Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական մենթալիտետն անփոփոխ է

Մարտ 15,2002 00:00

Թուրքական մենթալիտետն անփոփոխ է Հայ կանանց ջանքերով պարզվեց, որ «Հայ եւ թուրք կանանց երկխոսության խումբ»-ի մարտի 4-ին տարածած հայտարարությունը՝ փետրվարի 28-ին ԵԽ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հայտարարության առիթով, բացարձակ սուտ է եւ իրականության հետ ոչ մի կապ չունի։ Նախորդ օրը ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանն էր ահազանգել այս մասին։ Երեկ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը երկրորդեցին հերքումը։ Հայ եւ թուրք կանանց հանդիպումները եւ երկու ժողովուրդների խնդիրների քննարկումները թուրք կանանց նախաձեռնությունն է, եղել եւ վերջին հայտարարությունը հիմք է տալիս Հրանուշ Խառատյանին ենթադրել, որ թուրք կանայք հեռահար նպատակ են ունեցել իրականությունն աղավաղելու։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ հայ եւ թուրք կանայք բավականաչափ հասուն են եւ սեփական խնդիրները կարող են լուծել առանց երրորդ ուժի։ Իրականում Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ իրոք երրորդ ուժի մասին խոսք գնացել է, բայց խոսքը վերաբերել է Թուրքիային՝ որպես երրորդ ուժ, որը շատ ակտիվ միջամտում է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հայ կանայք ժամանակին արտահայտել են իրենց տարակույսն այս առիթով։ Փաստորեն, թուրք կանայք փափուկ բարձ են դրել հայուհիների գլխի տակ, նույնիսկ գործը հասել է այնտեղ, որ թրքուհի պատգամավորը՝ իշխող կուսակցությունից ընտրված պատգամավոր Գյուլնուր Սարայը, հայտարարել է, թե Հայաստանի շրջափակումը վերացնելուց հետո ինքը ցամաքային ճանապարհով է գալու Հայաստան, եւ որ «Մարգարայի կամուրջի բանալին» իր հետ բերելու է։ Հայուհիներն իրենց հերթին պատրաստել են մի փաստաթուղթ, որում ցույց են տալու իրականությունը։ Փաստաթուղթը ուղարկվելու է Եվրախորհուրդ։ Հրանուշ Խառատյանը որպես ազգագրագետ վստահ է, որ ժողովուրդները կայուն մենթալիտետ ունեն, սակայն թուրքերի մասին այս պահին ստիպված է ասել. «Թուրք ժողովրդի ներկայացուցիչները եւս մեկ անգամ կեղծ եւ ստախոս պահվածքով հաստատեցին թուրք ժողովրդի վերաբերյալ բավականին կայուն բնութագիրը»։ Հերմինե Նաղդալյանն իր հերթին նշեց, որ թուրք կանանց պահվածքը իրավունք է տալիս նշել, որ նրանց խոսքն ու գործը տարբերվում է. «Մենք պարզապես ցավում ենք, որ այն հարաբերությունները, որոնք, հնարավոր էր՝ ծավալվեին եւ մեր հասարակություններին երկխոսության բերեին, օգտագործվեցին նման սուտ հայտարարություններով»։ Այնուամենայնիվ, եթե թուրքական կողմից կրկին հրավեր լինի, հայուհիներն ինչպե՞ս կարձագանքեն։ Պարզվում է, մենք ավելի քան լայնախոհ ենք, գուցե՝ չափազանցված, քանի որ Հերմինե Նաղդալյանը չասաց, թե եղածը մեզ համար խրատ կլինի եւ ոչ մի տեղ էլ չենք գնա, այլ ասաց. «Երկխոսությունն անհրաժեշտ է»։ Եթե երկխոսությունն այդքան անհրաժեշտ է համարվում, ինչո՞ւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովն այդպես սվիններով ընդունվեց որոշ քաղաքական ուժերի կողմից։ Հերմինե Նաղդալյանը, որը քիչ առաջ կողմ էր երկխոսության, Հայ- թուրքական հանձնաժողովի մասով կիսում է կառավարության մոտեցումը. «Բոլոր տեսակի երկխոսությունները համարում եմ տեղին, բայց խնդրի լուծման ձեւը համարում եմ պաշտոնական հարաբերությունները պետությունների մակարդակով»։ Այս առիթով Հրանուշ Խառատյանի կարծիքը մի փոքր այլ է. «Կարծում եմ, Հայ-թուրքական հանձնաժողովն արեց մի կարեւոր սխալ (ես հիմա չեմ անդրադառնալու ոչ կազմին, ոչ բովանդակությանը, որ ինձ համար անհասկանալի է), այդ սխալն այն էր, որ նրանք շատ փակ էին։ Շոշափված հարցերի շրջանակը, բանակցության ընթացքը հիմնականում անհասկանալի էին»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել