնությունը) զուլալվեցին: Դարավոր ծանծաղամտությամբ հայտնի մեր «ազգային» վերնախավն, իհարկե, ի վիճակի չեղավ իր մոտիկ ու հեռու շրջապատի հետ հարաբերությունների մեջ մտնել, շահերն ու իրողությունները զուգորդել, ժողովրդին համբերատարությամբ նախապատրաստել ու հարմար պահին նրան անկախության պայքարի հանել: Ազգի ֆիզիկական անվտանգության պատասխանատվությունը հանձնելով օտարին՝ բնական է, որ օտարն այն օգտագործելու էր իր շահերի թելադրանքով: Թե ինչ եղավ դրանից հետո գոյատեւությունը նպատակ հռչակած ազգի հետ՝ հայտնի է ամբողջ աշխարհին: Քաղաքականության մեջ կողմնորոշումն ունի միայն ժամանակավոր բնույթ եւ լուծում է տվյալ պահի կամ փուլի մարտավարական հարցեր: Որեւէ ժողովուրդ չի կարող իրեն թույլ տալ հավերժորեն գերի մնալ որեւէ ժամանակավոր շահի կամ գաղափարի, որոնք զարգացող իրադրություններում կարող են կաշկանդիչ եւ կորստաբեր գործոններ դառնալ ու հակադրվել իր ռազմավարական շահերին: Ամբողջ աշխարհում ընդունված այս գործելակերպը չընդունեց միայն հայ քաղաքական միտքը՝ շարունակելով գերի մնալ ոսկրացած կողմնորոշումային քաղաքականությանը: Տարօրինակն այն է, որ պարտությունից պարտություն տանող այս քաղաքականությունը դեռ շատ կենսունակ է հայերիս մեջ: Ի դեպ, կողմնորոշումային այդպիսի քաղաքականությունը մերժող եւ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի պետական եւ ազգային շահերից իր քաղաքական դիրքորոշումը ձեւավորող ՀՀՇ-ի իշխանությունը պատմական մի կարճ ժամանակահատվածում լիովին ապացուցեց, որ անկախ քաղաքականության շնորհիվ կարելի է նշանակալի հաջողությունների հասնել չափազանց բարդ, նույնիսկ ներքին եւ արտաքին դրության կատարելապես անբարենպաստ պայմաններում: Իսկ դա հնարավոր էր միայն միջազգային տարբեր ռազմաքաղաքական խմբավորումների միջեւ խուսանավել կարողանալու, նրանց վճռորոշ շահերին չհակադրվելու եւ միջազգային նորմերը չխախտելու միջոցով: Դրա շնորհիվ էր, որ չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերին, հաջողվեց ղարաբաղյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Հայաստանը զերծ պահել այն մտայնությունից, թե Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը հակաարեւմտյան ուղղվածություն ունի: Արեւմուտքն էլ, որի շահերին չէր համապատասխանում ինչպես ռուսական ազդեցության ընդլայնումը Հարավային Կովկասում, այնպես էլ թուրանականության հեռանկարները տարածաշրջանում եւ Կենտրոնական Ասիայում, չքաջալերեց Թուրքիայի հախուռն ներթափանցման փորձը նախկին ԽՍՀՄ-ի թուրքալեզու հանրապետություններ: Տարածաշրջանում հավասարակշռության պահպանման համար Արեւմուտքին 90-ականների սկզբին, որոշ պայմաններում, այժմ էլ, ձեռնտու չէր Հայաստանի ռազմական պարտությունը եւ Ղարաբաղի վերջնական անցումը Ադրբեջանի գերիշխանության տակ: Ռուսաստանը այդ նույն ժամանակ ստիպված էր մի քանի պատճառներով հակվել Հայաստանի կողմը: Ընդգծում ենք՝ ստիպված էր, իր ազգային շահերի թելադրանքով էր միայն հակվել Հայաստանի կողմը: Այդ պատճառներն էին. ա) Հարավային Կովկասում ազդեցության կորստի սպառնալիքը, բ) իսլամի քողի տակ իր մուսուլմանական շրջաններում առաջացող անջատողական շարժումների ընդլայնման վտանգը, գ) Ադրբեջանի վճռականությունը՝ զերծ մնալ ռուսական ռազմաքաղաքական որեւէ ազդեցությունից եւ դեպի Թուրքիա հակվելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել